Հայերեն   English   Русский  

​Իշխանությունը քաղաքացուն իր նմուշով պետք է ցույց տա, որ անկախ երկիրը լավն է. Արամ Մանուկյան


  
դիտումներ: 6686

«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցը 1-ին գումարման ԳԽ, 1-ին և 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն է:

- Պարո՛ն Մանուկյան, այս տարի նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կնշեք:

- Մեր անկախությունը Արևելյան Եվրոպայի երկրների անկախությունների շարունակությունն էր, որին հաջորդեց նաև Սովետական Միության երկրների անկախության շքերթը: Հայաստանցիները հանկարծ չորոշեցին, որ հասունացել է պահը, ու գնացին անկախության: Մենք համաշխարհային գործընթացների մասնակից ենք, և շատ լավ է, որ նաև հաշվի առնելով այդ ամենը՝ մեր անկախության գործընթացի կազմակերպիչները խելամիտ, հավասարակշիռ քայլերով հասան 1990-ի օգոստոսին և 1991-ի սեպտեմբերին:

Փլուզվում էր Սովետական իմպերիան, և Հայաստանի խնդիրն էր չմնալ փլատակների տակ, ճիշտ պահին ճիշտ ձևով անկախանալ՝ չկատաղեցնելով կենտրոնին և պահպանելով Հայաստանի ժողովրդի կամքը: Այս հեռավորությունից կարող եմ ասել՝ փառք Աստծո, գործընթացը ճիշտ կազմակերպվեց, և 88-ի համազգային շարժումը դարձավ ռեալություն 90 թվականին, մենք կարողացանք խաղաղ ընտրություններով մեծամասնություն կազմել խորհրդարանում: Բայց մենք խորհրդարան մտանք ոչ բացարձակ մեծամասնությամբ, և եթե չլինեին Տեր-Պետրոսյանի խոհեմ քայլերը՝ նա չէր ընտրվի խորհրդարանի նախագահ: Տեր-Պետրոսյանի՝ ԳԽ նախագահ ընտրվելը հնարավորություն տվեց ստեղծելու այն հրաշք փաստաթուղթը, որը կոչվում է «Հայաստանի անկախության հռչակագիր»: Սա լրջագույն փաստաթուղթ է, լավագույն փաստաթուղթը, որ եղել է մեր անկախության 25-ամյա շրջանում:

Այդ խորհրդարանն էր նաև, որ որոշեց՝ միայն Գերագույն խորհուրդը չէ, որ պետք է երկրի անկախությունն ավետի: Ընդունվեց որոշում, որ պետք է տեղի ունենա հանրաքվե, որի միջոցով հայ ժողովուրդը պետք է իրավական տեսք տա անկախությանը: Դժվար էր այդ ժամանակ նման որոշումներ կայացնել, դժվար էր նաև հռչակագրի ընդունումը, քանի որ Սովետական Միությունը դեռևս կար իր բոլոր ուժային կենտրոններով:

Սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվեն, որին մասնակցեց 2 միլիոն 40 հազար մարդ: Երկու միլիոնից ավելի մարդ «այո» պատասխանեց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ և ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցին:

Հետո եղավ Տեր-Պետրոսյանի ուղերձը աշխարհի երկրների ղեկավարներին, և մենք շուրջ տասը պատգամավորներով գնացինք Մոսկվա. բոլոր դեսպանություններն այնտեղ էին: Չորս-հինգ օրվա ընթացքում եղանք շուրջ 100 դեսպանատներում և ներկայացրինք Տեր-Պետրոսյանի ուղերձն այդ երկրների ղեկավարներին առ այն, որ Հայաստանն այլևս անկախ պետություն է, և դիմում ենք այդ երկրներին՝ ճանաչելու Հայաստանի անկախությունը: Շատ չէր անցել, երբ սկսվեց Հայաստանի անկախության ճանաչման շքերթը: Դրան նպաստել էին նաև հանրաքվեին մասնակցած շուրջ 130 դիտորդների արձագանքները, որոնք օգնեցին միջազգային հանրությանը գնահատելու Հայաստանի անկախության հանրաքվեն որպես իրավաբանորեն ճշգրիտ և քաղաքացիների կամքն արտահայտած ակցիա: Դրա շնորհիվ էր, որ շատ արագ դարձանք միջազգային կառույցների անդամ, միջազգային ընտանիքի հավասարազոր անդամ, և սկսվեց Հայաստանի անկախության գործընթացը: Սա ժողովրդի բոլոր շերտերի մասնակցությամբ ակտ էր, պատմական իրադարձություն, որը հավերժ կմնա պատմության մեջ:

Գերագույն խորհրդի գործունեության ընթացքում ընդունվեց 500 օրենք, աննախադեպ ու կարևորագույն օրենքներ, որոնց հիմքը դրված էր անկախության հռչակագրի 12 կետերի 40 դրույթներում: Դրանք ինստիտուցիոնալ, համամարդկային և քաղաքակրթական նորմեր էին, որոնք մենք ընդունեցինք: Դա ես համարում եմ պատմական հաջողություն: Դրան գումարեք Ղարաբաղում տարված հաղթանակները: Աներևակայելի է ունենալ ռազմական հաջողություններ և միաժամանակ տնտեսական ռեֆորմներ անցկացնել: Դրան գումարվել էր նաև երկրաշարժի ծանր բեռը, որը քանդել էր Հայաստանի մեկ քառորդը:

Չկա որևէ այլ երկիր, որ շրջափակման, պատերազմի ու երկրաշարժի հետևանքներին զուգահեռ՝ ռեֆորմներ իրականացրած լինի:

Աստված տվել էր մեզ այդ գործընթացը կազմակերպելու նախախնամությունն այդ դժվարագույն պայմաններում՝ շրջափակում, երկրաշարժից քանդված, ավերված Հայաստան, ամենօրյա զոհերով պատերազմ և գումարած տնտեսական-քաղաքական ռեֆորմներ: Այս գործընթացն իրականացրած անձինք հերոսներ են, և՛ Ղարաբաղ կոմիտեն, և՛ առաջին խորհրդարանը, և՛ այդ տարիներին բոլոր այդ գործընթացները կազմակերպողները:

Բնականաբար, կարելի է խոսել նաև թերությունների ու ձախողումների մասին: Դրանք եղել են, չէին կարող չլինել, որովհետև այդ ամենն իրականացրել են մարդիկ, որոնք կարող էին հոգնել, կարող էին իշխանությունն օգտագործել սեփական կարիքների համար, կարող էին սխալվել, մոլորվել: Այդ ամենը եղել է, բայց ամենևին այն քանակի չի եղել, որ մեր անկախության գործընթացը դրա պատճառով կորսվեր:

Այն, որ ինստիտուտները, որոնք անհրաժեշտ են անկախության համար, կայացել են, փաստ է: Փաստ է նաև, որ երբեմն ի չարս են օգտագործվում այդ ինստիտուտները, և դա մարդկանց հասցնում է հուսահատության, թևաթափության: Անկախությունը չէ, ինստիտուտները չեն մեղավոր, այլ այն մարդիկ, որոնք համը հանել են ու սպանել են քաղաքացու հավատն ու հույսը:

Այսինքն՝ բնականաբար կան կորուստներ, իսկ վերջին տարիներին առավել ևս՝ իշխանավորները միայն իրենց փորի մասին են մտածում, աղքատ երկրում միլիարդներ են կուտակում, քաղաքացին էլ ակամայից դա կապում է անկախության հետ: Սա կորուստ է, որը վնասում է անկախությունը: Որովհետև, եթե քաղաքացին չսիրի ու չպաշտպանի անկախությունը, այն կկորչի: Երկրներ են եղել, որ այդ ճանապարհին վերջացել են:

- Իսկ անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը:

- Շատ պարզ ու հասարակ՝ ինչպես բոլոր երկրներինը, ինչպիսին այսօր եվրոպական երկրներն են, ինչպես գոնե այսօր Չեխիան է, Հունգարիան, Էստոնիան: Մենք չենք ստեղծագործել երկիր, որը չկար աշխարհում:

Մեր ուզածը դա էր, որ լինի ժողովրդավար Հայաստան, որ պաշտոնյան դժվարությամբ գնա պաշտոնի, որովհետև դա պատասխանատվություն է, ոչ թե վայելելու միջոց: Մենք ձգտում էինք ունենալ քաղաքացու համար վստահելի ու կանխատեսելի, ապրելու համար նպաստավոր և հեռանկարով երկիր:

- Երբեն անկախության տարիների բացթողումները մեկնաբանելիս ասվում է, որ 1991-ին հայությունը պարզապես պատրաստ չէր անկախության: Ձեր գնահատմամբ՝ այն ժամանակ որքանո՞վ էինք պատրաստ անկախության:

- Թող որևէ մեկը չասի, թե մենք այլ ազգերից պակաս ենք կամ վատը: Մենք արդեն ինտեգրվող ազգ էինք ու միշտ եղել ենք: Աշխարհի բոլոր երկրներում այսօր հայեր կան, և հայից ավելի լավ ինտեգրվող, աշխարհին տվող-առնող ազգ չկա:

Մենք արդեն աշխարհի մասն էինք, և անկախությունը հնարավորություն էր տալիս դուրս գալու սեփական խեցուց ու շփվելու աշխարհի հետ, լինելու արժանապատիվ երկիր ներկայացնող ազգ ու իշխանություն: Գումարած դրան՝ մեր ժողովրդի 99 տոկոսը կողմ քվեարկեց չէ՞, անկախությանը: Մենք վեց ամիս շարունակ ասում էինք, որ բարդ է լինելու, չէինք ասում, որ մանանա է թափվելու: Ասում էինք, որ դժվար ու տառապագին աշխատանք է սպասվում, և ժողովուրդը գիտակցելով եկավ ու քվեարկեց: Դրան հաջորդեց մյուս տառապանքը՝ Ղարաբաղյան պատերազմը: Ինչպե՞ս հաղթեցինք: Որովհետև քաղաքացին վստահում ու պայքարում էր, կամավորական ջոկատներն էլ, դեռ բանակ չունեցած, եկան ու տեր կանգնեցին իրենց երկրին: Այն ամենը, ինչ քաղաքացուց ու ժողովրդից է կախված, իրենք իդեալական ձևով են իրականացրել: Եթե ինչ-որ բան չի կատարվել, ապա իշխանությունների մեղքով է: Վերջին բոլոր ընտրություններում ժողովուրդն ընտրում է ուրիշին, կուսակցությունը կամ իշխանությունը չեն կարողանում պահել այդ ձայնը կամ խեղաթյուրում են արդյունքները:

Հայաստանի հասարակությունը միշտ եղել է անկախության կողմ և այդ գործն արել է նամուսով: Որևէ մեկը թող չհամարձակվի ասել, թե անկախությունը մեզ նվեր տվեցին, մենք դեռ չէինք հասունացել:

- Ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

- 20 տարի է՝ մենք շեղված գնում ենք այդ ճանապարհով, որովհետև իշխանության գլխին են կոմպլեքսավորված մարդիկ, որոնք այդ արժեքը չեն սիրում. իրենք ապրել են ուրիշ երկրում ու ուրիշ պայմաններում, սիրում են ուրիշի իշխանությունը, դրա համար էլ չեն քարոզում այդ արժեքը: Դա է մեր վնասը՝ իշխանավորի կախյալ, ստրուկ լինելը: Իսկ իշխանավորը պետք է օրինակ լինի, ինչպես ծնողը, ուսուցիչը: Իշխանությունն իր քաղաքացուն իր նմուշով պետք է ցույց տա, որ անկախ երկիրը լավն է:

- Իսկ ներկայում մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը ո՞րն եք համարում:

- Ձեռքբերումների կորուստը, որ կարող է լինել: Նկատի ունեմ Ղարաբաղը և ժողովրդավարության կորուստը, որ մենք ունենք: 95 թվականին մենք համարվում էինք Հարավային Կովկասի ամենադեմոկրատ երկիրը, միջազգային կառույցները Հայաստանը համարում էին ժողովրդավարության կղզյակ տարածաշրջանում: Մենք այդ արժեքը կորցրել ենք, և կորչելու վտանգի առաջ են նաև այն հաջողությունները, որ ունեցել ենք Ղարաբաղում:

- Արցախի մասին. քառօրյա պատերազմը մեծ փորձություն էր մեր երկրի համար: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս հաղթահարեցինք այդ փորձությունը, ի՞նչ դասեր պետք է քաղենք տեղի ունեցածից և ի՞նչ քայլեր ձեռնարկենք:

- Իշխանությունների վերջին 15 տարիների կատարած աշխատանքի կատալիզատոր էր: Եվ ցույց տվեց, որ մի օր պայթելու է այդ լափելու մարմաջի հետևանքը: Դա էր եզրակացությունը: Բայց կարծես թե դրանից հետո էլ իշխանությունները լուրջ եզրակացություններ չեն անում: Հետևաբար, այդ սպառնալիքը մնում է: Եվ եզրակացությունը կարող է լինել մեկը՝ իշխանությունից, որը եզրակացություն չի անում այդ ծանր դեպքերից, որը կարող է լինել շարունակական և ավելի վատ հետևանքներով, շատ արագ պետք է ազատվել: Եթե իրենք չեն զգում և կամավոր չեն գնում՝ պետք է իշխանափոխության խնդիր լուծել: Իհարկե, նախընտրելի է խաղաղ իշխանափոխությունը, լավագույն տարբերակը ընտրություններով իշխանափոխությունն է, դա ավելի երաշխավորված ու կայուն արդյունք է բերում: Այն ժամանակ ինչո՞ւ հանրաքվեի գնացինք, քանի որ քվեով արված իշխանափոխությունը ամենակայուն իշխանափոխությունն է, իսկ զենքով արված իշխանափոխությունը միշտ կարող է զենքով փոփոխվել: Այնպես որ, կարծում եմ, պատասխանը հետևյալն է. դեռևս եզրակացություններ չեն արել իշխանությունները կամ էլ չեն զգում այն վտանգը, որը կարող է Հայաստանի գլխին կանգնած լինել, չունեն այդ պատասխանատվության զգացումը:

- Պարո՛ն Մանուկյան, իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

- Ես պեսիմիստ չեմ: Կարծում եմ՝ առաջիկայում՝ խորհրդարանական ընտրություններում կլինի հաջողություն, խորհրդարան կմտնեն առողջ, անկախական, սթափ, ոչ պոպուլիստ ուժեր: Հայ ժողովուրդն ավելի ուժեղ է, քան իշխանությունների ախորժակն է: Ժողովուրդն իր կամքով կհաղթի որկրամոլությանը, և մենք կունենանք նորմալ, այդ ճանապարհով անցած երկրների նման երկիր: Վստահ եմ, որովհետև մեր ժողովուրդն արժանի է դրան, ունի ունակություններ և գալիս է սերունդ, որը կապված է աշխարհի հետ, որին չես կարող մեկուսացնել: Ի վերջո, կունենանք նորմալ Հայաստան, սովորական, սիրելի, ապրելու համար հարմար Հայաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: