Հայերեն   English   Русский  

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարհն անկեղծ երկխոսությունն է. Հռոմի պապ Ֆրանցիսկ


  
դիտումներ: 609

Վատիկանի մամուլի ծառայությունը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Վրաստան և Ադրբեջան այցից հետո Հռոմ վերադառնալու ճանապարհին լրագրողների հարցերին տված պատասխանները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, վրացի լրագրողի այն հարցին, թե Վրաստան այցի լույսի ներքո ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև համագործակցության և երկխոսության հեռանկարները ինչպիսի՞նն են, Հռոմի պապը պատասխանել է. «Ես չգիտեի, թե վրացական հավատքի արմատները որքան խորն են»: Վերջինս հավատացյալներին կոչ է արել միասին ուղի գտնել, բարի կամք ցուցաբերել, իսկ աստվածաբաններին՝ խոսել միմյանց հետ, ուսումնասիրել միմյանց:

«ARD» ռադիոալիքի լրագրողը Հռոմի պապին հարցրել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումն ինչպես է տեսնում, այդ հարցում ինքն անձամբ ի՞նչ դեր կարող է խաղալ: Դրան ի պատասխան՝ Պապը նշել է, որ կրոնի դերը կայանում է նրանում, որ «օգնի» հասնել այդ նպատակին:

«Կարծում եմ՝ միակ ճանապարհը անկեղծ երկխոսությունն է, դեմ առ դեմ անկեղծ բանակցությունը՝ առանց հետնաբեմային աղմուկի: Եթե դա անհնարին լինի, ապա պետք է խիզախություն ունենալ գնալ Հաագայի միջազգային տրիբունալ, դիմել միջազգային դատարան: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում: Դրա այլընտրանքը պատերազմն է, իսկ այն միշտ ավերում է, պատերազմի դեպքում ամեն ինչ կորած է»,- ընդգծել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: