Հայերեն   English   Русский  

Ա.Ռոմանովսկի. «Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտն ինձ շատ հոգեհարազատ է»


  
դիտումներ: 1611

«Ես շնորհակալ եմ այն բանի համար, որ ինձ առաջարկեցին սովորել Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Ինձ համար ես հայտնաբերեցի շատ հոգեհարազատ երաժշտություն։

Խաչատրյանը, առանց չափազանցության, հանճարեղ կոմպոզիտոր է։ Այդ կոնցերտի յուրաքանչյուր նոտայում առկա է հսկայական իմաստ։ Դա իսկապես հրաշալի երաժշտություն է, որը մեծ պահանջարկ ունի ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև ամբողջ աշխարհում։ Մեծագույն երաժիշտներ ու նվագախմբեր են կատարել ու կատարում Խաչատրյանի այդ ստեղծագործությունը, որի մեջ վառ արտահայտված են ազգային երաժշտության տարրերը»,- հոկտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց աշխարհում մեծ ճանաչում ունեցող դաշնակահար, միջազգային բազմաթիվ մրցույթների հաղթող Ալեքսանդր Ռոմանովսկին։

Վերջինս Հայաստանում է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ Ռոմանովսկին կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը նա սովորել է հատուկ խաչատրյանական փառատոնի համար։

Ա. Ռոմանովսկին նշեց, որ ընտրում և կատարում է այն ստեղծագործությունները, որոնք իրեն հոգեհարազատ են։ Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրում է ապագայում ավելի խորությամբ ուսումնասիրել Խաչատրյանի երաժշտությունը և բացահայտել հայ մյուս կոմպոզիտորների արվեստը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերից կյանքի կոչված Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը շարունակվելու է մինչև դեկտեմբեր։ Լրագրողների այն հարցին՝ արդյոք ծանր չէ՞ երեք ամիս շարունակ խիտ գրաֆիկով համերգներ ունենալ, Հայաստան հրավիրել և ներկայացնել մեծագույն վարպետների, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատասխանեց, որ նվագախմբի երաժիշտները հոգեկան բավարարվածություն են ստանում, երբ տեսնում են աշխատանքի արդյունքը։ «Մեծագույն երաժիշտներ են ժամանել և դեռ ժամանելու են Երևան։ Երաժշտասեր հանրությունը սիրել է Խաչատրյանի անվան փառատոնը։ Արամ Խաչատրյանը մեծ հայ կոմպոզիտոր է, և մենք նաև պետք է հասկանանք, որ Արամ Խաչատրյանի անունը մեզ օգնում է աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը։ Այդ անունը նաև օգնում է անցյալի, ներկայի և ապագայի արժեքները շաղկապել»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 19-ի համերգը նվիրվում է անվանի դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի 70-ամյա հոբելյանին։ Համերգի ընթացքում, Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտից բացի, Հայաստանի պետական երիտասարդական նվագամխբի կատարմամբ կհնչի նաև Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: