Հայերեն   English   Русский  

​Հայրենադարձության պատմություն, որ փոխում է հայրենասիրության մասին ստանդարտ պատկերացումները


  
դիտումներ: 6675

Հունիսի 27-ին ֆեյսբուքյան օգտատեր Նելլի Շուշի Մարտիրոսյանի գրառումն այն մասին, որ ինքն ամուսնու` Ստեփանի ու փոքրիկ դստեր` Շուշիի հետ ԱՄՆ-ից մեկընդմիշտ վերադառնում է Հայաստան, շուրջ 5700 «լայք» էր ստացել ու հուզել հազարավոր հայերի. «Մամ ջան, մի՛ լացի։ Ես գնում եմ իմ սրտի երկիրն ապրելու։

Ես գնում եմ ինձ թթվածին տվող երկիրն ապրելու։ Մարդ ինչպե՞ս կապրի առանց թթվածնի։ Ես ուզում եմ ողջ լինել։ Դու գիտես, որ ես կազմեցի երջանիկ ընտանիք, վերջին 17 տարիների ընթացքում հասա բոլոր այն բաներին, որոնց ուզում էի հասնել ԱՄՆ-֊ում նախքան Հայաստան վերադառնալս։ Բայց իմ կյանքում կա մի բաց, որն անփոխարինելի է։ Դա Հայաստանի բացն է։ Ե՛վ իմ, և՛ Ստեփանի կյանքում ամեն օր, ամեն ժամ Հայաստանի բացը զգացվում է։ Մենք գնում ենք, քանի որ Հայաստանը միակ վայրն է երկրագնդի երեսին, որտեղ մեր կազմած ընտանիքը լիարժեք երջանիկ կարող է լինել։ Մենք գնում ենք ընդամենը մի քանի ամիս առաջ հարյուրից ավելի քաջերի ԿՅԱՆՔԻ գնով պաշտպանված երկիրը։ Մենք պարտական ենք հենց էդ զոհված տղերքին։ Նրանց գործը շարունակել է պետք։ Նրանք պաշտպանում են, որ մենք շենացնենք, մամ ջան»։

Նելլի Շուշի Մարտիրոսյան

Հունիսի 28-ին նրանք արդեն Հայաստանում էին, ու Նելլին գրում է. «Իմ անգին, հայ ժողովուրդ, մեր առավոտը շատ բարի է Հայրենիքում։ Թող, որ ամեն առավոտ արևածագը դիմավորենք առանց հայ զինվորի մահվան լուրի։ Պանդուխտ հայեր ջան, Տուն վերադարձի տարոսը ձեզ բոլորիդ ենք ես, Ստեփանն ու Շուշին ի սրտե մաղթում։ Ուզում եմ դուրս գալ փողոց ու փաթաթվել ամեն քարի ու թուփի, որոնց այլևս ՉԵՄ կարոտելու, քանի որ ապրելու ենք կողք- կողքի»։

Ստեփանն ու Նելլին 17 տարեկան էին, երբ նրանց ընտանիքներն 90-ականների վերջին տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ: Երկուսն էլ ընդգծում են` որոշումն իրենցը չէր: ԱՄՆ-ում կրթություն են ստանում, աշխատանքային գործունեություն ծավալում և առանց մեկը մյուսին ճանաչելու` երկուսն էլ ապրում Հայաստանով, Հայաստանի խնդիրներով ու երազանքներով:

Ներգրավվելով ԱՄՆ-ի հայկական կառույցների մեջ` նրանք ակտիվորեն փորձում են նպաստել Հայաստանի զարգացմանը: Բայց ինչպես երկու հզոր մագնիսներն են իրար ձգում, Ստեփանն ու Նելլին մի օր հանդիպում են ու հասկանում, որ իրենց կապում է մի մեծ, կարևոր ու անփոխարինելի բան` սերը հայրենիքի հանդեպ: Իսկ այդ սերը ծնում է մի նոր սեր. «Մի օր Ստեփանը ֆեյսբուքում տեսնում է իմ էջը ու մտածում, որ երևի շինծու էջ է, քանի որ իմ էջին դրված էր կա՛մ Արցախի տատիկ-պապիկի նկարը, կա՛մ եռագույնը, կա՛մ Արարատը և այլն: Մտածում է` դժվար թե մի աղջիկ էսքան հայրենասեր լինի: Ու հանկարծ ինձ մի երկտող է ուղարկում. «Սիրելի Նելլի, քո հայրենասիրությունը խելքս թռցրեց, շատ ուրախ եմ, որ ինձ պես մարդ կա էս աշխարհում, որ արթնանում է` Հայաստանը մտքի մեջ, անցնում է օրվա միջով` Հայաստանը մտքի մեջ ու քնում է` անուշ Հայաստանը մտքի մեջ»:

Նելլիի համար այդ նամակի մեջ ամենաանսպասելին ու տպավորիչն այն էր, որ հայ տղամարդը Հայաստանին անվանում է անուշ Հայաստան: Որոշ ժամանակ անց նրանք հանդիպում են: Նելլին, որ որոշել էր երբևէ չամուսնանալ և իր գիտելիքներն ու կյանքը նվիրել Հայաստանի զարգացմանը, Ստեփանի հետ հանդիպումից 10 օր անց հասկանում է, որ գտել է այն միակին, որի հետ կուզենար ոչ միայն ապրել ողջ կյանքը, այլև իրագործել Հայաստանի հետ կապված բոլոր երազանքները:

Երկար ու խորը մտածելուց հետո երկուսն էլ հասկանում են, որ իրենց առաքելությունը պետք է ուղղված լինի Արցախի զարգացմանը: Փնտրելով ու ԱՄն-ում չգտնելով մի հասարակական կազմակերպություն, որի ծրագրերն ուղղված լինեն միմիայն Արցախին, և որը բավարարի նաև իրենց պահանջներին, Ստեփանն ու Նելլին որոշում են ստեղծել իրենց կազմակերպությունը: 2011 թ. նրանք հիմնադրում են «Հայրենասեր» ՀԿ-ն: Կազմակերպության կայքում գրված է. «Մեր գործունեության կիզակետում են լինելու Հայաստանի ազատագրված տարածքներին վերաբերող կրթական և ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց նպատակն է տեղեկացնել հայությանն այդ շրջանների ռազմավարական կարևորության և հայկական պատմության մասին, ինչպես նաև նպաստել սոցիալական և տնտեսական զարգացմանը Քաշաթաղում, Քարվաճառում և այլուր»։

Այո, թիրախը ճիշտ էր ընտրված` ազատագրված տարածքներ: Բայց մինչ այդ թիրախը գտնելը նրանք գալիս են Հայաստան, այցելում Արցախ, Քաշաթաղի շրջան, ապրում այնտեղ գյուղացիների հետ կողք- կողքի և խորությամբ ուսումնասիրում այդ շրջանի առաջնային կարիքներն ու ռազմավարական խնդիրները: «Փաստորեն, մենք ազատագրել ենք տարածքներ, որտեղ 200 տարուց ավելի հայեր չեն ապրել: Մենք պիտի բախտավոր լինենք, որովհետև հերիք չի` կա Հայաստանի Հանրապետություն, կա նաև ազատագրված Արցախ, որի մի մասը 200 տարուց ավելի չի վերաբնակեցվել հայությամբ: Ես չգիտեմ, թե մեր պատմության մեջ մեկ էլ երբ է եղել, որ հող ենք ազատագրել ու պիտի վերահայացնեինք»,- ասում է Նելլին:

Ստեփանն էլ հավելում է, որ յուրաքանչյուր հայ պետք է կարողանա հստակ գիտակցել այդ տարածքների կարևորությունը. «Եթե այդ տարածքները չլինեն՝ Հայաստանի Հանրապետություն էլ չի լինի որպես ինքնիշխան, անկախ պետություն: Ապրիլյան պատերազմից հետո վերահաստատվեց, որ մենք ճիշտ ուղու վրա ենք` կենտրոնանալով այդ տարածքների վրա: Բոլորս` մեծից փոքր, պետք է հասկանանք էդ հողերի կարևորությունը ու կանգնենք էդ հողերի ու էդ հողերում ապրող մարդկանց թիկունքին»:

Այդ հողերն այնքան կարևոր էին Ստեփանի ու Նելլիի համար, որ որոշում են իրենց ողջ ներուժը կենտրոնացնել այնտեղ, և պատահական չէ, որ 2013-ին պսակադրվում են Քաշաթաղի շրջանում գտնվող IV դարի հայկական եկեղեցում` Ծիծեռնավանքում: «Մեզ համար երջանկության գագաթնակետն էր ամուսնանալ մի եկեղեցում, որտեղ ընդամենը 25 տարի առաջ քուրդն ու ադրբեջանցին կով ու ոչխար էին պահում, իսկ հիմա այն կրկին իր նպատակին է ծառայում»:

Այժմ «Հայրենասերը» սփյուռքի հայության նվիրատվությունների շնորհիվ դպրոցաշինական լուրջ ծրագրեր է իրականացնում Արցախի ազատագրված տարածքներում: Նելլին ու Ստեփանը համոզված են, որ դպրոցն այդ տարածքների վերաբնակեցման կարևոր հիմնաքարերից մեկն է:

2014 թվականին նրանք հիմնովին վերակառուցել են Լեռնահովիտ գյուղի դպրոցը: 2015-ին հիմնանորոգում են Վուրգավանի դպրոցը, կառուցում գյուղապետարան ու բուժկետ։ Ի դեպ, Լեռնահովիտ գյուղում մինչև դպրոցի կառուցումը հոսանք անգամ չկար, և դպրոցի կառուցման ժամանակ ԼՂՀ իշխանությունները խոստանում են գյուղը էլեկտրաֆիկացնել: Ստեփանն ու Նելլին արդեն հումորով են հիշում դպրոցի բացման օրը, երբ ինչպես «Նահապետ» կինոնկարում, իրենք էլ աչքը դպրոցի մոտակա սյունին գամած, նայում էին էլեկտրական լամպին ու սպասում, թե երբ է այն վառվելու: Այո, խնդիրները Քաշաթաղի շրջանում շատ են, կան գյուղեր՝ անգամ տարրական կենցաղային խնդիրներով, որոնք հարիր չեն XXI դարին, բայց նրանք նշում են, որ Քաշաթաղի վարչակազմն ու առհասարակ Արցախի իշխանությունները գոնե իրենց ծրագրերին ամեն կերպ փորձում են աջակցել, ինչի համար երախտապարտ են:

Այս տարի Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում փլատակներից վեր հառնեց մի գեղեցիկ, ընդարձակ, ժամանակակից բոլոր պայմաններով հագեցած շենք: Հերիկը դպրոց ունեցավ: Գյուղի շուրջ 20 աշակերտների համար մինչ այդ դպրոցն իսկական երազանք էր, քանի որ ստիպված էին դասերն անցկացնել ադրբեջանցու հին, խոնավ, բորբոսնած պատերով կիսաքանդ տանը, ինչն էլ տարիներ շարունակ խոչընդոտ է եղել գյուղի վերաբնակեցման համար: Այժմ արդեն մի քանի ընտանիք պատրաստակամություն է հայտնել վերաբնակվել Հերիկում հենց այդ դպրոցի շնորհիվ:

Հերիկի դպրոցի կառուցմանը, սկսած հիմքից մինչև կտուր, սպասել են ոչ միայն հերիկցիները, այլև ֆեյսբուքյան հազարավոր հայ օգտատերեր` ամեն օր ֆեյսբուքով հետևելով, թե ինչպես են Ստեփանն ու Նելլին իրենց 2 տարեկան Շուշիի հետ միասին կառուցում Հերիկի դպրոցը` ամեն մի ավելացրած քարի հետ ուրախանալով, հպարտանալով և իրենց երախտագիտությունը հայտնելով նվիրատուներին: Իսկ ամենահուզիչն այն է, որ դպրոցն անվանակոչել են ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով:

«Սիրելի Ռոբերտ, իմ շնչի հայ, իմ հոգու հայ, իմ երազած կյանքն արդեն 19 տարեկանում ապրած հայ։ Իմ երազանքն էլ է հանուն հայրենիքի ապրելը, Հայաստանը պաշտպանելը, և եթե պետք լինի՝ հանուն մեր հողի կյանքս զոհելը…

Իմացիր, որ քո թափված արյունը թույլ չեմ տա՝ ջուր դառնա։ Իմացիր, որ քո պաշտպանածը շենացնելու եմ Հերիկի պես այնքան ժամանակ, որքան կենդանի եմ ու շնչում եմ։ Ես քեզնից ժառանգություն եմ ստացել հայոց հող, որը մեկ անգամ ևս սրբացավ քո ու քո զինակից ընկերների արյունով։ Ես քո թողած ժառանգությունը աչքիս լույսի, Շուշիիս՝ իմ առաջնեկի պես կպահեմ։ Աչքիս լույսն էլ կտամ, կյանքս էլ կտամ, բայց քո թողած ժառանգությունը թշնամուն ՉԵՄ տա, Ռոբերտ ջան»,- գրել է Նելլին։

Ինչ վերաբերում է հայրենադարձությանը, Ստեփանն ու Նելլին ասում են, որ դա ոչ միայն չմարող երազանքէր, այլև լավ հաշվարկված և կշռադատված քայլ. «Եթե դու ապրում ես Հայաստանով, փորձում ես մաքսիմալ օգուտ տալ Հայաստանին, ապա դա առաջին հերթին նշանակում է ապրել երկրի ներսում, որովհետև ինչ էլ անես, ամենաարդյունավետը կարող ես անել՝ քո երկրում ապրելով: Եթե ոչինչ էլ չանես, ուղղակի ամեն առավոտ ներքևի խանութից հաց առնես, արդեն իսկ մեծ օգուտ կտաս»:

Ստեփանը խոստովանում է, որ Հայաստան վերադառնալու գործընթացը տևել է տարիներ, որպեսզի այն լինի հաստատուն ու մեկընդմիշտ: Իր փորձից ելնելով` նա խորհուրդ է տալիս դրսի բոլոր հայերին վերադարձի որոշում կայացնելուց հետո լրջորեն պատրաստվել, որպեսզի վերադարձը լինի սահուն ու չհիասթափեցնող:

Ի դեպ, Նելլին կրթության զարգացման, կրթության քաղաքականության ոլորտի բարձրակարգ մասնագետ է: Նա ԱՄն-ում ավարտել է Բըրքլիի համալսարանը, ապա ուսումը շարունակել ԱՄՆ-ի առաջատար բուհերից մեկում` Կոլումբիայի համալսարանում, և այժմ դոկտորական ծրագրով է ուսանում: Գիտական թեման հայկական կրթական համակարգն է, մասնավորապես՝ աշակերտակենտրոն ուսուցումը, որտեղ նույնպես, ըստ նրա, լուրջ անելիքներ կան, և Նելլիի երազանքն է նվիրվել նաև այդ ոլորտի զարգացմանը: Կարևորը, որ Ստեփանն ու Նելլին իրենց փոքրիկ Շուշիի հետ արդեն Հայաստանում են, և օտար ափերում ապրող բոլոր հայերին անուշ Հայաստանում ապրելու երջանկություն են մաղթում…






Մեկնաբանություններ - 1

Նաիրի Ուրարտացի     07.10.2016 Սիրելի Նելլի, հողը նրանն է, ով այնտեղ ապրում և արարում է: Հողը այդ հողի վրա օրեցօր հզորացող, արմատներ գցող ժողովրդինն է:Ես խոսքեր չեմ գտնում արտահայտվելու, ձեր հայրենանվեր արարքի ողջ
խորությունը բացահայտելու համար, քանզի փոքրիկ Շուշիի ներկայությունը բուն հայկական հողում ինքնին
հզոր ազդակ է բնակեցնելու
ողջ Արցախի տարածքը և հայկական շունչ հաղորդելու ամեն մի քարին ու թփին: Քառօրյա պատերազմում իմացյալ մահով մեր հողը պաշտպանած մերօրյա հերոսների ամենավառ հիշատակը կլինի հենց այն, որ շատ ու շատ հայեր հետևեն ձեր օրինակին և իրենց հավերժական բույնը
հյուսեն դրախտային Արցախի հողում, հպարտորեն պարզեն իրենց
հայացքը դեպի ապագան՝
ամուր կապվելով մեր հայրենիքին: Հույս ունեմ,որ
ձեր արարքը վարակիչ կլինի բոլոր հայերի համար, ովքեր երջանկություն են
փնտրում՝ դեգերելով օտար
ափերում: Հալալ է ձեզ, շենացրեք ու վայելեք տիրոջ
իրավունքով աստծո պարգևած մեր հայրենիքը:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: