Հայերեն   English   Русский  

«Տեսա Վլադիկին` սև հագուստով, կացինը ձեռքին». ի՞նչ է պատմում դժոխքի միջով անցած Թագուհին


  
դիտումներ: 9950

Օրեր առաջ պատահաբար մի երիտասարդ կնոջ հանդիպեցի ու զրույցի ընթացքում հետաքրքրվեցի, թե ինչու է գլխաշոր կապում: Ասաց` արևից է պաշտպանվում, գլուխը վնասված է, վիրահատության է ենթարկվել ու դեռ էլի պիտի վիրահատվի, արևի ճառագայթները վտանգավոր են: Հետո տխուր աչքերով նայեց ինձ ու ասաց. «Ես էն աղջիկն եմ, որ ամուսինը կացնով հարձակվել էր, մորս սպանել, ինձ ու հորս էլ ծանր վիրավորել: Հիշո՞ւմ եք էդ դեպքը»:

Ինչպե՞ս կարող էի չհիշել: Դա մի ահավոր պատմություն էր, որ հուլիսի 8-ին ցնցեց ողջ հանրությանը, իսկ գազանաբար կացնով խոշտանգված հոր ու դստեր լուսանկարներն ու 64-ամյա մոր արնաշաղախ դիակի լուսանկարները ողողեցին համացանցը:

Image result for Թագուհի ՄանսուրյանԹագուհի Մանսուրյանը մատնահարդար-դիմահարդար է: Աշխատանքի էր շտապում: Հասկացա, որ շատ ուժեղ կին է, այդ սարսափելի դեպքից նոր է հիվանդանոցից դուրս գրվել ու դեռ ուժ է գտել գիշեր-ցերեկ աշխատելու, որ 2 տարեկան որդուն ու հիվանդ հորը խնամի:

Պատմեց իր ոդիսականը` հետ գնալով դեպի այն չարաբաստիկ օրը, երբ հանդիպեց նախկին ամուսնուն` Վլադիկ Մարտիրոսյանին ու «աչքերը փակ» ամուսնացավ նրա հետ:

Ամուսնության հենց սկզբում էլ կյանքը հարթ չէր, բռնության նախանշաններ կային ամուսնու կողմից` թե՛ հոգեբանական և թե՛ ֆիզիկական: Ամուսինը Երևանում բնակարան չուներ, Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանից էր: Երիտասարդ ամուսիններն ապրում էին վարձով, և միայն Թագուհին էր աշխատում, ամուսինն օրերով նստուն էր տանը, համակարգչի առջև: Թագուհու ծնողների և ամուսնու հարաբերությունները, մեղմ ասած, հենց սկզբից ջերմ չէին, քանի որ ծնողները, տեսնելով փեսայի վերաբերմունքն իրենց աղջկա նկատմամբ, փորձում էին պաշտպանել նրան, հարթել ընտանեկան խնդիրները: Բանը հասնում է նրան, որ ամուսինն արգելում է Թագուհուն շփվել ծնողների հետ: Ավելին, արգելում է նաև աշխատել` վիճաբանելով Թագուհու տնօրենի հետ ու վերջինիս դանակով սպառնալով, երբ տնօրենը, մշտապես ականատես լինելով նրանց հեռախոսային վեճերին, մի օր ամուսնուն զգուշացնում է, որ ընտանեկան վեճերը լուծեն տանը, աշխատանքից հետո:

Թագուհին այդ ժամանակ արդեն հղի էր, և լարվածությունից հղիությանը վտանգ էր սպառնում: Նա ստիպված աշխատանքից դուրս է գալիս, որպեսզի վիճակն էլ ավելի չբարդացնի: Եվ քանի որ այլևս չէր աշխատում, բնակարանի վարձը չէին կարող տալ, տեղափոխվում են Թագուհու ծնողների տուն: Թագուհին ու հայրը` Վաչագան Մարտիրոսյանը, որը քանդակագործ-մանկավարժ է, աշխատում էին, ամուսինը շարունակում էր գործազուրկի կարգավիճակում նստել տանը, իսկ ընտանեկան վեճերն ավելի ու ավելի հաճախակի էին դառնում: Վլադիկն արդեն ձեռք էր բարձրացնում հղի կնոջ վրա:

Մի օր էլ ծնողների ու փեսայի վիճաբանությունը հասնում է նրան, որ վերջինս կնոջն ասում է, որ պետք էImage result for Թագուհի Մանսուրյանտեղափոխվեն առանձին ապրելու: Ուշ երեկոյան Թագուհուն խաբելով, թե իբր առայժմ գնում են Երևանում բնակվող իր հորեղբոր տուն՝ վերցնում է Թագուհու հոր մեքենան ու քշում դեպի Քաշաթաղ: Մինչ այդ գրավ է դնում կնոջ մատի ոսկե մատանին, որը, ի դեպ, Թագուհու ծնողներն էին նվիրել ամուսնության առթիվ: «Ես հղի էի, ոչինչ անել չէի կարող, անգամ չէի կարող մեքենայի դուռը բացել ու ինձ դուրս գցել: Կարելի է ասել` ինձ առևանգեց, բայց երբ դիմում ներկայացրի ոստիկանություն ու էդ ամենը պատմեցի, ինձ ասացին` քանի որ ամուսիններ եք, դա առևանգում չի կարող դիտվել»:

Հասնում են Քաշաթաղ` ամուսնու ծնողների տուն: Թագուհին, որ արդեն հեռու էր իր ծնողներից և որևէհարազատի, բարեկամի ու ընկերոջ հետ կապ չուներ, անելանելի վիճակում էր. ո՛չ գումար ուներ, որ փախչեր, ո՛չ էլ իր վիճակն էր թույլ տալիս գործուն քայլեր ձեռնարկել, բացի այդ, չէր ուզում երեխային վնասել: Ստիպված համակերպվում է նոր իրավիճակին` փորձելով լեզու գտնել ամուսնու ու նրա հարազատների հետ:

Այդ ժամանակ ամուսինն ու նրա ծնողները ստիպում են, որ զագսավորվի Վլադիկի հետ: Թագուհին հետո է պարզում, որ արագ զագսավորման պատճառը պետությունից տրվող միանվագ 300 հազար դրամն էր, որը Քաշաթաղում իրականացվող պետական ծրագիր է: Գումարի կեսը ամուսնու անունով է, կեսը` կնոջ: Բնականաբար, Թագուհուն ոչինչ չի հասնում: Այդքանով չբավարարվելով` արագ-արագ նաև իրեն որպես հղի հաշվառում են տեղի պոլիկլինիկայում, որպեսզի կարողանան վերցնել նաև մինչև երեխայի ծնունդը պետությունից տրվող 230 հազար միանվագ նպաստը: Դա էլ են վերցնում: Իսկ երբ պարզվում է, որ Թագուհին հնարավոր է` ծննդաբերեր կեսարյան հատման միջոցով, ինչն անհնարին էր Քաշաթաղի հիվանդանոցում, նա խնդրում է, որ իրեն տեղափոխեն Երևան: Ամուսինն ուղարկում է, բայց մի պայմանով. պետք է ապրի առանձին և որևէ կապ չունենա ծնողների հետ: «Ես վարձով էի ապրում: Ինձ էնտեղից անընդհատ կոնտրոլ էին անում, որ հանկարծ ծնողներիս հետ չհանդիպեմ, չխոսեմ»:

Որոշ ժամանակ անց Թագուհու մոտ հղիության հետ կապված խնդիրներ են առաջանում, և նա տեղափոխվում է հիվանդանոց: Զանգում է ամուսնուն ու նրա ծնողներին, բայց նրանք ասում են, որ չեն կարող գալ ու իրեն խնամել: «Հասկանալով, որ անիմաստ է նրանց վրա հույս դնելը, զանգեցի ծնողներիս, նրանք եկան, ինձ խնամեցին, իսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեղափոխվեցի մեր տուն»:

Երբ երեխան արդեն պիտի լույս աշխարհ գար, Թագուհին զանգում է ամուսնուն ու տեղյակ պահում: Սակայն թե՛ ամուսինը, թե՛ ծնողները Քաշաթաղից չեն գալիս Երևան: Մի քանի օր անց ժամանում են հիվանդանոց և կարճ ժամանակ մնալուց հետո հեռանում` ասելով, թե գործեր ունեն, ուշանում են: Նրանք վերադառնում են Քաշաթաղ` ասելով, որ հարսի ու երեխայի հետևից կգան քառասունքը լրանալուց հետո:

Թագուհին երեխայի հետ տեղափոխվում է ծնողների տուն: Բայց նորից փորձում է մոռանալ վիրավորանքներն ու ծեծը և մտածում, որ երեխայի ծնունդը կփոխի ամուսնուն, ու իրենք կկարողանան նորմալ ընտանիք ձևավորել: Երեխայի անունն ընտրելիս զանգում է ամուսնուն, որ նա որոշի: Ամուսինը Նորայր է դնում: Երբ մոտենում էր երեխայի քառասունքը և մանկական պոլիկլինիկայից երեխայի գրանցման վայրի փաստաթուղթ են պահանջում, Թագուհին կրկին զանգում է ամուսնուն` առաջարկելով երեխային գրանցել Երևանում՝ ծնողների տանը, որպեսզի կարողանա պատշաճ բժշկական ծառայություններ ստանալ: Ամուսինը պայման է դնում. երեխային կթողնի գրանցել այնտեղ այն դեպքում, եթե իրեն էլ գրանցեն: «Զարմացա, ասացի` դո՞ւ ինչի համար ես ուզում գրանցվել մեր տանը, փաստորեն, ասացի, դու իմ հետ շահի համար ե՞ս ամուսնացել: Ասաց` հա, բոլորն էլ շահի համար են ամուսնանում»:

Դա մի նոր հարված էր Թագուհու և նրա ծնողների համար: Երբ երեխայի քառասունքը լրանում է, իսկ ամուսինն ու նրա ծնողներն այդպես էլ չեն երևում, Թագուհին երեխային վերցնում է ու ծնողների հետ տանում եկեղեցի՝ քառասունքից հանելու: Երբ քահանան հարցնում է երեխայի անունը, Թագուհին ասում է` Նարեկ: Ու չնայած փաստաթղթերով երեխայի անունը Նորայր է, մայրը նրան Նարեկ է կոչում:

Մի օր էլ ամուսինը հայտնվում է գիշերվա ժամը 3-ին, հարձակվում Թագուհու և նրա ծնողների վրա, փորձում երեխային առևանգել: Զանգում են ոստիկանություն: Չնայած այդ ամենին` որոշ ժամանակ անց Թագուհին ամուսնուն նորից ներում է, նրա հետ տեղափոխվում վարձով բնակարան ու ապրում սարսափելի վատ պայմաններում, և երբ այդ ամենից հետո ամուսինը շարունակում է բռնություն գործադրել, ի վերջո համբերության բաժակը լցվում է, որոշում է մեկընդմիշտ բաժանվել նրանից: Երեխային վերցնում է ու վերադառնում ծնողների մոտ:

Դրանից հետո պարբերաբար ամուսինը շենքի մուտքի մոտ դարանակալում էր, վեճ ու կռիվ սարքում, մինչև գործը հասնում է դատարան: Հետաքրքիրն այն է, որ Վլադիկն է դիմում դատարան` պահանջելով Թագուհուն զրկել մայրական իրավունքներից: Թագուհին հակընդդեմ հայց է ներկայացնում` պահանջելով ամուսնալուծություն ու ալիմենտ:

Դատարանը երկու կողմի հայցն էլ բավարարում է: Երեխայի տեսակցությունը, այդ պահից սկսած, կազմակերպում էր Հարկադիր կատարման ծառայությունը: Սակայն այդ գործընթացը ևս վեճերի տեղիք էր տալիս, մանավանդ որ Վլադիկն այդպես էլ ալիմենտը չէր վճարում: Ի վերջո, Հարկադիր կատարման ծառայությունը խորհրդակցություն է կազմակերպում երեխայի տեսակցության հարցով, որի ժամանակ Վլադիկը հայտարարում է, որ եթե իրեն չթողնեն երեխային տեսնել, ինքը բոլորին կսպանի, այդ թվում և երեխային: «Դա լսելուց հետո բոլորի ներկայությամբ ասացի, որ այլևս երբեք չեմ թողնի` երեխային տեսնի: Չգիտես ինչու իմ խոսքերը միանգամից արձանագրեցին»:

2016 թ. հուլիսի 7. այդ օրը Թագուհու ծննդյան օրն էր: Ցերեկը նա երեխային տարել էր այգի, օրը նրա հետ անցկացրել, իսկ երեկոյան պիտի այցելեր հաճախորդների տուն: Շատ էր պատահում, որ գործն ուշ էր վերջացնում և տաքսիով էր վերադառնում: Երբ կեսգիշերի մոտ վերադառնում է, սովորության համաձայն ծնողներին զգուշացնում է, որ դուրս գան իրեն դիմավորելու: Լավ գիտեր, որ ամուսինը դարանակալում է: Չէր սխալվում, ամուսինը նորից այնտեղ էր և տեսնելով Թագուհուն` հարձակվում է նրա վրա ու հարվածներ հասցնում: Հոր ու մոր օգնությամբ նա մի կերպ տուն է մտնում: Քիչ անց ոստիկանությունից գալիս են, թե իբր ինքն ու ծնողները բռնության են ենթարկել Վլադիկին: Ծիծաղելի էր, բայց հետո է հասկանում, որ ամուսնու սցենարը նախապես էր գծված: Թագուհին մոր հետ ոստիկանական բաժանմունք է գնում, սակայն այնտեղ պարզում են, որ ոչ թե Վլադիկին են բռնության ենթարկել, այլ նա է կանանց վրա հարձակվել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Ոստիկանական բաժանմունքում ցուցմունքը գրելուց հետո քննիչը հրահանգում է, որ կանանց ուղեկցենմինչև տուն` ապահովելով նրանց անվտանգությունը: Միաժամանակ զանգում է Վլադիկին, որ ներկայանա ոստիկանական բաժանմունք: Վերջինս չի գնում: Երբ պարեկապահակային ծառայության աշխատակիցները կանանց հասցնում են տան մոտ, Թագուհու մայրը նրանց խնդրում է` շուրջբոլորը նայել, համոզվել, որ Վլադիկն այնտեղ չէ: Աշխատակիցները, առանց մեքենայից դուրս գալու, ընդհանուր նայում են ու ասում, որ հանգիստ կարող են գնալ: «Մենք առաջին հարկում ենք ապրում,- պատմում է Թագուհին,- ես հեռախոսիս լույսը վառեցի, քանի որ մութ էր: Բարձրացա աստիճաններով, որ դուռը բացեմ, երբ հետևից գլխիս ուժեղ հարված զգացի: Շրջվեցի, տեսա Վլադիկին` սև հագուստով, կացինը ձեռքին: Մայրս մեր մեջտեղն ընկավ, որ ինձ պաշտպանի: Վլադիկը սկսեց կացնով հարվածել մորս, ինձ: Ես զգացի, թե ինչպես եմ ուշաթափվում: Մի պահ աղոտ հորս դեմքը տեսա ու էլ ոչինչ չեմ հիշում: Արթնացա հիվանդանոցում»:

Գազանաբար հարձակման հետևանքով մայրը` Կարինե Մանսուրյանը, տեղում մահանում է: Թագուհին ուհայրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում են հիվանդանոց: Եվ եթե հայրը ժամանակին դուրս չգար ու ձեռնափայտով չփորձեր պաշտպանվել, հնարավոր է, որ այս սարսափելի պատմության զոհերի թիվը մեկով չավարտվեր: Թագուհին լուրջ վնասվածքներ էր ստացել գլխի, պարանոցի, ուսերի, որովայնի շրջանում և ենթարկվել մի քանի վիրահատությունների: Հիմա էլ դեռ երկու վիրահատություն է նրան սպասում: Նույնն էլ հայրը:

Վլադիկ Մարտիրոսյանին նույն օրը ձերբակալում են: Դատական գործընթացը դեռ շարունակվում է: Բայց ամենաանհեթեթն այն է, որ մեղադրյալը չի ընդունում իր մեղքը` հայտարարելով, թե նախկին աներն է կացնով հարձակվել կնոջ ու դստեր վրա` փորձելով սպանել նրանց: Մեղադրյալը միաժամանակ դատարանում հայտարարում է, որ բանտից դուրս գալուց հետո նույնը կանի:

Թագուհին գազանաբարո այդ արարքի համար դատարանից ցմահ ազատազրկում է պահանջում: Թագուհու եղբայրը, որ Ֆրանսիայում է ապրում, առաջարկում է քրոջն ու հորը երեխայի հետ միասին տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ ավելի ապահով ու խաղաղ կյանք կարող են սկսել: Բայց նա չի ուզում Հայաստանից հեռանալ. «Այստեղ մորս գերեզմանն է, և ես ու հայրս չենք թողնի: Բացի այդ, ես սիրում եմ Հայաստանը, չեմ ուզում էստեղից գնալ, չեմ կարող ուրիշ տեղ ապրել»,- դոդողացող ձայնով ու արցունքներն այլևս զսպել չկարողանալով ասում է Թագուհին, որն այս ամբողջ զրույցի ընթացքում, վերհիշելով իր գլխով անցածը, փորձում էր ուժեղ երևալ ու ապացուցել, որ հայ կինը կարող է հաղթահարել ցանկացած փորձություն:

Թագուհի Մանսուրյան

Թագուհի Մանսուրյան

Թագուհի Մանսուրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: