Հայերեն   English   Русский  

Երևանյան փառատոնի անունը ճանաչելի է ամբողջ աշխարհում. Էդուարդ Թոփչյան


  
դիտումներ: 2540

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կմենարկի տարվա գլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը:

Սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայաստանցի երաժշստասերներին կներկայացնի դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները ժամանակի ամենահայտնի կատարողների մասնակցությամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշեց, որ 10-րդ հոբելյանական փառատոնի առանձնահատկությունը հանրահայտ դիրիժորների ներկայությունն է. «Այս տարի մեզ հաջողվել է հրավիրել միանգամից մի քանի դիրիժորների: Նման բան նախկինում չէր հաջողվում անել: Երևան կժամանի Վասիլի Սինայսկին, որը ամենահանրահայտ դիրիժորներից մեկն է: Հաջորդ համերգը կղեկավարի Կիրիլ Կարաբից, որը թեև երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է, սակայն արդեն մեծ ձեռբերումներ ունի»,- ասաց դիրիժորը:

Նա հավելեց, որ ՀԱՖՆ-ը կղեկավարի նաև Դմիտրի Յուրովսկին, որը դիրիժորների հայտնի գերդաստանից է:

Փորձառու երաժիշտները ոչ միայն հանդես կգան համերգներով, այլև կանցկացնեն վարպետության դասեր պատանի հայ երաժիշտների համար:

Հատկանշական է՝սեպտեմբերի 20-ին կայանալիք համերգի ժամանակ, որը նվիրված է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի 95-ամյակին, ելույթ կունենան ժամանակի ամենահայտնի հայ երաժիշտները՝ Սերգեյ Խաչատրյանը և Նարեկ Հախնազարյանը:

Փառատոնի շրջանակներում ՀԱՖՆ-ը՝ Ալեքսանդր Չաուշյանի նախաձեռնությամբ, կմեկնի Ստեփանակերտ, որտեղ ելույթ կունենա Երիտասարդության պալատում: Թավջութակահարը, ինչպես նաև դաշնակահար Նարե Արղամանյանը վարպետության դասեր կանցկացնեն արցախցի երաժիշտների համար:

Էդուարդ Թոփչյանը նշեց, որ այս տասնամյակի ընթացքում փառատոնը մեծ ձեռքբերումներ է ունեցել. «Երևանյան փառատոնի անունը ճանաչելի է ամբողջ աշխարհում: Նվագախումբը, անընդհատ շփվելով բարձրակարգ երաժիշտների հետ, անդադար աշխատելով, դարձել է շատ լավ նվագախումբ. սա ամենամեծ ձեռքբերումն է: Սակայն մենք այս արդյունքի վրա չենք կանգնում»,-ասաց մաեստրոն:

Ավանդույթի համաձայն՝ տեղի կունենա նաև հայ կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված համերգներ՝ Լևոն Չաուշյանի 75-ամյակը և Առնո Բաբաջանյանի 90-ամյակը:

«Նվագախումբը գտնվում է արտակարգ վիճակում: Կարծում եմ՝ այս երեկո ՝ բացման համերգի ժամանակ երաժշտասերները կհամոզվեն դրանում»,- եզրափակեց Էդուարդ Թոփչյանը:






Մեկնաբանություններ - 1

Նուբար Ասլանյան     13.09.2016 Կեցցե մեր ՀԱՖՆ-ը:Եւս մի ցանկություն՝ հանկարծ երիտասարդ ,70 ամյա ընկերս,Լեւոն Չաուշյանը չնեղանա...Իսկ եթե Մաեստրո Թոփչյանը ուզում է 75՝ երկու տարի հետո...ես կգամ(միայն թե կենդանի մնանք):
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: