Հայերեն   English   Русский  

​ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում


  
դիտումներ: 632

Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Բուլղարիայում անցկացվող միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 17-ին Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոսի աջակցությամբ կայացավ հայկական կամերային նվագախմբի համերգ՝ օտարազգի և հայ երգահանների ստեղծագործությունների կատարումներով:

Պլովդիվի կենտրոնական փողոցում բացվեց Հայաստանի տեսարժան վայրերը պատկերող 20-ից ավելի լուսանկարչական պաստառների ցուցադրություն: Միջոցառումներին մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Սեպտեմբերի 20-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ և հնչեց հայրապետական մաղթանք` ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 25-ամյակի: Սուրբ Պատարագին ներկա էին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Սոֆիայի հասարակական-քաղաքական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 21-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Սոֆիայի «Զանգեր» անունը կրող հուշահամալիրում Հայաստանը ներկայացնող զանգի տեղադրման արարողությանը, որին ներկա էին Բուլղարիայի պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով համառոտ ներկայացրեց անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի ձեռբերումներն ու դեռևս առկա մարտահրավերները:

Տեղեկանք: «Զանգեր» կոչվող համալիրը, որը կառուցվել է դեռևս 1979 թվականին, նվիրված է աշխարհում խաղաղության հաստատմանն ու պահպանմանը: Այստեղ ներկայացված են շուրջ հարյուր երկրի և միջազգային կազմակերպության կողմից տեղադրված խորհրդանշական զանգեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: