Փոփոխությունները կատարվեցին Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու համար. Ավետիք Իշխանյան
«Արդյոք Կարեն Կարապետյանն ունի այդ տեսլականը: Ես չեմ ասում, որ նա սուր ընդդիմությունից պետք է լիներ: Սակայն մենք առնվազն լսած պետք է լինեինք նրա մտահոգությունների մասին»,- ասաց նա:
Պարոն Իշխանյանի խոսքով՝ գուցե նոր վարչապետը շատ լավ տնտեսագետ է, լավ տեխնոլոգ, բայց դա բավարար չէ թռիչքը կատարելու համար, իսկ Հայաստանին հենց թռիչք է պետք: Պատկերացնենք, որ նա այդ մարդն է. արդյո՞ք նա ազատ է իր որոշումները կայացնելու մեջ, արդյո՞ք նրան տրված է քարտ բլանշը: Արդյո՞ք նա կառավարությունը կազմեց, այնպես, ինչպես ինքն էր ուզում ՝ իր համախոհներով:
Ըստ իրավապաշտպանի՝ նկատելի էր՝ նախարարներ կան, որոնք անձեռնմխելի են և ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում են անցնում:
«Երկրորդ. նա ունի՞ այդ հենարանը Ազգային ժողովում, եթե ունի այդ ձգտումը ինչ-որ բան փոխելու : Իհարկե՝ ոչ, որովհետև այդպիսի փոփոխություններաներ անելու համար այդ համակարգի ամենակարևոր կետերին պետք է կպչեր»:
Ավետիք Իշխանյանն ընդգծեց՝ տնտեսական զարգացման համար քաղաքական կամքը շատ կարևոր է, բայց բավարար չէ: Ազատ մրցակցությունը ապահովում է դատաիրավական համակարգը, իսկ դատաիրավական համակարգը Կարեն Կարապետյանի գալուց հետո չանկախացավ:
«2014 թվականից Հայաստանը մտավ մի նոր փուլ, Սերժ Սարգսյանը մտածում էր իր իշխանության պահպանման մասին: Եղան սահմանադրական փոփոխություններ: Սկսեցին չեզոքացնել արտաքին վտանգը. Գագիկ Ծառուկյանը մեկուսացվեց 2015 թվականին: Հաջորդը նա վտանգ տեսնում է Ռոբերտ Քոչարյանից: Այդ նպատակով նախարարական աթոռներ տրվեցին ՀՅԴ կուսակցության անդամներին: Ներքին վտանգը մնում էր Հովիկ Աբրահամյանից, որը հավակնություններ ուներ: Նման հավակնություններ Կարեն Կարապետյանը չունի: Այս փոփոխությունների նպատակը հեռացնելն էր՝ ապագա իր իշխանության համար։ Ինձ համար այս ամենը շատ պարզ է։ Բայց նույնիսկ այս պայմաններում, որպես ՀՀ քաղաքացի կուզենայի, որ կառավարությունը որոշակի հաջողությունների հասներ»,- եզրափակեց իրավապաշտպանը: