Հայերեն   English   Русский  

​Լևոն Ջուլֆալակյան. «Մեզ պետք է լրջորեն մասնակցել աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը »


​Լևոն Ջուլֆալակյան. «Եթե մեր երկրի կառավարությունը, պետությունը գտնի, որ մեզ պետք է լրջորեն մասնակցել աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը` լիարժեք կազմով և վերադառնալ հաջողություններով, ապա այդպես էլ կանենք»


  
դիտումներ: 1621

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Օրերես մեր երկրի պատվիրակները Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մասնակցեցին միջազգային մրցաշարի և փայլուն հաջողության հասան: Մրցագորգ դուրս եկած Հայաստանի հավաքականի 10 անդամներից 7-ը դարձան մեդալակիր: Կատարվածն ահա թե ինչպես մեկնաբանեց հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:

- Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայացած միջազգային մրցաշարն աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկների համար կարողությունները փորձելու լավ հնարավորություն էր: Ընդ որում, հավաքականի հիմնական կազմի ըմբիշների համար սա վերջին միջազգային մրցաշարն էր: Ցանկանում էինք ընդհանուր պատկերացում կազմել, թե հավաքականի անդամներն ինչ մարզավիճակում են, կատարված աշխատանքն ինքանով է արդյունավետ: Ավանդական այս մրցաշարը մասնակիցների ներկայացուցչական կազմ է հավաքում և լավագույններից է:
Մեր ըմբիշների մասնակցությունից հիմնականում գոհ եմ: Կան նաև թերություններ, որոնք պետք է շտկել: Այդուհանդերձ, 8 քաշային կարգից 6-ում Հայաստանի ներկայացուցիչները տիրացել են ոսկե պարգևի: Ընդ որում, գերծանր քաշային կարգում հայտավորված ըմբիշ չունեինք: Միայն 80 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից: Ռաֆիկ Մանուկյանը վնասվածք ուներ: Իսկ Հրաչ Հովհաննիսյանը պարտվեց ուժեղ մրցակցի, բայց վնասվածքի պատճառով հաջորդ շրջանում դուրս մնաց պայքարից: Ակնկալում էի, որ նա կհասնի մինչև եզրափակիչ, մեր մարզիկը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն կստանա և առնվազն բրոնզե մեդալ կունենանք: Հաղթող դարձան Ռոման Ամոյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), իսկ նույն քաշային Կարեն Ասլանյանը բավարարվեց 3-րդ մրցանակով: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին նաև Վարշամ Բորանյանը (70 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

- Այդ մրցաշարին ուղևորվելուց առաջ ձեր ինքնազգացողությունն անսպասելիորեն վատացել էր, դա չխանգարե՞ց:
- Ես շատ արագ ապաքինվեցի: Աշխարհի տարբեր երկրներում բնակվող իմ ընկերներն անհանգստացած էին, երբ այդ մասին հայկական լրատվամիջոցներում հաղորդագրություններ հրապարակվեցին, բոլորը զանգահարում էին, հետաքրքրվում իմ առողջական վիճակով: 5 օր պահանջվեց, որպեսզի կազդուրվեմ: Այժմ ինքնազգացողությունս լավ է:

- Ռոման Ամոյանը և Կարեն Ասլանյանը նույն քաշային կարգում են հանդես գալիս: Միջազգային այս ստուգատեսից հետո կողմնորշվե՞լ եք, թե Հայաստանի հավաքականի կազմում նրանցից ով հանդես կգա աշխարհի առաջնությունում:
- Արդեն կողմնորոշվել եմ, թե բոլոր քաշային կարգերում ովքեր են մասնակցելու աշխարհի առաջնությանը, սակայն հավաքականի կազմը հայտնելու իրավունք ինձ չեմ վերապահում, քանի որ հիմա նախպատրաստական փուլ է: Ոչ մեկը չի կարող ասել, թե երկու ամիս հետո ինչ կլինի: Ակնհայտ է, որ Ամոյանը մի շարք առավելություններ ունի: Սակայն բոլոր քաշային կարգերում էլ ցանկացած ըմբիշ, եթե ճիշտ չնախապատրաստվի, լրջորեն չմոտենա առաջադրանքին, բնականաբար, չի մասնակցի:

- Աշխարհի առաջնությունից երկու ամիս առաջ մեր ըմբիշների ցույց տված վերջին փայլուն արդյունքը նաև մտավախություն է առաջացնում: Հնարավո՞ր է, որ նրանք կարողանան այդքան երկար պահպանել իրենց պատրաստականության մակարդակը և աշխարհի առաջնությանը ներկայանան կրկին լավ մարզավիճակում:
- Հայաստանի հավաքականի ոչ բոլոր ըմբիշներն են իրենց լավագույն մարզավիճակում եղել: Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքի ընթացքում ուշադրություն է դարձվել ըմբիշների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստկանության բարելավմանը: Չենք փորձել և չէինք էլ կարող այնպես անել, որ մեր ըմբիշներն իրենց լավագույն մարզավիճակում գտնվեն: Ընդ որում, մեր մրցակից երկրների հավաքականների ըմբիշները նույնպես լավագույն մարզավիճակով չէին ներկայացել մրցավայր: Այդուհանդերձ, մրցաշարի մակարդակը բարձր էր և նմանվում էր Եվրոպայի առաջնությանը: Ինչևէ, հաջողությունների նախկինում էլ հասել ենք, բայց բարձր մակարդակի միջազգային մրցաշարում 6 հաղթող ունենալն արդեն լուրջ հայտ է, որ մերոնք կարող են իրենց լավագունս դրսևորել նաև աշխարհի առաջնությունում: Կփորձենք այնպես անել, որ Հայաստանի հավաքականի ըմբիշներն աշխարհի առաջնությունում կարողանան առավելագույնս դրսևորել իրենց ունակությունները:

- Դորտմունդում Հայաստանի հավաքականի կազմում գերծանրքաշային ըմբիշ չկար, աշխարհի առաջնությունում նույնը կրկնվելո՞ւ է: Ինչո՞վ է ներկայումս զբաղված մեր տիտղոսակիր գերծանրքաշայինը` Յուրի Պատրիկեևը:
- Հայաստանի հավաքականն ունի գերծանրքաշային ըմբիշ` Վաչիկ Եղիազարյանը: Նա մասնակցել էր Իրանում կայացած աշխարհի գավաթի խաղարկությայնը, ուսի վնասվածքը խանգարեց: Վաչիկը նախապատրստվում է աշխարհի առաջնությանը: Այդ քաշային կարգում կաղում ենք; Պատրիկեևը ներկայումս չի մարզվում, նաև չի հայտնել, որ մտադիր է մրցելույթ ունենալ: Այդ քաշային կարգում ունենք նաև երիտասարդ ըմբիշ` էդգար Խաչատրյանը: Առայժմ նա միայն երիտասարդական միջազգային մրցաշարերի է մասնակցում: Այդ ըմբիշը ներուժ ունի, հեռանկարային է, սակայն մեծահասակների միջազգային մրցաշարերում հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատի:

- Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը: Չե՞ք կարծում, որ բացթողման հետևանք էր այն, որ մեր երկրի ընտրանին անհաջողության է մատնվել Իրանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում` զիջելով մեր սահմանակից երկրների թիմերին, նաև 0:8 հաշվով պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչներին:
- Ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկության մրցաշարերը, որպես կանոն, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անցկացնում է Եվրոպայի առաջնություններին շատ մոտ ժամանակահատվածում: Այդ է պատճառը, որ Հայաստանի հավաքականի տարբեր քաշային կարգերի առաջին համարները չէին մասնակցում: Որոշ քաշային կարգերում մեր երրորդ համարներն էին մրցավայր ուղևորվել: Պարզապես անհրաժեշտ էր մասնակցել: Եթե հրաժարվեինք, ապա մեծ տուգանքներ պետք է վճարեինք: Բացի այդ, եթե Հայաստանի հավաքականում շատ ուժեղ ըմբիշներ կան, ապա իրավունք չունենք նրանց փոխարինողներ պատրաստելու մասին չմտածել: Իսկ ինչպե՞ս դա պետք է անել: Եթե այդ երիտասարդ ըմբիշներին միանգամից Եվրոպայի առաջնությունում հանդես գալու հնարավորություն տանք, ապա գուցե «կոտրվեն»: Ուստի, բոլոր մարզիկներն էլ պետք է անցնեն այդպիսի մրցաշարերի բովով: Ի դեպ, մեր հավաքականը մի քանի անգամ այդ ստուգատեսին ուժեղ կազմով է մասնակցել և բարձր արդյունքների է հասել:
Ես եմ որոշում, թե նախապատրաստական որ փուլում որ մարզիկները պետք է մասնակցեն: Այդ մրցումների արդյունքը կարևոր չէ, բայց եթե մեր երկրի կառավարությունը, պետությունը գտնի, որ մեզ պետք է լրջորեն մասնակցել աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը` լիարժեք կազմով և վերադառնալ հաջողություններով, ապա այդպես էլ կանենք: Կրկնում եմ, հավաքականի առաջատարներին անհրաժեշտ են փոխարինողներ, և երիտասարդ ըմբիշները պետք է այդպիսի մրցաշարերում բացահայտեն, թե ինչ առավելություններ և թերություններ ունեն, թրծվեն, վարպետանան:

- Շատ է խոսվում մեր ռուսաստանցի հայրենակից, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանի Հայաստանի հավաքականը համալրելու խնդրի շուրջ:
- Այդ հարցը կարգավորվել է, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից արդեն գրություն է ստացվել, որում նշված է, որ նա կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:

- Նախապատրաստական ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվելու առաջիկայում:
- Միհրան Հարությունյանը չէր կարող Հայաստանի հավաքականի կազմում միջազգային մրցաշարերի մասնակցել, բայց այժմ այդ հնարավորությունը նա ունի: Միհրանը կարողությունները կփորձի միջազգային մրցաշարերում, միաժամանակ հավաքականի իր թիմակիցների հետ ուսումնամարզական հավաքների կմասնակցի:
Հուլիսի սկզբին կուղևորվենք Ղրիմ: Վերջին ուսումնամարզական հավաքը նախատեսվում է անցկացնել Երևանում, այստեղից էլ կմեկնենք մրցավայր:

- Խնդիրներ չե՞ն ծագի Ղրիմ ուղևորվելու հարցում:
- Կարծում եմ` ոչ: Գնալու ենք Կրասնոդար, այնտեղից էլ` Ղրիմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: