Հայերեն   English   Русский  

​Դարձել ենք խոպանների համար կադրեր պատրաստող երկիր


  
դիտումներ: 14391

Անառարկելի փաստ է, որ Հայաստանում գործազրկությունը գլխավոր խնդիրներից մեկն է: Սակայն գործարարների, ձեռներեցների, ֆերմերների կարծիքը կարող է զարմացնել բոլորիս: Վերջին մի քանի ամիսներին աշխատանքի բերումով չի եղել մի շաբաթ, որ որևէ գործարարի, ֆերմերի, արդյունաբերողի հետ չշփվենք ու չզրուցենք: Նրանց մատնանշած խնդիրներից շատերն ընդհանուր են, և այդ ընդհանուր հոգսերից մեկն էլ, որքան էլ զարմանալի է, աշխատուժի խնդիրն է:

Իհարկե զարմանալի է: Չէ՞ որ ամեն տարի հազարավոր հայեր բռնում են օտարության ճամփաները հենց աշխատանք գտնելու հույսով, ու պարզվում է` Հայաստանը մնացել է առանց որակյալ աշխատուժի:

«Աշխատողների խնդիրը լուրջ է, մարդ չես գտնում, որ գա ու նորմալ աշխատի: Բացի այդ, արտադրողականության խնդիր կա. մերոնք չեն սիրում աշխատել, հնարավոր բոլոր առիթներով գլուխ կպահեն, հոգատար չեն գույքի նկատմամբ: Իրենց շահը չեն գիտակցում, չեն հասկանում, որ աշխատում են ինձ մոտ, բայց իրենց համար, աշխատավարձ ստանալու և ապրուստի միջոց վաստակելու համար: Մի խոսքով, նորմալ աշխատող գտնելն այսօր լուրջ խնդիր է»,- մեզ հետ զրույցում նշում էր «Սիս Ալպ» ընկերության տնօրեն Հուսիկ Ստեփանյանը:

Իսկ մեկ այլ գործարար` «ԱՎԱԼ-Թրեիդ» ընկերության Սիսիանի արտադրամասի տնօրեն Արմեն Անդրեասյանն էլ ասում էր. «Այսօր լուրջ խնդիր է, շատ դժվար է նորմալ տեխնոլոգ, ձևարար, մեխանիկ գտնելը: Մեր բախտն այդ առումով բերել է, որ այս մի քանի հոգին, որ նախկինում աշխատել են Սիսիանի տրիկոտաժի ֆաբրիկայում, դեռ մնացել են Սիսիանում, և հիմա եկել ու աշխատում են մեր արտադրամասում»:

Այնպես որ, պարզվում է՝ Հայաստանում մի կողմից մարդիկ տառապում են գործազրկությունից, աշխատանք են փնտրում, մյուս կողմից, սակայն, գործատերերը չեն կարողանում իրենց աշխատանքին համապատասխան կադր գտնել: Եվ սա զարմանալի չէ: Արտագաղթը մեզանից խլում է ամենաթանկ ռեսուրսներից մեկը` որակյալ, պատրաստված, գիտակից ու պրոֆեսիոնալ աշխատուժը: Որովհետև դժվար է պատկերացնել, որ գիտության մեջ իսկապես խորացած, այսպես ասած՝ գիտության գրանիտը կրծող մասնագետը, որ կարող էր իր հայտնագործություններով ծառայել մեր երկրին, մեր տնտեսությանը, կկարողանա օրինակ` 50 կամ 100 հազար դրամ աշխատավարձով գոյատևել Հայաստանում ու դեռ մի բան էլ ընտանիք պահել: Հետևաբար, առաջին իսկ պատեհ առաջարկի դեպքում պատրաստ է մեկնել արտասահման` նորմալ ու մարդավայել վարձատրության դիմաց Հայաստանում ձեռք բերած գիտելիքները արտասահմանյան այս կամ այն երկրին ծառայեցնելու հեռանկարով: Կամ արհեստավարժ զոդողը, որ Հայաստանում գործ չունի, ինչո՞ւ չպետք է գնա «ռուսաստանները», ուր իր արհեստով կարող է մի քանի անգամ ավելի վաստակել ու բավականին արժանապատիվ ապրուստ ապահովել իր ու իր ընտանիքի համար: Այսպես բոլոր ոլորտների մասին կարելի է խոսել:

«Ես զարմանում եմ, որ ասում են` աշխատուժը լիքն է, աշխատատեղ չկա: Իմ փորձով գիտեմ` էսօր աշխատուժի խնդիրն ամենագլխավորն է, աշխատող չենք կարողանում գտնել` նորմալ աշխատող: Հենց այս պահին մոտ 3-5 հոգու պակաս ունեմ, չեմ կարողանում գտնել: Գյուղատնտեսության ոլորտում դա լուրջ է, եթե անգամ գտնում ես, իմացի՚ր, որ գործ ունես ամենավերջին «ստադիայի» մարդու հետ, որը թքած ունի ամեն ինչի վրա` աշխատանքի էլ, աշխատավարձի էլ, պետք է` սոված էլ կմնա, պետք է` առանց շոր էլ յոլա կգնա, ու հենց ինչ-որ բան էն չասացիր՝ ամեն ինչ տեղում կշպրտի ու կհեռանա` առանց մտածելու, որ աշխատավարձ է ստանում, տուն է պահում: Իմ աշխատողների 5 տոկոսն է խելամիտ, խելահաս աշխատող, սրանք իրենց աշխատանքը հիանալի են անում, մնացածը` ոչ»,- «Անկախի» հետ զրույցում նշում էր ֆերմեր Մանվել Ամիրխանյանը:

Այսինքն` այնպես չէ, որ Հայաստանում մարդ չի մնացել, որ աշխատի, ուղղակի մնացողները լավ չեն աշխատում: Կամ, ինչպես օրերս մեզ հետ զրույցում նշում էր «Արգել» ընկերության տնօրեն Էդիկ Գրիգորյանը, մարդիկ աշխատանքային ռեժիմից ու աշխատելուց հետ են սովորել, իսկ երիտասարդներն էլ աշխատել չեն սովորել:

«Գործարանի կայանալու համար կարևոր է ամեն մի մանրուք` սկսած ամենավերջին սևագործ բանվորին համոզելուց, որ հետդ աշխատի, որովհետև մարդիկ այսօր արդեն մոռացել են աշխատելը: Այսօր ինչ արտադրական ձեռնարկություն մտնում ես, աշխատող հիմնական մասսան տարեցներ են` միջին տարիքից բարձր: Երիտասարդ` 20, 25, 30 տարեկանը չի գալիս բանվոր աշխատելու, քանի որ չի աշխատել, չգիտի, թե գործարանի աշխատանքային ռեժիմն ինչ է: Վերցրեք ԱՄՆ-ն, որ աշխարհի լավագույն երկրներից մեկն է, ասում են՝ աշխատանքային ռեժիմը տևում է 12 ժամ` 10-20 րոպե ընդմիջումով: Որևէ մեկը մեզ մոտ այդ ռեժիմով կաշխատի՞: Աշխատավարձը կապ չունի, ուղղակի նա այդ ռեժիմին չի կարողանում հարմարվել»,- ասում էր Գրիգորյանը:

Մի քանի ամիս առաջ զրուցում էինք Հայաստանի ամենահետաքրքիր բիզնեսներից մեկի` «ՎԿՍ Արմենիա» ընկերության հիմնադիր և տնօրեն Քրիստիան Գելեջիի հետ, որ Հայաստանի իր գործարաններում գերմանական բոլոր ավտոհսկաների ու այլ անդրազգային խոշոր կազմակերպությունների արտահագուստներն է կարում: Այդ զրույցի ժամանակ Գելեջին շատ հետաքրքիր դիտարկումներ արեց: Ըստ Գելեջիի` ճիշտ չէ, թե Թուրքիայում, Վիետնամում, Հնդկաստանում կամ Չինաստանում աշխատուժն էժան է Հայաստանի աշխատուժից ու դրա համար են նրանք զարգանում: Հայ արտադրողները մրցակցությունում տանուլ են տալիս գլխավոր հարցում՝ աշխատողների արտադրողականության: Այսինքն` եթե միավոր ժամանակում հայ բանվորը կարում է 10 շալվար, ապա չինացի կամ թուրք բանվորը` 12, 13, նույնիսկ՝ 15-20: Մենք առարկեցինք` միգուցե աշխատավարձի հարցում տարբերություն չի տեսնում, ուստի բնական է, որ կփորձի քիչ աշխատել ու վաստակել նույնը, ինչ շատ աշխատելու դեպքում է: Բայց Գելեջին չհամաձայնեց՝ նշելով, որ որքան շատ աշխատի, այնքան շատ կվաստակի իր աշխատողը, բայց չի անում: Բացի այդ, առավոտյան մոտ կես ժամ աշխատողներն ուշանում են կամ վերջին պահին են հասնում ու մինչև «հունի մեջ են ընկնում», ման են գալիս, զրուցում. մի խոսքով՝ չեն աշխատում: Ընդմիջումից կես ժամ առաջ արդեն սկսում են գլուխ պահել, շրջել, գնալ լվացվելու, սեղան գցելու և այլն: Ընդմիջումից հետո էլ կես ժամ տևում է, մինչև սուրճ խմեն, նորից «հունի մեջ ընկնեն»: Երեկոյան էլ 30-40 րոպե շուտ սկսում են կամաց-կամաց տուն գնալ: Փաստորեն, գործատերը կորցնում է թանկագին 2 ժամ, որը եթե չկորցներ, աշխատողներն այդ ընթացքում աշխատեին, միգուցե Հայաստանն արտադրանքի ինքնարժեքի առումով ավելի հաջողակ լիներ ու սկսեր ավելի զարգանալ: Գելեջին նշում էր, որ անգամ առավոտյան անվճար սուրճը չօգնեց, որ մարդիկ ճիշտ ժամանակին աշխատանքի հասնեին:

Այնպես որ՝ զարմանանք, թե ոչ, Հայաստանն այսօր իսկապես որակյալ աշխատուժի խնդիր ունի: Ու զարմանալուց առավել ողբալի է, որ Հայաստանը միջոցներ է ծախսում, կրթահամալիրներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, բուհեր պահում, մասնագետներ պատրաստում, որոնք թողնում գնում են արտասահման՝ աշխատանք փնտրելու: Ու գտնում են, որովհետև ոչ մի երկիր չի հրաժարվի ուրիշ երկրի միջոցներով պատրաստված որակյալ կադրերից: Փաստորեն Հայաստանը դարձել է խոպանների համար կադրեր պատրաստող երկիր: Այնինչ, զարգանալու համար լավ, խոստումնալից կադրեր են պետք, կայուն զարգացում ապահովելու համար` հմուտ, փորձառու աշխատուժ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: