Հայերեն   English   Русский  

Ուշադիր եղեք ձեր աշակերտների, գործընկերների, հարազատների նկատմամբ


  
դիտումներ: 1125

Շատ հազվադեպ է լինում, երբ մարդիկ ինքնասպանություն են գործում պահի ազդեցության տակ: Այդ դեպքերը բավականին երկար ժամանակահատվածի արդյունք են:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, սուիցիդոլոգ, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը:

Ըստ նրա՝ գոյություն ունի նախասուիցիդալ շրջան, երբ մարդը անցնում է մի քանի փուլով. երբ ունենում է անտիվիտալ մտքեր, սուիցիդալ մտքեր, սուիցիդալ որոշում և սուիցիդալ փորձ: Կան մարդիկ, ովքեր տարի ու կես կարող են գտնվել այս փուլում: Յուրաքանչյուր փուլ ունի իր նշանները, որոնք կոչվում են սուիցիդի բանալիներ: Ինքնասպանություն գործելու որոշում կայացրած մարդիկ սկսում են բաժանվել իրենց նվիրական իրերից: Կամ եթե նախկինում խանդել են կնոջը, դառնում են անտարբեր: Նրանք սկսում են մեկուսանալ մարդկանցից, դիտել տխուր, մահվան մասին ֆիլմեր:

«Մարդիկ պետք է հասկանան այս բանալիները: Անձը պետք է ուշադիր լինի իր ուսուցչի, աշակերտի, գործընկերոջ նկատմամբ: Այս նշանները նկատելիս պետք է ուղղորդել տվյալ անձին համապատասխան մասնագետի մոտ: Սա պայքարի ավելի արդյունավետ միջոց է, քան սահմանափակող միջոցառումները, օրինակ, կամուրջների մոտ արգելափակող պատնեշներ կառուցելը, որ մարդ իրեն չկարողանա գցի. նա այլ միջոցներ կգտնի կյանքին վերջ տալու: Արդյունավետ է գործընթացը կանխարգելել սկզբնական փուլում: Եթե նկատում եք, որ մարդը մեկուսացել է, տխուր է, մահվան մասին է խոսում, էլ չի շփվում, ակնհայտ է, որ տվյալ նա ապրում է սոցիալական մահ»,- ասաց Կամո Վարդանյանը:

Նա նշեց, որ հարազատները նույնպես կարող են օգնություն ցուցաբերել. շատ փոքր բանը մարդու մոտ մեծ ռեակցիա կարող է տալ.«Նմանատիպ անձինք չեն ուզում անվերապահ մեռնել: Ուղղակի իրենք այլ ելք չեն տեսնում: Այդ է պատճառը, որ դուռ բաց են թողնում, լույսը վառ են պահում, որպեսզի մեկը ձեռքը բռնի ու ասի՝ մի´ արա: Նրանք զգում են մարդու կարոտ, ինքնասպանությունը օգնության ճիչ է: Նրանք ուշադրության կարիք ունեն, բայց չեն ստանում դա: Հաճախ մարդու տանը տեղի է ունենում ինքնասպանություն, իսկ ընտանիքի անդամների համար դա բացարձակ անակնկալ է: Չեն կարողանում պատասխանել, թե երբվանից սկսեց այդ վարքը տվյալ մարդու մոտ: Նրանք չգիտեն դա: Պատճառն այն է, որ մարդիկ միմյանց նկատմամբ ուշադիր չեն: Սա կոչվում է հոգեբանական քաղաքակրթություն, որը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ: Մենք վերջին փուլում ենք միայն դիմում մասնագետի»:

Ըստ հոգեբանի՝ ինքնասպաններին հատուկ է 3 հոգեվիճակ: Առաջին՝ սթափ վիճակը, երբ գործում է պատասխանատվության գործոնը: Օրինակ, մարդը խոշոր գումար է վարկ վերցրել և հասկանում է, որ չի կարող վճարել: Նա ինքնասպանությունն է համարում ելքը:

Երկրորդը՝ ախտաբանական վիճակը՝ շիզոֆրենիկ, մանիակալ- դեպրեսիվ պսիխոզների ժամանակ, որոնց ընթացքում գիտակցության մթագնում է տեղի ունենում:

Երրորդը՝ սահմանային վիճակում իրականացվող ինքնասպանություններ: Այդ դեպքում մարդը հիվանդ չէ, բայց գտնվում է մի հոգեվիճակում, որը նաև նորմալ չէ: Ի դեպ, ամենից մեծ թվով ինքնասպանությունները այդ վիճակում են կատարվում:

«Անտիսուիցիդ» կենտրոնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը շեշտեց, որ այն ընտանիքները, որտեղ ինքնասպանության դեպք է գրանցվել, գտնվում են ռիսկային խմբում: Հոգեբանները պետք է նրանց հետ ակտիվորեն աշխատեն: Կարիք կա աշխատելու նաև հիվանդանոցների հետ, որպեսզի ուղիղ կապ լինի այն մարդկանց հետ, որոնք ինքնասպանության փորձ են արել:

Ինքնասպանությունները 3-րդ տեղն են զբաղեցնում աշխարհում իրենց դեստրուկտիվ նշանակությամբ՝ դժբախտ պատահարներից և սպանություններից հետո:

2003 թվականին Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը կից ստեղծվեց Սուիցիդների կանխարգելման ասոցացիան, որն էլ 2003 թվականից ի վեր սեպտեմբերի Սեպտեմբերի 10-ը սահմանեց որպես ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր:

Աշխարհում տարեցտարի սուիցիդները ունենում են երիտասարդացման միտում, այսինքն՝ սուիցիդալ վարք ավելի շատ դրսևորում են երիտասարդները:

Աշխարհում ամեն տարի ինքնասպանություն է գործում 1 մլն մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանախատեսումների համաձայն ՝ 2020 թվականին մոտ 1, 53 մլն մարդ ամեն տարի ինքնասպանություն կգործի, իսկ 10-20 անգամ ավելի շատ կլիների սուիցիդների փորձի թիվը: Ստացվում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր 20 րոպեն ինքնասպանություն կգործի 1 մարդ, իսկ յուրաքանչյուր 1-2 վայրկյան հետո կկատարվի 1 սուիցիդալ փորձ:

«Սա մտահոգության տեղիք է տալիս, և հասկանում ենք մի բան՝ այո´, երևույթը մուլտիդիսցիպլինար հիմնախնդիր է և ուղեկցում է ցանկացած հասարակությանը, սակայն դրա դեմ անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել»,- ասաց Կամո Վարդանյանը:

Ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում նույնպես սուիցիդալ միտումները աճում են:

Սուիցիդի քանակական հաշվառումը կատարվում է յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնող ցուցանիշով: Եթե հասարակությանը բաժին է ընկնում մինչև 10 ինքնասպանություն, նշանակում է, որ տվյալ միջավայրը հոգեբանական կոմֆորտ ունի: Եթե այդ թիվը հասնում է 20-ի, ապա հասարակության մեջ լարվածություն կա, իսկ եթե ինքնասպանությունների թիվը գերազանցում է 20-ը, ապա տվյալ հասարակությունը ճգնաժամի մեջ է:

Եվրոպական երկրներում միջին թիվը հասնում է 40-ի:

Հայաստանում ինքնասպանությունների թիվը աճ է արձանագրում, սակայն ճգնաժամային չէ: Միջազգային ստանդարտների հետ համեմատ նկատելի է թվաքանակի դանդաղ աճ: 2009-2012 թվական աճը գրանցվել է , իսկ 2012 թվականից մինչև 2015 թվականը մնացել է նույնը, իսկ 2015-ից հետո այդ աճը իջնում է:

Կամո Վարդանյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին ակտիվացել են ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքները: Առաջին հերթին դա վերաբերում է գիտական աշխատանքներին, որոնք ուսումնասիրում են մարդկանց՝ նման քայլի գնալու դրդապատճառները, ինչ մեխանիզմներ են գործում և այլն: Հոգեբանական գիտությունների դոկտորը հավաստիացրեց՝ Հայաստանում այս գիտությունը զարգանում է:

«2-րդ միջոցառումը հասարակության լայն զանգվածներին, թիրախային խմբերին հասցնել այս դեստրուկտիվ ինֆորմացիայի կանխարգելման տարբեր պայմանները: Լավագույն դեպքում մարդը հասկանա, թե իրենից ինչ է ներկայացնում սուիցիդալ վարքը: Երբեմն կենցաղային մակարդակին հատուկ բոնորոշումներ են տրվում՝ դա ուժեղ մարդ է, դա թույլ մարդ է: Այդ ամենը շատ խիստ հարաբերական է»,- ասաց Կ. Վարդանյանը:

Հայաստանում 2015 թվականին ստեղծվել է մի կառույց, որը համակարգում է բոլոր գործընթացները: Խոսքը «Անտիսուիցիդ» հոգեկան առողջության կենտրոնի մասին է.« Միջազգային փորձի համաձայն՝ կենտրոնում աշխատում են այնպիսի մարդիկ, ովքեր իրենք կատարել են ինքնասպանության փորձը, սակայն հետո հասկացել են, որ պետք է ապրեն: Կարևոր է, որ նրանք փոխանցեն սեփական փորձը»,- նշեց Լիլիթ Բաղդասարյանը:

Մյուս միջոցառումը վերաբերում է մասնագետների վերապատրաստմանը արտերկրում, ինչը նույնպես այսօր ակտիվորեն կատարվում է:

Լիլիթ Բաղդասարյանը նշեց, որ իրենց գլխավոր նպատակներից մեկը Սուիցիդների կանխարգելման ազգային ծրագրի ստեղծումն է, քանի որ միայն կառուցվածքային մոտեցման միջոցով է հնարավոր հաջողության հասնել, որպեսզի յուրաքանչյուրը ստանա օգնություն, եթե դրա կարիքը ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: