Հայերեն   English   Русский  

Եզդիները վիրավորված են Հայաստանի իշխանություններից


  
դիտումներ: 3192

Եզդիական համայնքի ներկայացուցիչները դիմել են նորանշանակ վարչապետին՝ բողոքելով ՀՀ 6 գյուղերի դպրոցներում եզդիերենին տրամադրվող դասաժամերի սղությունից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մասիսի տարածքայինի նախագահ՝ Քյարամ Սլոյանը նշեց, որ այդ գյուղերը եզդիաբնակ են, սակայն եզդիերեն լեզվով անցկացվում է 4 ժամ, իսկ քրդերեն՝ 10:

Նա ընդգծեց ՀՀ ԿԳՆ-ն որևէ միջոց չի ձեռնարկել հասկանալու համար՝ արդյոք այդ բնակավայրերում եզդիներ են ապրում, թե՝ քրդեր:

«Հայաստանի Հանրապետությունում ապրում է միայն մեկ քուրդ ընտանիք: Մնացածը, որոնք ներկայացվում են որպես քուրդ, ծախված եզդիներ են: Այդ գյուղերում միայն եզդիներ են ապրում: Այդ դեպքում ինչո՞ւ են քրդերեն դասավանդում»,- իր տարակուսանքը հայտնեց պարոն Սլոյանը:

եզդիներ

Եզդիների հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 4-ին այդ գյուղերի համայնքապետերի, դպրոցների տնօրենների և եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում է տեղի ունեցել: Արագածոտնի մարզպետարանի գրության համաձայն՝ Ալագյազ, Սիփան, Ջամշլու, Ռյա Թազայի բոլոր ներկայացուցիչները իրենց համարում են եզդի:

«Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը պետք է վերջ դնի այդ գյուղերում քրդական գաղափարախոսության քարոզմանը: Մենք չենք ուզում, որ մեր երեխաներին դասավանդեն քրդական լեզու և պատմություն: Մենք՝ եզդիներս, վիրավորված ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների անտարբերությունից»:

Բրո Հասանյանն ընդգծեց, որ եզդիներն ու հայերը դարեր շարունակ բարեկամներ են եղել և այդ կապը մինչև այժմ էլ ամուր է, սակայն վիրավորական է նման վերաբերմունքը:

Ըստ նրա՝ Հայաստանում այսօր կան Քրդական բանվորական կուսակցության քարոզչական գրասենյակներ, որոնք եզդիաբնակ գյուղերում հակաեզդիական պրոպագանդա են վարում. «Դա կատարվում է այսօր մեր հայրենիքում՝ Հայաստանում»,-ասաց նա:

Եզդիների նախագահի տեղակալ Գոգո Ասոյանը նշեց, որ իրենց պահանջն է՝ Հայաստանում եզդիների կրթության համար լիարժեք պայմաններ ստեղծելը. «Անգամ 4 ժամ քրդերեն չպետք է դասավանդվի. եթե եզդիաբնակ գյուղեր են, ո՞ւմ համար են այդ քրդերեն դասեր: Մենք կոչ ենք անում կառավարությանը հանձնաժողով ստեղծել, որի կազմում կլինեն նաև եզդիներ, գնալ այդ գյուղեր և արդարացի լուծել հարցը»,- ասաց Գոգո Ասոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: