Հայերեն   English   Русский  

​Առանց անվերապահ քարտ բլանշի որևէ թիմ լուրջ փոփոխություն չի կարող անել


  
դիտումներ: 5454

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեզանում ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը նոր կառավարությունն է, թե ինչ ծրագիր կներկայացնի, ինչ փոփոխություններ կիրականացնի ու առհասարակ կկարողանա՞ արդյոք իրապես փոխելՀայաստանի կառավարման որակն ու բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը: Հեռանկարների ու նոր վարչապետի նախաձեռնությունների մասին «Անկախը» զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

- Պարո՛ն Մեսրոբյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք վերաբերվում հայտարարված փոփոխություններին ու նախաձեռնություններին:

- Նոր կառավարության համար ամենավտանգավոր պահն այն է, որ Հայաստանում հենարան չունի խավի տեսքով, ուժի տեսքով, մարդկանց խմբավորման տեսքով և այլն: Իշխանական ուժերը չեն ցանկանա, որ իրական` խորքային փոփոխություններ լինեն, որովհետև նրանց հետ փոխկապակցված են նաև օլիգարխները, այնտեղ մեծ հետաքրքրություններ կան և այլն, ու բնական է, որ նրանց ձեռնտու է, որ իրավիճակը, ըստ էության, չփոխվի, իսկ ըստ ձևի, միգուցե: Ընդդիմադիր ուժերին նույնպես պետք չէ, որ այս կառավարությունը հաջող լինի, որովհետև բնական է` նրանց հռետորաբանությունն է այդ դեպքում թուլանալու, իսկ դա նրանց ընդհանրապես պետք չէ: Եվ երրորդ ուժը ծայրահեղական ընդդիմադիրներն են, նրանք էլ ընդհանրապես կառուցողական դաշտում գոյություն չունեն, և եթե հանկարծ հրաշք լինի ու կառավարությունը հաջողի, այդ դեպքում նրանք արդեն ֆիզիկապես պետք չեն լինի որպես ծայրահեղ ընդդիմադիր: Երբ երկիրը սկսում է զարգանալ, ծայրահեղ ընդդիմադիրներն այդ երկրում արդեն պետք չեն լինում: Ուրեմն մնում է ժողովուրդը:

- Ենթադրում եմ, որ ժողովրդն անկեղծորեն կուզի, որ իրավիճակն իսկապես փոփոխվի ու բարելավվի:

- Ասեմ, թե ժողովրդի պրոբլեմը որն է: Արդեն քանի անգամ տարբեր փոփոխություններ են խոստացել, և որպես կանոն՝ վերջնարդյունքում դրանք չեն ստացվել: Ու բնական է, որ վերջին 25 տարվա ընթացքում ժողովրդի հիմնական մասը լավագույն դեպքում կասկածով է վերաբերվում ցանկացած նախաձեռնության, իսկ իրականում չի հավատում: Դրա համար նոր վարչապետը մի քայլ արեց, երբ հայտարարեց գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին, որպեսզի գոնե ինչ-որ հենարան ստեղծի: Որովհետև ոչ մի կառավարություն որևէ հենարան չունի: Ավելին ասեմ` մեր ողբերգությունն այն է, որ ով էլ ուզի Հայաստանում վիճակն անկեղծ շտկել, պետությունն ուժեղացնել, միևնույն է, հենարան չունի: Դա մեր ծուղակն է:

- Իսկ եթե անդրադառնանք արդեն իսկ հայտարարված փոփոխությունների ցանկությանը, պարո՛ն Մեսրոբյան, որպես մասնագետ նայելիս ի՞նչ եք կարծում, ի՞նչ որակ են ենթադրում այդ փոփոխությունները, արդյոք պահանջված նվազագույն պահանջներին համապատասխանո՞ւմ է փոփոխությունների տրամաբանությունը:

- Ես դեռ պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու, քանի որ դեռ ներկայացված չէ նոր կառավարության ծրագիրը. առանց ծրագրի դժվար է ըստ էության խոսել:

- Կառավարությունը որոշակի կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնություն դրսևորեց, հատկապես՝ գերատեսչությունների անվանումների փոփոխություններով, դա ի՞նչ նորություն կարող է բերել:

- Անկեղծ ասեմ՝ ով առանց ծրագրի սկսի անուններ ու անվանումներ քննարկել, դա կլինի շառլատանություն: Ոչինչ չի կարելի ըստ էության ասել, եթե պարզ չէ ծրագիրն ու ծանոթ չես զարգացման վեկտորին, կամ կա՞ զարգացում, թե՞ ոչ: Եթե ճանապարհը դեռ բացահայտված չէ, ուրեմն թե ինչ ավտոմեքենայով եք գնալու, ինչ բենզին եք լցնելու և այլն, դեռ պարզ չէ: Անիմաստ է դրա մասին խոսել մինչ ծրագիրը, մինչ վեկտորի հստակեցումը: Երբ ես տեսնում եմ` ԶԼՄ-ներով սկսում են ինչ-որ բան քննարկել էության շուրջ և այլն, ասում եմ` ա՛յ բալամ, ծրագիրը գիտե՞ս, որ խոսում ես: Ինչպե՞ս կարելի է, ուղեցույցը չունենալով, խոսել, թե դա լավ է կամ վատ: Ես դա ոչ մի կերպ չեմ պատկերացնում, նոստրադամուսյան հնարքներին չեմ տիրապետում:

- Իսկ եթե դիտարկենք ազդակնե՞րը հանձնարարականների տեսքով, որոնք արեց վարչապետը, օրինակ, որ պետք է բիզնեսի ձեռքից բռնած տանել պետական ամբողջ ապարատով ու բյուրոկրատական քաշքշուկը չեզոքացնել, թե պրիմիտիվ գողությունը պետք է վերջացնել, կառավարման ժանգոտած համակարգերի մասին խոսեց և այլն:

- Դե պարզ է` վարչապետն ինչ-որ բաներ պետք է ասի, չի կարող, չէ,՞ խուլ ու համրի պես նստած մնալ: Հիմա հնարավոր է` ինչ-որ բան ասում է պահի տակ, ինչ-որ բան ասում է ծրագրված, բայց կրկնեմ` քանի դեռ ծրագիր չկա, չենք կարող ասել, թե նրա ծրագիրն ու հայտարարությունները էությանն են վերաբերում: Չեմ հասկանում` ինչո՞ւ ենք շտապում, երբ դեռ ուղենիշներ չունենք:

- Հարցին մոտենանք փոքր-ինչ այլ տեսանկյունից. ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է առաջարկի նոր վարչապետը բովանդակային իմաստով:

- Եթե նոր կառավարությունը միտված է Հայաստանում վիճակը սկզբունքորեն փոխելուն, ուրեմն դա կլինի պայքար ստվերի դեմ, պայքար մենաշնորհների դեմ, արհեստական մենաշնորհների և մի շարք երևույթների դեմ, ինչը շեշտակի կբարձրացնի այդ կառավարության թշնամիների թիվը: Օրինակ` եթե նա անկեղծ պայքար է հայտարարում ստվերի դեմ, պատկերացնո՞ւմ եք, թե քանի թշնամի է առաջանում, եթե պայքար է հայտարարում արհեստական մենաշնորհների դեմ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թշնամիներ է վաստակում: Այսինքն՝ սա այն է, ինչ ես սկզբում ասում էի. հենարան չունի: Ցանկացած խումբ, որն ուզի լուրջ փոփոխություններ անել Հայաստանում, հերիք չէ, եթե հենարան չունի, դեռ մի բան էլ նոր թշնամիներ ձեռք կբերի: Իսկ մնացած կուսակցությունները, քաղաքական, քաղաքացիական ուժերը բանի պետք չեն, բանի պետք լինեին՝ 25 տարում կունենային և՛ ծրագիր, և՛ թիմ, և՛ պատրաստակամություն: Քանի որ 25 տարի օդ են թնդացնում, ես նրանց լուրջ ուժ չեմ համարում, բայց նրանք ցանկացած պոտենցիալ լավ թիմի պոտենցիալ թշնամի են: Իսկ գործունեության առումով ինչի դեմ նոր վարչապետը սկսի պայքարել, տվյալ թիմը կդառնա իր թշնամին:

- Այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում, ո՞ր ճանապարհը կընտրի վարչապետը, էական փոփոխությունների՞, թե՞ կհարմարվի գործող, արմատացած կարգերին:

- Թե ինչ կընտրի, ես Կարեն Կարապետյանը չեմ, որ նրա փոխարեն ասեմ, ժամանակը կգա, ինքն էլ կասի: Ես կարող եմ ասել, որ մեկ բացարձակ պայման, որ պետք է լինի, հույս ունենալն է, որ եթե ուզում են փոփոխություններ անել, դրանք լինեն հաջողված, ու երկիրը սկսի զարգանալ: Այն մարդը կամ այն թիմը, որը կուզենա լուրջ փոփոխություններ անել երկրում ու զարգացնել Հայաստանը, մեկ պարտադիր պայման պետք է ունենա` 100 տոկոսանոց՝ անվերապահ քարտ բլանշ: Եթե չկա այդ անվերապահ քարտ բլանշը, ապա ցանկացած ծրագիր գրեք ավազի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: