Հայերեն   English   Русский  

40 տարի առաջ այս օրը Շավարշ Կարապետյանը կատարեց իր սխրանքը


  
դիտումներ: 371

Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում, 11-անգամ եղել է աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ՝ աշխարհի չեմպիոն, 13 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն և ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։ Այս մրցանակների շարքը կարող էր համալրվել, եթե չլիներ 1976 թ. սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած չարաբաստիկ դեպքը:

Հենց այդ օրը Երևանյան լիճը գլորվեց տրոլեյբուս՝ 96 ուղևորներով։ Դեպքի պահին Շավարշ Կարապետյանը ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվել էր ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել էր եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել էր տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չէր հաջողվել։ Վերջին մոտեցման ժամանակ աֆֆեկտի ճնշման տակ 23-ամյա Շավարշը շփոթվել էր ու աթոռ դուրս բերել: Հետագայում նա ասուլիսի ժամանակ անկեղծացավ, որ ինքն իրեն այդ շփոթմունքի համար երբեք չներեց... նրա դուրս բերած աթոռը ինչ-որ մեկին կյանք էր արժեցել:

Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։

Պարզվում է, որ սա միակ դեպքը չէ, երբ հերոսը բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել:

1974 թ. հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից (համամիութենական սպորտային բազա օլիմպիական մրցումներին պատրաստվելու համար) ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատում է Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնացնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասաց իր հայտնի խոսքերը. «Ուղղակի ես ամենից մոտն էի…»։

Տարիներ անց նա Երևան վերադարձավ, և հերթական անգամ սխրանք կատարեց: Մարզահամերգային համալիրի հրդեհի ժամանակ նա էլի շատ մարդկանց կյանք է փրկել, այնույհետև օգնել է հրշեջներին հանգցնել կրակը:

Այժմ նա ապրում է Մոսկվայում, հաջողակ բիզնեսմեն է ու սիրված կերպար բոլորի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: