Հայերեն   English   Русский  

«Թվում է`ես ինձ հիշում եմ իմ ծննդյան օրից». Հենրիկ Մալյան


  
դիտումներ: 1495

Այսօր հայ նշանավոր կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է:

Հենրիկ Մալյան

«Թվում է` ես ինձ հիշում եմ իմ ծննդյան օրից:

Երբ կկոցած աչքերիս միջից մեր գորշավուն առաստաղի ֆոնի վրա տեսա, հավանաբար, իմ մայրիկի, հայրիկի, քրոջ և մորաքրոջ հետաքրքրված հայացքները, որ լի էին զարմանալի ու անկրկնելի էակ ընկալելու տենչանքով»:

Հայ նշանավոր կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թ. սեպտեմբերի 30 -ին, Վրաստանի Թելավ քաղաքում:

Միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսում: 1942 թ., դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է տեղի թիվ 31 գործարանում` որպես փականագործ:

1945-51թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում` Լևոն Քալանթարի արվեստանոցում: 1951-53 թթ. աշխատել է Արտաշատի, Կիրովականի, Ղափանի թատրոններում:

1951 թ. բեմադրել է Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1952 թվականին` Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», 1953 թվականին` Պարոնյանի «Պաղտասար ախպար», Չեխովի «Արջը» ներկայացումները: 1953 թ. սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացներում:

1954-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, սկզբում` որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` ռեժիսոր: 1960 թ. Հ. Մարգարյանի հետ համատեղ նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը:

Ինչպես ինքն է գրում. «Ռեժիսուրայի առաջին դասերն առել եմ իմ հորից ... նա շատ նուրբ դիտողականություն ուներ, ստեղծագործելու անսպառ եռանդ, հումարի անկրկնելի շնորհք ու տաղանդ»:

Մալյանի առաջին ֆիլմերը հիմնականում քնարակատակերգական են` «Նվագախմբի տղաները» (1960 թ., Հենրիկ Մարգարյանի հետ), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ., Լևոն Իսահակյանի հետ, նվիրված է հանրաճանաչ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.): Նրա լավագույն ֆիլմերից «Եռանկյունին» (1967 թ.) շրջադարձային էր ազգային նոր՝ բանաստեղծական կինոարվեստի ստեղծման համար: Այս կինոնկարում իշխում են անմիջականությունը, գեղարվեստական հզոր խոսքը, ռեժիսորական նուրբ ճաշակը:

Մալյանը, «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (ըստ Վահան Թոթովենցի, 1980 թ.) և այլ կինոնկարների համար ընտրելով ոչ ծավալուն սյուժեներ, հասել է իմաստային ու հոգեբանական խոր ընդհանրացումների: Իր հերոսների ճակատագրերը, խոհերն ու ապրումները շաղկապել է ժամանակակից խոշոր իրադարձություններին, սոցիալ-տնտեսական խմորումներին:

Հենրիկ Մալյանի կարծիքով ռեժիսուրան կուտակումների մասնագիտություն է ... զգայական, գունային, հոգեբանական կուտակումների ... Երևի թե սրտին մոտ, նրա տակ կամ նրա վրա կա մի երբեք չարտահյտվող օրգան՝ ֆիզիոլոգների կողմից նույնիսկ չբացահայտվող, որն իր հիշողության մեջ է պահում այդ կուտակումները և ապա, այդ բոլորը շաղախելով իրար, ստեղծագործական մի վեհ պահի պոռթկում է, որը և դառնում է արվեստի նշան, արվեստի պահ, արվեստի փաստ:

«Ստացվում է այնպես, - գրում է նա, - որ իմ ստեղծագործական հիմնական ընթացքը խմորվում է այն ժամանակ, երբ չեմ նկարահանում կամ էլ նպատակ չունեմ: Նկարահանումների ընթացքում ստեղծագործական րոպեների համար քիչ ժամանակ է մնում: Մինչ նկարահանումներն սկսելը սցենարը կարդում եմ բազմաթիվ, նույնիսկ հարյուր, երկու հարյուր անգամ, մինչև որ այն դառնում է մարսված նյութ: Հերոսներին էկրանում տեսնում եմ գործողության մեջ, որոշում ամեն մեկի անելիքը: Դերաբաշխումը կատարելուց հետո կերպարներն այլևս ինձ համար սցենարում գրված անուններ չեն, այլ` որոշակի դերասաններ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: