Հայերեն   English   Русский  

Նոր մարզաձևեր` ՀՄԸՄ խաղերի ծրագրում


  
դիտումներ: 1142

Երևանում մեկնարկել են Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 9-րդ մարզական խաղերը: Համալիր ստուգատեսը կավարտվի օգոստոսի 3-ին: Երկրորդ անգամ է այն կազմակերպվում Հայաստանում, և կան մի շարք առանձնահատկություններ:

Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) ատենապետ, խաղերի կազմկոմիտեի անդամ Հրաչյա Շմավոնյանը հատկապես առանձնացրեց այն հանգամանքը, որ այս անգամ կազմակերպչական աշխատանքներում մեծ դեր են ունեցել ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Փաստը խոսուն է և վկայում է, որ ճակատագրի բերումով աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին միավորող, կապերն ավելի սերտացնելու հնարավորություն տվող այս միջոցառման դերն առավել կարևորվում է:

Խաղերը, որոնց կարող են մասնակցել 12-24 տարեկան պատանիները և երիտասարդները, առաջին անգամ ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության հովանավորությամբ կազմակերպվել են 1981-ին Կանադայում: Այնուհետև 4 տարին մեկ դրանք անցկացվել են ԱՄՆ-ում (երկու անգամ), Ֆրանսիայում, կրկին Կանադայում, Լիբանանում, Հունաստանում: 8-րդ խաղերի մասնակիցներին հյուրընկալել էր Հայաստանի մայրաքաղաքը: Եվ ահա աշխարհի 18 երկրների 651 մարզիկներ կրկին հավաքվել են Երևանում: Առաջին անգամ խաղերին մասնակցում են Քուվեյթի, Իրաքի և Եգիպտոսի ներկայացուցիչները:

Հավելենք, որ ՀՄԸՄ-ն մարզական և սկաուտական կազմակերպություն է, որը հիմնվել է 1918-ին Կոստանդնուպոլսում: Այն հարում է ՀՅԴ-ին: Ներկայումս ՀՄԸՄ-ն աշխարհի 25 երկրներում ունի 100 մասնաճյուղ, որոնց անդամագրված է 25 հազարից ավելի մարդ: Հայաստանում կազմակերպության անդամների թիվը հասնում է 2 հազարի:

Խաղերի ծրագրում 8 մարզաձև կա` ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, սեղանի թենիսը, թենիսը, շախմատը, աթլետիկան, լողը: Նախորդ խաղերի համեմատությամբ մարզաձևերի թիվն ավելացել է 3-ով: Իրենց նորամուտն են նշում վոլեյբոլի, թենիսի, աթլետիկայի ներկայացուցիչները: Ընդ որում, տարբեր մարզաձևերի մեկնարկներն անցկացվում են մեր երկրի լավագույն մարզաբազաներում:

Խաղերի մասնակիցներից շատերն առաջին անգամ են Հայաստանում և լավ հնարավորություն են ստացել անմիջականորեն ծանոթանալու երկրին, լինելու տեսարժան վայրերում, կատարելագործելու հայերենը: Ի դեպ, հուլիսի 31-ը հայտարարված էր ազատ օր, մրցումներ չկայացան: Մասնակիցներն այցելեցին Հայաստանի իրենց նախընտրած վայրերը:

Մրցասպարեզներում թեժ պայքարը շարունակվում է: Աչքի ընկնողներին սպասում են հուշագավաթներ և պարգևներ: Խաղերը կավարտվեն օգոստոսի 3-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: