Հայերեն   English   Русский  

​Հայերը պետք է ձերբազատվեն ինքնաթանգարանացման ձգտումից. Վազրիկ Բազիլ


  
դիտումներ: 11718

«Պետք է նոր արահետներ գտնել, ոչ թե ուրիշների արահետով ընթանալ: Ամենակարևոր բանը ինքնուրույնությունն է, ինչը Հայաստանում պակասում է»,- այս կարծիքին է հայազգի հեղինակավոր PR մասնագետ, ճառագիր Վազրիկ Բազիլը, որ օրեր առաջ իր փորձն ու գիտելիքներն էր փոխանցում «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական կազմակերպության PR դպրոցի ուսանողներին:

Մեր հայրենակիցը ծնվել է 1966 թվականին, Մյունխենում և այժմ էլ ապրում է Գերմանիայում: Նա PR ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է. երկար տարիներ աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում, Սաքսոնիա երկրամասի մշակույթի և սպորտի նախարարությունում: Բազմաթիվ գրքերի հեղինակ է, հրապարակախոս, դասախոս, PR խորհրդատու և ճառագիր (speechwriter). ճառեր և ուղերձներ է գրել հատկապես Գերմանիայի քաղաքական շրջանակների համար: Այժմ հանրային կապերի անկախ փորձագետ-խորհրդատու է և համագործակցում է բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների և կուսակցությունների հետ: Վազրիկ Բազիլը 2010-2016 թթ. ղեկավարել է Գերմանախոս ճառագիրների ընկերակցությունը և ավելի քան 25 տարի է` անդամակցում է Գերմանական հանրային կապերի ընկերակցությանը:

Վազրիկ Բազիլի ծնողները պարսկահայ էին, որոնք տեղափոխվել էին Գերմանիա մինչ որդու ծնվելը: Հատկապես մայրը` տիկին Ցողիկը, մեծ տեղ էր հատկացնում հայկական կրթությանն ու դաստիարակությանը, և հենց որ Վազրիկը սկսում է գերմաներեն թոթովել, մայրը միանգամից որոշում է` որդին պետք է հայկական դպրոց հաճախի: Վազրիկը կրթություն է ստանում Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, ապա ուսումը շարունակում Հռոմի Գրիգորյան պապական համալսարանում` ուսումնասիրելով փիլիսոփայություն, աստվածաբանություն, գերմանագիտություն, հոգեբանություն և հանրային կապեր, իսկ գիտությունների թեկնածուի կոչումը ստանում է Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիանի անվան համալսարանում:

«Անկախի» հետ զրույցում Վազրիկ Բազիլը խոսում է իբրև գերմանացի մասնագետ, բայց իբրև հայ, որ ուզում է իր հայրենիքն ավելի զարգացած ու հաջողակ տեսնել, ու կարծում է, որ հաջողության հասնելու համար համապատասխան կառույցները չեն տիրապետում ճիշտ մեթոդներին: Բայց, ինչպես գերմանացիներն են ասում, դեպի վերև երկինքը բաց է, այսինքն` դեռ թերությունները շտկելու հնարավորություն կա: Նա մեջբերում է Հայաստանում դիվանագիտական գործունեությունն ավարտած մի անգլիացի դիվանագետի խոսքերը, որն իր տպավորությունները Հայաստանի մասին ներկայացնելիս ասել է. «Երբ ես գնամ իմ երկիր, մեր կառավարությանը կասեմ, որ Հայաստանը դրամի պետք չունի, մշակույթի պետք ունի»: «Եվ դա հավանաբար ճիշտ է,- հավելում է Բազիլը,- մեզ պետք է մշակույթ, որը չպետք է ուղիղ իմաստով հասկանալ. մեզ պետք է կառավարման մշակույթ, քաղաքաշինության մշակույթ, իրար հետ հարաբերվելու մշակույթ և այլն»:

Նա հայաստանյան իրականության թերի կողմերից է համարում վաճառականի մտածելակերպը, երբ մարդիկ գերադասում են սեփականը արտադրելու փոխարեն ուրիշի ստեղծածը վերավաճառել. «Գնամ առնեմ-բերեմ, մի քիչ թանկ վաճառեմ, իսկ շահույթով գնամ Հրազդանի կիրճ՝ քեֆ անեմ: Այս մտածելակերպով հնարավոր չէ շատ առաջ գնալ: Պետք է կիրառական դաշտից անցնել ստեղծագործական դաշտ, այսինքն` ոչ թե ընդօրինակել, այլ հայերեն գեղեցիկ բառ կա` յուրացնել, մերը դարձնել, բայց միաժամանակ զարգացնել»:

Վազրիկ Բազիլը դեմ է նաև, որ հայերը փորձում են կառչել համաշխարհային համբավ ունեցող հայերին և նրանց միջոցով միայն ներկայանալ աշխարհին: Այո, նրանց միջոցով պետք է երկրի իմիջը բարձրացնել, PR անել, պետք է նաև հարուստ անցյալով հպարտանալ, բայց նաև պետք է ստեղծել նորը, քանի որ աշխարհին հետաքրքրում է, թե այսօր քեզանից ինչ ես ներկայացնում: «Սովետական Միությունը ակունքը վերածեց անցյալի, թանգարանի` սահմանագիծ քաշելով հին ու նոր մշակույթների միջև: Ազատ, անկախ Հայաստանը պետք է դուրս գա այդ թանգարանային վիճակից և անցյալը կրկին վերածի ակունքի: Թանգարանում կենդանություն չկա, և հայերը, ցավոք, ինքնաթանգարանացման ձգտում ունեն: Բայց ինքնաթանգարանացումն ինքնասպանության ամենավսեմ կերպն է. դրանից պետք է ձերբազատվել: Պետք է անցյալն ու ներկան կամրջել, որպեսզի իմաստ ունենա: Դա է հաջողության հասնելու միակ գրավականը»:

Նա բերում է հայկական խորհրդանիշներից մեկի` նռան օրինակը: Այո, նուռը գեղեցիկ խորհրդանիշ է, բայց դրա շուրջ պետք է մի ամբողջ արդյունաբերություն ստեղծվի, պետք է այդ խորհրդանիշը շարժման մեջ դրվի:

Աշխարհում հիմա գոյություն ունի nation building հասկացությունը, որի նպատակը ազգային գաղափարախոսության, դիմագծի, արժեքների վերակերտման շնորհիվ պետության զարգացումն է, պետության իմիջի բարձրացումը: Այս տեսանկյունից հեղինակավոր PR մասնագետի հետ զրուցում ենք նաև ազգային բրենդի, կարգախոսի ստեղծման ու տարածման մասին: Նա, իհարկե, տեղյակ չէր, որ Հայաստանը ամերիկյան մի կազմակերպության խոշոր գումարի դիմաց պատվիրել է ստեղծել Հայաստանի ազգային բրենդն ու կարգախոսը, ինչը հավանության չի արժանացել հայ հասարակության կողմից: Սակայն նա ուշագրավ խորհուրդներ տվեց: Բազիլի խոսքով` եթե Հայաստանում նման բան են ծրագրում իրականացնել, ապա դրա վերաբերյալ պետք է տևական ժամանակ հանրային լուրջ քննարկումներ տեղի ունենան: «Դա չպետք է դառնա դրսից բերված մի կաղապար: Հայաստանի քաղաքացին նախ պետք է քննարկի, հասկանա, թե որն է իր ուղեգիծը, իր տեսլականը, ուղղությունը, որից հետո նոր այդ ամենը պետք է դառնա սիմվոլ ու կարգախոս: Առանց այդ քննարկումների, առանց այդ բովանդակության, այդ ամենը պարապ վախտի խաղալիք է»,- ասում է նա` օրինակ բերելով Գերմանիայի կարգախոսը` «Գաղափարների երկիր»: Բայց դա լոկ գեղեցիկ բառակապակցություն չէ, այլ իրականություն:

Անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` նա կարծում է, որ դա տարիների, տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացների բնական հանգուցալուծում էր, որոնց ընթացքում այդ հարցը դարձավ Գերմանիայի մտավոր շրջանակների պաշար: Ի դեպ, նա ընդգծում է, որ այդ որոշմանը մեծապես նպաստել են նաև Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորները:

Վազրիկ Բազիլը` որպես PR մասնագետ, հաջողված է համարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում համայն հայության կողմից տարվող աշխատանքները, սակայն գտնում է, որ մյուս ոլորտներում նույնպես պետք է աշխատել նույնքան արդյունավետ ու նպատակաուղղված:

Վազրիկ Բազիլի մայրը մոտ 10 տարի առաջ տեղափոխվել է Հայաստան: Տիկին Ցողիկը խոստովանում է, որ իր համար Հայաստանը երազանք էր դեռևս օրորոցից: Այժմ, կարելի է ասել՝ Բազիլին Հայաստանի հետ կապող ամենամեծ կամուրջը հենց մայրն է:

«Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը PR դպրոցում Վազրիկ Բազիլին արժանացրեց կազմակերպության պատվավոր անդամի կոչման և հրապարակայնորեն առաջարկեց նրան ստանձնել նաև Հայկական PR մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Վազրիկ Բազիլն անակնկալի եկավ, բայց համաձայնեց, իսկ դա նշանակում է, որ մեր հեղինակավոր հայրենակցին Հայաստանի հետ կապող թելերն էլ ավելի ամրացան` պարտավորեցնելով նրան տարեկան առնվազն մեկ անգամ այցելել հայրենիք` մասնակցելու PR մրցանակաբաշխությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: