Հայերեն   English   Русский  

​Ավագ դպրոցի շատ խնդիրներ միջին դպրոցի բացթողումների հետևանք են. Սերոբ Խաչատրյան


  
դիտումներ: 14129

Կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) քննարկում է ավագ դպրոցների ավարտական քննությունները կրճատելու հարցը: Նախատեսվում է, որ 12-րդ դասարանցիները վեցի փոխարեն երեք ավարտական քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից: Աշակերտներն ավարտական քննությունները կհանձնեն դեկտեմբերին, իսկ երկրորդ կիսամյակում իրենց ընտրությամբ կուսումնասիրեն 1-3 առարկա, որոնք անհրաժեշտ են իրենց բուհ ընդունվելու համար: Այսինքն՝ 12-րդ դասարանի ողջ երկրորդ կիսամյակը պաշտոնապես հատկացվելու է բուհերի ընդունելության քննություններին պատրաստվելուն:

Լևոն Մկրտչյանը նաև հայտարարել է, որ փոփոխությունների արդյունավետության դեպքում հետագայում հնարավոր է, որ 12-րդ դասարաններում կրեդիտային համակարգ ներդրվի, որը որոշակիորեն կթեթևացնի բակալավրիատի ծանրաբեռնվածությունը. դպրոցի շրջանավարտը բուհ կգնա որոշակի կրեդիտներով:

Ավագ դպրոցում կատարվող փոփոխությունների անհրաժեշտության ու արդյունավետության մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, ավագ դպրոցում տեղի ունեցող փոփոխությունները որքանո՞վ են թիրախային ու արդյունավետ, և նպաստո՞ւմ են արդյոք ավագ դպրոցի կայացմանը:

- Եթե կարճ ասեմ, իհարկե ոչ: Ես կարծում եմ, որ խնդրին պետք է ավելի շատ համակողմանի նայենք, որովհետև ավագ դպրոցի և ընդհանրապես, դպրոցի խնդիրները շատ ավելի լուրջ են, քան մեզ թվում է: Չէի ուզենա, որ մենք քննությունների կամ կրկնուսույցների հետ կապված ինչ-որ բաներ հարմարեցնելով, փոփոխելով՝ մտածեինք, որ դրանից ավագ դպրոցի կրթության վիճակը կլավանա: Դպրոցի մեկնակետը չպետք է լինեն քննությունները, մենք չպետք է շարունակաբար կրթական համակարգը հարմարեցնենք քննություններին: Օրինակ՝ եթե բուհերը սահմանել են երկու կամ երեք ընդունելության քննություններ, դա չպեք է նշանակի, որ մենք մեր դպրոցական կրթությունը թունելային սկզբունքով պետք է տանենք երկու-երեք առարկայի ուղղությամբ: Անկախ ամեն ինչից՝ մենք պետք է իմանանք, որ դպրոցական կրթության հիմնական նպատակը բազմակողմանի, զարգացած, հանրակրթությամբ՝ հանրագիտարանային կրթությամբ մարդ ապահովելն է:

Այն, ինչ այսօր անում են կրկնուսույցները, վարժեցում է, և նրանք մտահոգված չեն երեխայի ընդհանուր կրթական խնդիրներով: Այսինքն՝ մենք կրկնուսույցին ու պետությանը չպետք է նույն հարթության վրա դնենք: Կրկնուսույցը լուծում է կոնկրետ խնդիր նաև իր ֆինանսական միջոցները բարելավելու նպատակով: Բայց պետությունը չպետք է նույն ձևով մտածի, ասի՝ լավ, գնացեք երեք առարկա կրկնեք կամ սովորեք, որպեսզի լավ հանձնեք քննությունները:

Մենք ունեինք իրականություն, երբ 12-րդ դասարանում ավագ դպրոցի աշակերտները կամ նրանց մեծ մասն ըստ էության կամ դպրոց չէին գնում, կամ գնում էին ու այնտեղ կատարում կրկնուսույցի հանձնարարությունները: Նախարարի այս հրամանով փաստացի իրավիճակն ինչ-որ իմաստով լեգալացվում է:

Այստեղ նախարարության բարի նպատակը հետևյալն է. այս տարբերակով կարող ենք այն աշակերտներին, որոնք կրկնուսույցի մոտ չեն գնում, քանի որ չունեն այդ հնարավորությունը, դպրոցում ուսուցչի մոտ մեկ կիսամյակ պարապելու հնարավորություն տալ, որպեսզի կարողանան բուհ ընդունվել:

Այս իմաստով ինչ-որ դրական բաներ կարելի է տեսնել, բայց մենք պետք է նաև հասկանանք, թե աշակերտներն ինչու են գնում կրկնուսույցի մոտ: Արդյոք պատճառն այն է, որ դասաժամերը քի՞չ են: Երբ նայում ենք ավագ դպրոցի հոսքային ուսումնական պլանը, տեսնում ենք, որ այն հնարավորություն է տալիս աշակերտին իր նախընտրած առարկան, 10-րդ դասարանից սկսած, շաբաթական 8 ժամ ուսումնասիրել: Նշանակում է՝ կրկնուսույցի մոտ գնալու պատճառը ժամաքանակը չէ:

Իմ կարծիքով՝ կա երեք հիմնական պատճառ. առաջինն այն է, որ աշակերտները միջին դպրոցում լավ չեն յուրացնում առարկան, ինչի հետևանքով արդեն ավագ դպրոցում դասավանդածը չեն հասկանում: Իսկ կրկնուսույցները սկսում են պարապել զրոյից: Ես միշտ ասել եմ, որ ավագ դպրոցի շատ խնդիրներ միջին դպրոցի բացթողումների հետևանք են:

Երկրորդ՝ մեր քննական համակարգը թեստային է, որը պահանջում է մեխանիկական հիշողություն: Քանի որ մեր աշակերտները մեծ մասամբ ինքնակազմակերպման հմտություններ չունեն, նրանց պետք է մեկը, որ ստիպի շտեմարանը սերտել: Դպրոցում ուսուցիչն աշխատում է 20-30 աշակերտի հետ, չի կարող բոլորին խիստ հետևել, ուստի գնում են կրկնուսույցի մոտ:

Երրորդ պատճառը՝ կրկնուսուցումը բիզնես է և, բնականաբար, դրա հետևում մարդիկ են կանգնած: Ինչքան էլ ասենք, որ շտեմարանները համապատասխանում են դպրոցական ծրագրերին, ինչը ճիշտ է, միևնույն է, շտեմարաններում միշտ դրվում են որոշակի նրբություններ, ծուղակներ, որոնք ստիպում են աշակերտին գնալ մասնագետի մոտ: Շտեմարաններ գրող մարդիկ իրենք էլ կրկնուսույց են և շահ ունեն այդտեղ:

Ինչ վերաբերում է քննությունների պակասելուն, այնպես չէ, որ առաջ աշակերտներն այդ վեց առարկաները սովորում էին. մենք գիտենք, թե դպրոցներում ինչպես են կազմակերպվում քննությունները: Բայց կարծում եմ, որ այդտեղ կարող ենք որոշակի կորուստ ունենալ: Հաճախ ոչ քննական առարկաները դառնում են երկրորդական առարկա, օրինակ՝ այսօր մեր դպրոցներում «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Հասարակագիտություն» ու մի շարք այլ առարկաներ անտեսված են, որովհետև քննական չեն:

- Ներկայումս ավագ դպրոցում ձեռնարկվող բոլոր քայլերն ուղղված են նրան, որ կրկնուսույցների դերը փոքրանա: Արդյոք ավագ դպրոցի դերը կրկնուսույցին փոխարինե՞լն է: Եվ ընդհանրապես, ո՞րն է ավագ դպրոցի դերը:

- Ընդհանրապես, երբ 8-9 տարի առաջ ավագ դպրոցները ստեղծվում էին, հիմնական թեզը դա էր՝ երբ ստեղծենք ավագ դպրոցներ, կրկնուսույցների խնդիրը կլուծվի: Բայց պետք չէ կրկնուսույցների դեմ պայքարել, կրկնուսուցումը որոշակի տրամաբանությամբ գործող ինստիտուտ է, իսկ դպրոցն ուրիշ խնդիրներ պետք է լուծի: Ավագ դպրոցները ոչ մի կապ չունեն կրկնուսույցների հետ: Ավագ դպրոցը պետք է շարունակի հանրակրթական ֆունկցիան, այսինքն՝ պետք է աշակերտի մտահորիզոնն ընդլայնի, ապահովի քաղաքացիական կրթությունը՝ լավ քաղաքացիներ պատրաստելով: Հաջորդը, անշուշտ, մասնագիտական կողմնորոշումն է: Բայց մասնագիտական կողմնորոշում ասելով՝ ես հասկանում եմ ոչ թե երեխային մի քանի քննական առարկա սովորեցնելը, այլ որ երեխան հասկանա՝ եթե ինքը գնում է բժշկության ուղղությամբ, դա իրե՞նն է, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ դպրոցը կարողանա օգնել երեխային, որ դպրոցից հետո գտնի այն ճիշտ շարունակությունը, որ իրենն է:

Օրինակ՝ ԱՄՆ-ի դպրոցներում կան խորհրդատուներ, որոնք աշակերտներին ներկայացնում են, թե որ մասնագիտությամբ խորանալու դեպքում ինչ ռիսկեր կան, ինչ հատկանիշներ են պահանջվում, ինչ որակներ պիտի ունենա այդ մասնագետը, որպեսզի երեխան, անկախ քննություններից, տեսնի՝ դա իրենն է, թե իրենը չէ: Սա է կարևորը, սա է ավագ դպրոցի խնդիրը: Միայն վերջին տեղում կդնեի ավարտական կամ ընդունելության քննություններին պատրաստելը:

- ԱՄՆ-ից խոսեցիք: Իսկ միջազգային փորձն ինչպիսի՞ն է, այլ երկրներում ավագ դպրոցն ի՞նչ դեր է կատարում ու ինչպիսի՞ն է ավագ դպրոցի մոդելն ուրիշ երկրներում:

- Շատ տարբեր չի մեզանից, բայց մի կարևոր տարբերություն կա: Զարգացած երկրներում ավագ դպրոցները շատ լուրջ ֆինանսավորում են ստանում. կան ավագ դպրոցներ, որոնց տարեկան բյուջեն համապատասխանում է մեր մի քանի տասնյակ ավագ դպրոցների բյուջեին: Առանձին ավագ դպրոց պահելը շատ թանկ հաճույք է, որովհետև պետք է ապահովես հոսքային կրթություն, բարձրակարգ մասնագետներ բերես: Սա ամենակարևոր հարցերից մեկն է՝ ի՞նչ ենք անում մենք, որպեսզի Հայաստանի ավագ դպրոցներն ունենան շատ լավ տնօրեններ և ուսուցիչներ, արդյոք ջանք գործադրվո՞ւմ է այդ ուղղությամբ:

- Երբ անցնում էինք ավագ դպրոցի համակարգին, բնականաբար գիտեինք, որ այն մեծ ֆինանսական ներդրում է պահանջում, հավանաբար նաև գիտեինք, որ չենք կարողանա այդքան ներդրում կատարել, հետևաբար, ի՞նչ էինք ակնկալում, ինչպիսի՞ն պետք է լիներ հայկական ավագ դպրոցը:

- Լավ հարց եք տալիս: Մենք հաճախ հետ չենք նայում, թե ինչու այսպես եղավ:

Պատճառը հետևյալն է. երբ ավագ դպրոցների ծրագիրը ներդրվեց, Հայաստանի ընդհանուր ֆինանսական վիճակը դեպի աճ էր գնում: Դա մոտ 10 տարի ատաջ էր, երբ ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը բարձրանում էր, և Հայաստանը նախատեսում էր մինչև 2015-2020 թվականները ուսուցչի աշխատավարձը հասցնել մինչև 400 դոլարի: Նաև 150 ավագ դպրոց պետք է լիներ, այսօր 110 էլ չկա: Ավելին ասեմ, նրանք պետք է ավելին վճարվեին, բայց այսօր շատ դպրոցներ դա էլ չեն կարողանում ապահովել, որովհետև աշակերտներ չունեն: Փաստաթղթերով նախատեսվում էր, որ հիմա ավագ դպրոցներում պետք է սովորի շուրջ 100 հազար աշակերտ: Որտեղի՞ց ավագ դպրոցներին այդքան աշակերտ, եթե ողջ Հայաստանում աշակերտների թիվը մոտ 360 հազար է: Ամեն տարի տալիս ենք մոտ 30 հազար շրջանավարտ, բայց նրանց մեծ մասը գյուղերի դպրոցներում է սովորում, որտեղ ավագ դպրոցներ չկան: Նաև քոլեջներին արտոնություններ տրվեցին, բուհերին կից ավագ դպրոցներ ստեղծվեցին, ինչի պատճառով սովորական ավագ դպրոցները ոչ մրցունակ դարձան:

Այսինքն՝ ֆինանսական և դեմոգրաֆիական հաշվարկները սխալ են արվել: Մենք լավ չենք կարողանում պլանավորել, մի բան որ սկսում ենք, չենք կարողանում մինչև վերջ տանել:

- Եթե սխալ ենք սկսել ու ծուղակում ենք հայտնվել, ապա ելքը ո՞րն է: Հնարավո՞ր է արդյոք հետքայլ:

- Ոչ, հետքայլը մեծ ցնցում է լինելու: Ընդհանրապես Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որ չես կարողանում մի բանի կպչել: Եթե մեկը գա ու լավ մտադրությամբ փորձի մի բան փոխել, շուռ է գալու իր գլխին: Ուստի մենք հիմա փորձում ենք փոփոխությունների իմիտացիա ստեղծել, քան իրական փոփոխություններ անել: Իսկ այսօրվա մեր հիմնական խնդիրն է փոխել երեխայի վերաբերմունքը կրթության նկատմամբ, նրանք չեն սիրում սովորել այս ձևով, ուստի մի բան պետք է մտածել:

- Իսկ ավագ դպրոց-բակալավրիատ կապի ձևավորումը կնպաստի՞ խնդրի լուծմանը և կբարձրացնի՞ ավագ դպրոցների մրցունակությունը:

- Սա ներդրում պահանջող ծրագիր է, ինչպես նաև ցնցում է բուհերի համար: Սա ենթադրում է, որ բուհերում հանրակրթական առարկաների ժամերը պակասելու են, իսկ դա նշանակում է, որ բուհերը, որոնք այսօր ծայրը ծայրին հազիվ են հասցնում և 75 տոկոսով կախված են ուսանողների վարձավճարներից, նոր խնդիրների առաջ են կանգնելու: Ուստի կարևոր է հասկանալ՝ սրանով հա՞րց ենք լուծում, թե՞ ոչ:

Մի կարևոր բան էլ ասեմ. Հայաստանը կրթության մեջ հետևող երկիր է: Նայում ենք առաջատար երկրներն՝ ինչ են անում, ու կրկնում ենք: Դպրոցական կրթության մեջ այս պահին անորոշ վիճակ է, առջևից գնացող չկա, բոլորը նոր մոդելի մասին են մտածում: Այն, ինչ գիտենք ու կարողանում ենք անել, շատ դեպքերում երեխաներին պետք չէ, իսկ թե ինչ է պետք՝ չգիտենք: Գլոբալ առումով կրթական համակարգն այս վիճակում է, և Հայաստանը սպասում է, որ տեսնի՝ ինչ են անելու ուրիշները, որ ինքն էլ անի, իսկ քանի դեռ ոչինչ չկա, ինչ-որ բաներ ենք անում, որոնք ինքներս էլ գիտենք, որ բան չեն փոխելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: