Հայերեն   English   Русский  

Բուհերում կլաստերային աուդիտ կիրականացվի. քննարկում ԿԳՆ, ՈԱԱԿ և բուհերի մասնակցությամբ


  
դիտումներ: 2830

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորներն այսօր Կրթության և գիտության նախարարությունում հանդիպում ունեցան ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել բուհերում կլաստերային աուդիտ անցկացնելու համատեղ մշակված ծրագիրը:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ բուհերի հետ քննարկումների արդյունքում եզրակացրել են, որ մասնագիտական կրթական ծրագրերի քանակը մեծ է, և յուրաքանչյուր մասնագիտության կրթական ծրագրի առանձին հավատարմագրումը բուհերի համար մեծ ֆինանսական բեռ կդառնա: Ուստի առաջարկվում է նախ բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ իրականացնել, որի արդյունքում բուհերը կպատրաստվեն ծրագրային հավատարմագրմանը, ինչպես նաև նույն կրթական ծրագրերն ունեցող բուհերի միջև համեմատության հնարավորություն կլինի:

Պարոն Թոփչյանի խոսքով`կլաստերային աուդիտը կխթանի մասնագիտությունների խոշորացմանը և հավատարմագրման ծախսերի կրճատմանը:

Ըստ առաջարկվող ծրագրի` կլաստերային աուդիտը պարտադիր պետք է լինի բոլոր բուհերի համար: Յուրաքանչյուր կլաստերում ուսումնասիրություն կիրականացվի 4 չափանիշներով` մասնագիտության կրթական ծրագրեր; գնահատում, դասավանդում և ուսումնառություն; դասախոսական կազմ և ռեսուրսներ; որակի ապահովում:

ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, կարևորելով հավատարմագրումը, նշեց, որ որակի հավաստման շրջափուլային գործընթացի արդյուքնում աստիճանաբար ասպարեզից դուրս կմնան անորակ բուհերն ու մասնագիտության կրթական ծրագրերը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց բարձրագույն կրթության որակի ապահովմանը և բուհական համակարգի զարգացմանը միտված գործողությունները: Նա նշեց, որ Համաշխարհային բանկի հետ քննարկմանն առաջարկել է հաջորդ վարկային տրանշն ուղղել բարձրագույն կրթությանը:

Պարոն Մկրտչյանն առաջարկեց ՈԱԱԿ-ի և բուհերի մշակած ծրագիրը գրավոր տեսքով նախարարություն ներկայացնել` ռեկտորների խորհրդում քննարկելու և կլաստերային աուդիտի իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: ԿԳ նախարարը կարևորեց նաև ՈԱԱԿ առաջարկը, ըստ որի բուհերի համար ծրագրային հավատարմագրման որոշակի պարտադիր տոկոս պետք է սահմանվի յուրաքանչյուր տարվա համար: Նախարարը բուհերին առաջարկեց արդեն իսկ սկսել մշակել ծրագրային աուդիտին հաջորդող ծրագրային հավատարմագրման ճանապարհային քարտեզը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: