Հայերեն   English   Русский  

Ուրիշին տալու տարածք այլևս չունենք…


  
դիտումներ: 2018

Հարցազրույց Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանի հետ:

Նա «Ար աստծո պաշտամունքը Հայաստանում», «Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան», «Հայոց հնագույն պետություն. Միտանի» գրքերի, ինչպես նաև բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է:

- Գիտենք, որ հայերս հնագույն ժողովուրդ ենք: Մեր բազմաթիվ հարևանները չեն հասել մինչև XXI դար: Տիկին Տերյան, Ձեր կարծիքով ո՞րն է հայերի հարատևման գաղտնիքը:

- Հայերի հարատևման գաղտնիքի մասին տարբեր տեսակետներ կան: Ընդունված տեսակետ է, որ մեր կրոնի, մշակույթի, քաղաքակրթության շնորհիվ է: Այս ամենն ընդունում եմ, բայց իմ ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ մեր հարատևման գաղտնիքը նաև մեր տարածքի մեջ է: Պատմությունը ցույց է տալիս, որ փոքր տարածքով պետությունը չի կարող հարատևել. բավական է մի ճակատամարտ պարտության ելքով, որպեսզի այդ պետությունն այլևս դադարի իր գոյությունը: Իսկ երբ մեծ տարածքով պետությունն է ճակատամարտում պարտություն կրում կամ որևէ անհաջողություն ունենում, բնակչությունը կարողանում է կազմակերպված ձևով այդ երկրի մի տարածքից մյուսը տեղափոխվել և շարունակել զարգանալ` պահպանելով իր ինքնությունը, մշակույթը իր հայրենի երկրի սահմաններում:
Հնագույն ժամանակներում հայերով բնակեցված է եղել Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև ընկած հսկայական տարածքը: Մեր հարատևության գաղտնիքը մեր հսկայական տարածքների մեջ է եղել: Չեմ բացառում, իհարկե, մշակույթը, քաղաքակրթությունը, արհեստը, առևտուրը, բայց հիմնական գործոնը, կարծում եմ, տարածքն է եղել:

- Ձեր գիտական հոդվածներում նշում եք, որ հայը միայն իր հայրենիքի սահմաններում կարող է պահպանել իր ինքնությունը, մշակույթը: Մյուս կողմից էլ ներկայումս մեր պետության տարածքն այնքան մեծ չէ, որ տեղից տեղ տեղափոխվելու և ռեաբիլիտացվելու հնարավորություն տա: Ի՞նչ լուծում կա այս խնդրին:

- Կարող եմ գարդմանահայության օրինակը բերել: Արցախյան պատերազմի ժամանակ մոտավորապես կես մլն հայություն այստեղ եկավ, բայց նրանք չկարողացան ինտեգրվել, որովհետև կարծես տարածքը փոքր էր: Իհարկե, մեծ ցանկության դեպքում հնարավոր էր ամեն ինչ կազմակերպել, բայց պատերազմի խառը տարիներն էին, և ցիրուցան եղան: Իհարկե, իշխանությունների մեղքն է, որ չկարողացան ինտեգրվել, բայց տարածքն էլ իր նշանակությունն ունեցավ: Այսօր սիրիահայերի և ուկրաինահայերի օրինակով կարող ենք ասել, որ պիտի մտածենք հայությանը Հայաստան բերելու, այստեղ հաստատվելու, ինտեգրվելու համար պայմաններ ստեղծելու մասին: Այսպես նաև շարունակվելու է:

Մենք այնքան ենք սեղմվել, որ հիմա այլևս սեղմվելու տեղ չունենք, պիտի ընդարձակվենք, իսկ դրա համար հարկավոր է ուժ` ռազմական և տնտեսական հզորություն:
Պետք է աշխատենք եղած պայմաններով: Տարածքը մեծ չէ, բայց ընդարձակվելու համար կարելի է ինչ-որ բան կազմակերպել: Դա արդեն կախված է մեր իշխանավորներից: Տարածվելն այլընտրանք չունի: Օրինակ` մենք Սևրի պայմանագիր ունենք, որը պետք է վերակենդանացնել: Մենք ամեն ինչ կարող ենք անել, միայն շատ մեծ ցանկություն լինի: Դրա համար նախ պետք է այնպիսի սերունդ կրթել, որը կարողանա մտածել նախ և առաջ ժողովրդի, ոչ թե իր բարեկեցության մասին:

- Մի իրավիճակում ենք, երբ սեղմվելու տեղ այլևս չունենք, բայց մյուս կողմից էլ խոսվում է տարածքներ հանձնելու մասին: Որքանո՞վ են տեղին նման խոսակցությունները: Նման փոքր տարածք ունենալը նշանակում է, որ մենք վերացման վտանգի տա՞կ ենք:

- Ուրիշին տալու տարածք այլևս չունենք: Նորից եմ ասում, այնպիսի վիճակի ենք հասել, որ այլևս սեղմվելու տեղ չունենք: Իշխանավորից մինչև շարքային քաղաքացի, բոլորը պետք է հասկանան, որ միայն մի տարբերակ ունենք գոյատևելու, դա տարածքն է, առանց տարածքի իսկապես չենք կարող:
Գենետիկորեն է կարծես գալիս, որ հայն ընդարձակվելու, իր ամեն ինչը ցուցադրելու կարիք ունի, դրա համար են թողնում գնում այլ երկրներ: Պետք է հային հնարավորություն տալ, որ իր հայրենիքում ինքնադրսևորվի, այլապես աչքն ուղղում է դեպի այլ երկրներ, որտեղ կկարողանա ինքնադրսևորվել: Ուրեմն ինչքա~ն պետք է մեր իշխանավորները խելամիտ, ազգասեր և հայրենասեր լինեն, շատ լավ իմանան մեր ժողովրդի պատմությունը, անցյալը, որ կարողանան կառուցել մեր բոլորի ապագան:

- Ձեր հոդվածներում նշում եք, որ հնագույն ժամանակներում տարբեր պատճառներով հեռացել են Հայաստանից ու հայտնվել Եվրոպայում: Այդ ամենը հիմնավորող փաստեր կա՞ն:

- Իհարկե կան: Հիմա ես աշխատում եմ «Եվրոպական ժողովուրդների գրավոր աղբյուրներն իրենց նախահայրենիքի` հայերի և Հայաստանի մասին» աշխատության վրա: Այս գրքում ի մի պիտի բերվեն բոլոր փաստերը, որոնք հայտնի են: Չգիտեմ, թե ինչու է այդպես, բայց միշտ հոսք է եղել այստեղից, հատկապես վերջին երկու հազարամյակում:
Ամեն ինչ կարծես ստիպում էր, որ մեր ժողովուրդը չկարողանա ուժեղ պետություն ունենալ, իսկ այդ պարագայում քո ուժը, հատկապես ռազմականը, օտարներն են օգտագործում: Հայ զինվորականները մասնակցել են հռոմեական, բյուզանդական արշավանքներին: Հայերին դաժանությունները բնորոշ չեն, ուստի անարդարացի մղվող պատերազմները դրդել են հայերին լքել բանակը և հաստատվել այն վայրերում, որտեղ իրենք պատերազմ են մղել: Այսպես առաջացել են հայկական գաղութներ: Հետաքրքիրն այն է, որ հայկական ցեղերն անգամ հարյուրամյակներ անց պահպանել են հիշողությունը, թե որտեղից են եկել: Եվ սկսել են դա գրի առնել: Անգլիայի պատմության հնագույն փաստաթուղթը անգլո-սաքսոնական քրոնիկներ փաստաթուղթն է, որտեղ բացահայտորեն գրված է, որ Անգլիայի հնագույն բնակիչները` բրիտները, եկել են Արմենիայից` Հայաստանից:
Նույն գրավոր աղբյուրները գերմանացիների մոտ կան: IX-XI դարերի գերմանական բազմաթիվ աղբյուրներ` «Անոյի երգը», «Կայսեր քրոնիկ», վկայում են, որ գերմանական ժողովրդի կազմավորմանը մասնակցած մի շատ խոշոր ցեղախումբ` բավարական ցեղերը, հայկական ծագում ունեն: Դա իրենք են գրում, մենք չենք ասում: Բասկերի մասին բոլորը գիտեն: Էլի գրավոր փաստաթղթեր կան այդ մասին:
Մի խոսքով, շատ-շատ են տեղեկությունները, որ Եվրոպայի այսօրվա ժողովուրդների նախահայրերը գնացել են Հայաստանից:
Աշխարհի հնագույն քարտեզներում` սկսած մ.թ.ա. VI դարի Բաբելոնյան քարտեզից մինչև XIX դար, բոլորի վրա, անկախ նրանից` Հայաստանը պետականություն ունի, թե ոչ, Հայաստանը նշված է, իսկ այս ամենը վկայում է հայերի հնագույն ծագման և Հայաստան պետության գոյության մասին` սկսած հնագույն ժամանակներից:

- Այժմ բազմաթիվ բացահայտումներ են լինում, որոնք վկայում են, որ Հայաստանը եղել է այս կամ այն հայտնագործության, երևույթի բնօրրանը, բայց մարդկությունը կարծես չի ուզում լսել դրա մասին: Ի՞նչ կարող ենք անել, որ մեր ձայնը լսելի դարձնենք աշխարհին:

- Մինչև XIX դարը Հայաստանը Եվրոպայի ժողովուրդների հոգևոր ընկալումներում ինչ-որ հեռավոր հիշողություն էր, որ պատկերանում էր որպես հպարտ ու քաջարի ժողովրդի երկիր: Բայց XIX դարի երկրորդ կեսին աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է: Սկսվում է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն ազդեցության գոտիների համար: Գործում էին նաև աշխարհը կառավարել փորձող ուժերը, որոնք ձգտում էին կառավարելի դարձնել բոլորին: Իմ կարծիքով, հայերն այն ժողովուրդն են, որ չէին ենթարկվի աշխարհը կառավարել փորձողներին: Այս պայմաններում հայերի միավորման փորձերը նույնպես չէին ստացվում, Հայաստանը երեք պետությունների միջև էր բաժանված` Ռուսաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի:
Եվրոպացիներին ինչ-որ առումով հաճելի չէր նման խեղճուկրակ նախնի ունենալ: Նաև ազդեց քաղաքական իրավիճակը. ռուսական կողմնորոշման պատճառով հակահայկական տրամադրություններ առաջացան Եվրոպայում: XIX դարի կեսերից հայերին սկսեցին անտեսել: Ցավոք, այսօր էլ նույնը շարունակվում է:
Բայց այն ժամանակ մենք պետություն չունեինք, չէինք կարող ինքներս մեզ ներկայացնել, իսկ այսօր կարող ենք: Խորհրդային տարիներին համահարթեցման քաղաքականություն էր տարվում, ինչը թույլ չտվեց բարձրաձայնել: Բացի այդ, խորհրդային պատմագրության մեջ պատմաբաններ կային, որոնք ամեն ինչ անում էին, որ հայերն իրենց իրական պատմությունը չիմանան: Այսօր էլ ինչ-որ չափով շարունակվում է նույն բանը: Հիմա Խորհրդային Միությունը չկա, այդ պատմաբանները չկան, բայց նրանց աճեցրած կադրերը կան, որոնք շարունակում են նույն քաղաքականությունը:
Պետք է հասկանանք, որ ինքներս պետք է գրենք մեր պատմությունը, և այն նախ պետք է ներկայացնենք մեր ժողովրդին, այնուհետև` օտարներին:

- Ասացիք, որ մենք պետք է գրենք մեր պատմությունը: Դպրոցական դասագրքերն էլ մենք ենք գրում: Որքանո՞վ է մեր պատմությունը ճիշտ ներկայացվում մատաղ սերնդին:

- Ճիշտ եք ասում, մեր դասագրքերն էլ ցույց չեն տալիս պատմությունը: Դա ինչ-որ չափով շարունակությունն է խորհրդային տարիներից եկող պատմության, քանի որ այդ գրքերն էլ գրվել և խմբագրվել են այդ նույն մասնագետների կողմից: Մինչդեռ դպրոցը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ժողովրդի կյանքում: Հենց դպրոցից է ձևավորվում ազգասիրությունը: Իսկապես, մեր դպրոցը մեծ անելիք ունի:

- Հաճախ մեղադրում ենք, որ օտարները` թուրքերը, ադրբեջանցիները, ավերում են մեր պատմական ժառանգությունը հայկական հետքը ջնջելու համար: Իսկ մենք որքանո՞վ ենք գնահատում և պահպանում մեր պատմական ժառանգությունը:

- 20 տարի առաջ սկսեցին Երևանն ավերել: Եթե այդ ժամանակ Նարեկ Սարգսյանը չլիներ Երևանի գլխավոր ճարտարապետը, հիմա կարող էինք բոլորովին այլ` ազգային ճարտարապետությամբ կառուցված մայրաքաղաք ունենալ, ոչ թե կանաչ-կապույտ ապակիներով բարձրահարկեր, որոնք տվյալ սեյսմիկ գոտում հակացուցված են: Համոզված եմ, որ եթե Թամանյանի նման մեկ այլ ճարտարապետ ունենայինք, կունենայինք մի հրաշալի կանաչապատ ազգային քաղաք:

- Տիկին Տերյան, անցյալի ու ներկայի պատմական դասերը հաշվի առնելով` ի՞նչ ապագա պիտի կառուցենք ու ինչպե՞ս պետք է դա անենք:

- Նախ, սերունդ պիտի ունենանք, ազգասեր, հայրենիքի համար պատրաստ ամեն ինչի, որը գիտի թե ինչ ունի և ինչի է ուզում հասնել: Եթե ամեն բնագավառում լինի համապատասխան լավ մասնագետը, ամեն մեկն իր տեղում լինի, մասնագետները ղեկավարեն մեր հանրապետությունը, մեր քաղաքը, ամեն ինչ շատ լավ կլինի:
Կարևոր է, որ ղեկավարները նաև անցյալն իմանան: Աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի այն պատմությունը, որ ունի հայ ժողովուրդը: Մեր պատմությունը մի հզոր զենք է, որը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել:
Մեր պատմությունը մեր շարժիչ ուժն է դեպի ապագա, իմանանք անցյալը, որ կարողանանք կերտել ապագան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: