Հայերեն   English   Русский  

Վահագն Դավթյան. «Ձեռքբերումներովս չեմ պատրաստվում սահմանափակվել»


  
դիտումներ: 1855

Սեպտեմբերի 21-24-ը Նովոսիբիրսկում կայացավ սպորտային մարմնամարզության 1996 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն Եվգենի Պոդգորնու անվան 11-րդ միջազգային մրցաշարը, որում փայլուն ներկայացավ և օղակների վրա վարժությունում հաղթող ճանաչվեց մարմնամարզության հավաքական թիմի անդամ Վահագն Դավթյանը:

2016 թ. Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի համար տարին մարզական առումով բավական հաջող է. Վահագնը մի շարք մրցաշարերում հաղթող է ճանաչվել:

«Անկախի» հետ զրույցում հայ մարմնամարզիկը պատմում է վերջին մրցաշարից ստացած տպավորությունների, մարմնամարզության անկանխատեսելիության, մարզչական աշխատանքի դժվարությունների, բայց և դրական կողմերի մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Նովոսիբիրսկից:

- Շնորհակալ եմ: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևան-Նովոսիբիրսկ քույր քաղաքների համագործակության հիմնադրամի տնօրեն Սամվել Աբրահամյանի աջակցությամբ մասնակցում ենք այս մրցաշարին: Շնորհակալ ենք Սամվել Աբրահամյանին, որ մեզ պատշաճ մակարդակով ընդունեցին այնտեղ:

Մրցաշարին մասնակցում էր երիտասարդ և պատանի մարզիկների բավական ուժեղ կազմ Ռուսաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից, Ուզբեկստանից: Ուրախ եմ, որ կարողացա պատվով ներկայանալ և հաղթող ճանաչվել:

- Մարմնամարզությունը բարդ մարզաձև է: Հաղթողները որոշվում են միավորների աննշան տարբերությամբ: Հոգեբանական լարվածությունն ինչպե՞ս եք հաղթահարում:

- Յուրաքանչյուր մարզաձև իր դժվարություններն ունի: Մարմնամարզությունն այս առումով ամենաբարդ, ամենից անկանխատեսելի և ամուր նյարդեր պահանջող մարզաձևն է: Մարզիկը կարող է լիարժեք պատրաստ լինել մրցումներին, բայց պատասխանատու պահին չդրսևորել իրեն: Ընդամենը մեկ մոտեցում է տրվում, ինչ ասես կարող է պատահել: Տասնորդական, անգամ հարյուրերորդական միավորի պատճառով կարող ես դուրս մնալ մրցանակային տեղերի համար պայքարից՝ չմտնելով եզրափակիչ:

Ուստի, շատ ավելի կարևոր է հոգեբանորեն պատրաստ լինել մրցմանը, քան ֆիզիկապես: Հնարավոր է՝ ֆիզիկապես լավ մարզավիճակում լինի մարզիկը, բայց չկարողանա հաղթահարել լարվածությունը: Այդ դեպքում վրիպումն անխուսափելի է դառնում, ինչը կարող է ճակատագրական լինել:

2010 թվականից սկսած՝ գրեթե ամեն տարի մասնակցել եմ Եվրոպայի առաջնություններին՝ դուրս գալով եզրափակիչ և միայն աննշան միավորների տարբերությամբ տեղ չեմ զբաղեցրել մրցանակային եռյակում:

Հարկավոր է սառնասրտորեն մոտենալ, ավելորդ ոգևորվածությունն անգամ կարող է խանգարել:

- Սպորտում ու՞մ խորհրդին եք հետևում:

Վահագն Դավթյան

- Իհարկե մարզիչներիս: Մարզիկը հաջողության է հասնում իր մարզչի շնորհիվ, առանց մարզչի հնարավոր չէ նվաճումներ ու ձեռքբերումներ ունենալ: Ես այդ հոգեբանությամբ եմ մարզվում: Անգամ գերբնական տվյալներ ունենալու պարագայում առանց մարզչի հնարավոր չէ հաջողության հասնել:

Մարզիչը կողքից ավելի լավ է տեսնում և հետագայում շտկում թերություններն ու սխալները: Մարզիկը պետք է բացառապես հետևի մարզչի խորհուրդներին: Մեր հավաքականի մարզիչները՝ Հակոբ Սերոբյանն ու Սոս Սարգսյանը, իմ անձնական մարզիչը՝ Արտյոմ Ավետյանը, բարձրակարգ մասնագետներ են, որոնք թե՛ մարզումների, թե՛ մրցաշարերի ժամանակ բոլորից լավ գիտեն, թե ինչ է հարկավոր անել:

- Տարին բավական հաջող դասավորվեց Ձեզ համար: Առաջիկայում կա՞ն այլ մրցաշարեր, որոնց պատարաստվում եք մասնակցել:

- Հոկտեմբերի կեսերին Թբիլիսիում անցկացվելու է միջազգային մրցաշար, պատրաստվում եմ մասնակցել դրան: Ամենայն հավանականությամբ, սա տարվա վերջին մրցումը կլինի: Այնուհետև արդեն կսկսեմ նախապատրաստվել հաջորդ տարվա կարևոր ստուգատեսներին: Չեմ ուզում բավարարվել եղած ձեռքբերումներով: Շարունակելու եմ նույն եռանդով մարզվել: Մարզիկը պետք է շարունակ աշխատի՝ փորձելով գերազանցել իր անձնական արդյունքները:

- Ո՞ր տարիքից եք սկսել զբաղվել մարմնամարզությամբ: Օղակների վրա մրցաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- Մոտավորապես 5 տարեկան էի, երբ Էջմիածնում սկսեցի հաճախել մարմնամարզության՝ էներգիա սպառելու, պարզապես ինչ-որ բանով զբաղվելու համար: Այնուհետև, տեղափոխվելով Երևան, մարզումներս շարունակել եմ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

Գործիքի ընտրությունը միանգամից չի լինում: Ժամանակի ընթացքում պարզ է դառնում. հաշվի են առնվում ֆիզիկական տվյալները, ցույց տված արդյունքներն ու մարզիչների որոշումը: Այժմ արդեն այլ ոլորտում ինձ պատկերացնել չեմ կարող: Ինչ մասնագիտություն էլ որ ընտրեի, զուգահեռ հաստատ սպորտով կզբաղվեի:

Եվրոպայի առաջնությանը թիմային պայքարում հանդես գալու համար այլ մրցաձևերում էլ ենք հանդես գալիս, բայց դա չի նշանակում, որ այդ վարժություններում արդյունքները պետք է բարձր լինեն: Իսկ եթե մրցումները թիմային չեն, ապա մյուս մրցաձևերում մրցելն անիմաստ է դառնում, քանի որ պարզ է, որ բարձր հորիզոնականների համար պայքարել չենք կարող:

- Ուրախալի է, որ մարմնամարզության հավաքականում առողջ և համերաշխ մթնոլորտ է տիրում: Սա լրացուցիչ վստահություն հաղորդո՞ւմ է մրցումներից առաջ:

- Առողջ ու համերաշխ մթնոլորտը մեր թիմի հաջողության գրավականներից է: Մենք կարծես մեկ ընտանիք լինենք: Աբողջ օրը գրեթե միասին ենք, անգամ երբ չենք մարզվում: Վստահ կարող եմ ասել, որ հարազատ եղբայրներ կարծես լինենք: Մեզնից ամենափորձառու մարզիկը Հարություն Մերդինյանն է: Նա բազմիցս հաղթող է ճանաչվել տարբեր մրցաշարերում: Բոլորս նրա նվաճումների համար հավասարապես ուրախացել ենք, նրա հետ նույն ոգևորությունն ու ապրումները ունեցել: Մրցումների ժամանակ կողքիդ լինում է թիմակիցդ, ցանկացած հարցում օգնողը, ոգևորողը և առաջ մղողը նա է: Հարգանքը, սերը, կամեցողությունը փոխադարձ է և գալիս է մեր մարզիչներից:

- Մարզումային պայմանները որքանո՞վ են անդրադառնում մարզիկների մրցելույթների վրա:

- Գործիքները շատ հին են: Անգամ վտանգավոր է վարժությունների կատարումը դրանց վրա. վնասվածք ստանալու վտանգ կա: Հաջողության հասնելու համար մարզումային պայմանները շատ կարևոր են: Ամեն տարի արտադրությունը թարմացվում է, և տարբերությունը խիստ զգալի է: Մեր ունեցած գույքը ժամանակի ընթացքում ձևափոխվել է, հնացել ու մաշվել:

2-3 օրը շատ քիչ է գործիքին ընտելանալու և վարժությունը ճշգրիտ կատարելու համար: Փորձի շնորհիվ ենք կարողանում լրացնել այդ բացը: Իսկ ահա սկսնակ մարզիկների համար շատ ավելի դժվար է այդ առումով:

Անհրաժեշտ ու շատ կարևոր է, որ մարզադահլիճի պայմանները բարելավվեն: Մենք հիմա գնում ենք մրցումների պայքարելու և հաղթելու տրամադրվածությամբ, լինի Եվրոպայի առաջնություն, աշխարհի առաջնություն թե անգամ օլիմպիական խաղեր: Գիտենք, որ կարող ենք մրցանակային տեղեր զբաղեցնել: Այս խնդրի լուծումը շատ կարևոր է:

- Չնայած երիտասարդ տարիքին՝ մարզական կարիերային զուգահեռ զբաղվում եք նաև մարզչական գործունեությամբ: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել:

- Սիրում եմ երեխաների հետ աշխատանքը: Դա իմ մասնագիտությունն է, այդտեղ ինձ լիարժեք եմ զգում: Ոգևորություն եմ ապրում, երբ նկատում եմ շնորհաշատ երեխաների, որոնք մարզվելու ցանկություն ունեն: Ասեմ, որ աշխատանքը հեշտ չէ, բավական ծանրաբեռված եմ լինում օրվա ընթացքում, բայց երբ սաներս փոքրիկ հաջողություններ են ունենում, որևէ վարժություն ու տարր կարողանում են ճիշտ կատարել, մեծ ոգևորություն եմ ապրում:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: