Հայերեն   English   Русский  

​Մայր համայնքը՝ թակարդում. հալեպահայերը հայտնվել են պատերազմի կիզակետում


  
դիտումներ: 1740

Հալեպում ճակատամարտը թևակոխում է նոր փուլ: Այս պահին, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա, Սիրիայի երկրորդ քաղաքում տեղի են ունենում թեժ մարտեր:

Օգտվելով Վաշինգտոնի պասիվությունից՝ սիրիական բանակը, ռուսական ուժերի հովանավորությամբ, փորձում է վճռական քայլերի անցնել՝ ազատագրելու Հալեպի արևելյան շրջանը ապստամբ զինյալներից: Բաշար Ասադի ղեկավարած կառավարության համար շատ կարևոր է հաջողության հասնել հենց այս պահին, քանի որ նման հնարավորություն կարող է այլևս չընձեռվել. չէ՞ որ կռիվները Հալեպում վերահսկողություն ձեռք բերելու համար պատերազմի կարևորագույն օղակն են: Եթե Ասադը պարտություն կրի Հալեպում` կկորցնի ողջ Սիրիան:

Ահա այս ռազմաքաղաքական պայմաններում է, որ սիրիական ճգնաժամում շիկանում է «հայկական հարցը»: Ռազմական գործողությունների ակտիվացմանը զուգընթաց՝ հայկական թաղամասերը հայտնվեցին հրթիռակոծությունների կիզակետում: Ընդամենը մի քանի օրում հայկական համայնքը տվեց 9 զոհ: Նրանց գերակշռող մասը երիտասարդներ էին:

Հրթիռի պայթյունի պատճառով իր երկու երեխաներին կորցրած Փեթի Լախոյան-Հինտոյանը հարցազրույց տվեց RT հեռուստաընկերությանը: «Իմ զավակները զոհվեցին որպես հերոսներ, բայց մենք պահանջում ենք, որ այս ամենն ավարտվի, որպեսզի ոչ մի մայր այլևս չզգա այն, ինչ ես եմ զգում»,- ասաց նա:

Սակայն պարզ է, որ անգամ անմեղ երեխաների մահը չի կարող կանգնեցնել այն, ինչ կատարվում է գերպետությունների շահերի համար: Այս իրավիճակում հարց է ծագում՝ ինչ է լինելու հալեպահայերի ապագան, երկրորդ՝ որն է Հայաստանի Հանրապետության դերն այդ հարցում:

Հրթիռակոծությունների սաստկանալուց ի վեր սուր բանավեճեր են ընթանում այն մասին, թե ինչու, 5.5 տարի շարունակ ապրելով սիրիական ճգնաժամի էպիկենտրոնում, չնայած կենցաղային տարրական պայմանների բացակայությանը, կյանքի նորմալ ընթացքից զրկված հայերը շարունակում են մնալ Հալեպում:

Հարցը թվում է շատ պարզ, սակայն պատասխանը շատ բարդ է և պարունակում է բազմաթիվ տարրեր:

Առաջին հերթին պետք է հասկանալ Հալեպի դերը պատմական տեսանկյունից: Թեև հայերը սկսել են բնակվել այս քաղաքում հազարամյակներ առաջ, իսկ կայուն համայնքը ձևավորվել է XIV դարից, այն իր կարևոր դերն ու նշանակությունը ստացավ Հայոց ցեղասպանության տարիներին: 100 տարի առաջ բազմաթիվ արաբներ, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, փրկում էին տեղահանված հայերին, իրենց հարկի տակ ընդունում, թաքցնում թուրքերից: Այն օգնությունը, որ պետք է գար քրիստոնյա եղբայրներից, եկավ մահմեդական հարևաններից: Հետևաբար, այս պահին, երբ սիրիացի ժողովուրդն է հայտնվել ծանր իրավիճակում, շատ հայեր գերադասում են չլքել մեկ դար որպես հայրենիք ծառայած երկիրը:

Երկրորդ՝ Հալեպի նշանակությունը քաղաքական տեսանկյունից: Մերձավոր Արևելքի համայնքները միշտ էլ հանդիսացել են հայկական սփյուռքի կենտրոնը: Համազգային խնդիրները համաշխարհային քննարկման առարկա դարձնելու հարցում այն բոլոր գործառույթները, որոնք վերապահված են պետությանը, խորհրդային տարիներին կատարում էին Սիրիայի և Լիբանանի համայնքները:

Հալեպում հայերը հիմնականում ապրում են առանձին թաղամասերում: Մշակույթների և կրոնի տարբերության պատճառով խառնամուսնությունների թիվը նվազագույն է: Չնայած դրան՝ հայերն ակտիվորեն մասնակցել են երկրի հասարակական, տնտեսական, քաղաքական, ռազմական կյանքին:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ նախապատերազմական շրջանում Սիրիայում բնակվում էր 80-100 հազար հայ, 60 հազարը՝ Հալեպում: Չճշտված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի ամբողջ տարածքում այսօր ապրում է մոտ 25 հազար հայ: 2015 թ. տվյալներով՝ Հալեպում մնացել էր 15-20 հազար հայ: Այժմ, ըստ սփյուռքի նախարարության տվյալների, այնտեղ բնակվում է 8-10 հազար հայ: 2011 թ. ի վեր հայկական համայնքը տվել է 170-ից ավելի զոհ:

Հալեպում անգամ մինչև այսօր շարունակվում են լույս տեսնել հայկական պարբերականներ: Թեև անկանոն, ուժերի գերլարումով այսօր Հալեպում գործում են կրթօջախներ, որոնքսոսկ ուսումնական կենտրոններ չեն, այլ նոր սերնդին ազգային գաղափարախոսություն փոխանցող հաստատություններ:

Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ նշանակություն ունի ևս մեկ պատճառով: Սա այն սակավաթիվ համայնքներից է, որտեղ կենդանի է մնում արևմտահայերենը: Այն պարզապես բարբառի նշանակություն չունի, որ օգտագործում են ընտանիքների անդամները կամ միայն ուսուցանվում է դպրոցում, ինչպես Արևմուտքում գործող համայնքներում: Այն սիրիահայերի առաջին լեզուն է ՝ արաբերենից և անգլերենից առաջ: Համայնքի ոչնչացումը ևս մեկ հարված է արևմտահայերենի գոյությանը:

Վերոնշյալ գաղափարները, իհարկե, շատ կարևոր են և հնչում են գեղեցիկ, սակայն երբ հրթիռներն ընկնում են հայրենի քաղաքի բնակելի թաղամասերի, դպրոցների, խանութների վրա, երբ ջրի պաշար և էլեկտրաէներգիա գրեթե չկան, համացանցային կապ չկա, մարդիկ պետք է մտածեն կյանքը փրկելու մասին:

Ի լրումն՝ որքան էլ համայնքի նշանակությունը մեծ է, այն մի օր իր վախճանը պետք է գտներ, իսկ դա պետք է տեղի ունենար հայրենադարձության հզոր ալիքի միջոցով: Պատերազմը դրա ամենապատեհ ու ամենահիմնավոր դրդապատճառն էր:

Այս պայմաններում էր, որ պետք է հանդես գար Հայաստանի Հանրապետությունը և համակարգային լուծում տար հարցին: Սակայն այսօր արդեն պարզ է, որ այդ առաքելությունը մեր պետությանը չի հաջողվում ի կատար ածել:

Թեև Հայաստանը եզակի երկրներից է, որ դիվանագիտական ներկայացուցիչներ ունի թե՛ Դամասկոսում, թե՛ Հալեպում, փաստ է, որ շատ սիրիահայեր այսօր թակարդում են մնացել: Անգամ նրանք, ովքեր Հայաստան են գալիս, հիասթափվում են և հեռանում երրորդ երկիր՝ Եվրոպա կամ Կանադա:

«Անկախը»զրուցել է Հայաստանում բնակվող հալեպահայ Վրեժ Համամջյանի հետ՝ պարզելու, թե որոնք են այն պատճառները, որ թույլ չեն տալիս Սիրիայից տեղափոխվել Հայաստան: Նշենք, որ Համամջյանի ծնողները դեռևս գտնվում են Հալեպում: Նա ամեն օր կապ է հաստատում նրանց հետ՝ տեղեկանալու, թե ինչ իրադրություն է այնտեղ. «Հալեպն այսօր դժոխքի է նման: Մանավանդ վերջերս, երբ ռազմական գործողությունները մոտեցան հայկական թաղամասերին: Մարդիկ ուղղակի փորձում են հեռու մնալ այդ ամենից: Միակ բանը, որ կարող են, ուշադիր լինելն է: Ավելին նրանք չեն կարող անել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ շատ պատճառներ կան, թե ինչու հայերը չեն հեռանում Հալեպից. «Ես արդեն 4 տարի է, ինչ այստեղ եմ: Հեռվից դժվար է գնահատել իրական վիճակը: Սակայն գլխավորն անձնական պատճառներն են: Առաջին հերթին՝ ֆինանսական: Նախ՝ տեղափոխվելը կապված է ծախսերի և վտանգի հետ, իսկ դուրս գալուց հետո նոր ֆինանսական խնդիրներ են ծագում. վարձով տուն, տեղափոխություն տնից տուն: Միաժամանակ մարդիկ կան, որոնք ուզում են մնալ՝ հուսալով, որ ամեն ինչ կշտկվի, կկարողանան իրենց տունը գոնե պահել, աշխատանքը պահել: Մարդիկ կան, որոնք ուսանող կամ դպրոցի աշակերտ ունեն ընտանիքում և ուզում են, որ ավարտեն, նոր երկրից դուրս գան: Խնդիրները տարբեր են: Սակայն հիմնականը ֆինանսական հարցն է, որ մարդկանց պահում է այնտեղ, նրանք պարզապես չեն կարողանում դուրս գալ»:

Ամեն դեպքում Վրեժ Համամջյանը նկատում է զանազան կազմակերպությունների որոշ ջանքեր մարդկանց տեղափոխելու հարցում: Նա անձամբ ծանոթ է որոշ մարդկանց, որոնք Հայաստան են տեղափոխվել կազմակերպությունների օգնության շնորհիվ:

Չնայած Հայաստանում առկա խնդիրներին՝ մեր զրուցակիցը չի պատրաստվում տեղափոխվել այլ երկիր, թեև նման հնարավորություններ ունեցել է. «Բոլորն էլ գիտեն, որ դժվար է: Բայց փորձում ենք հարմարվել նոր պայմաններին: Անգամ մեր հիմնական մասնագիտությունից հրաժարվելով, այլ գործերով պահում ենք մեր ընտանիքը մինչև վերջնական լուծում գտնենք»,- ասաց նա:

Դեռևս դժվար է դատել, թե ինչու է հապաղում օգնությունը պետական գերատեսչությունների կողմից մայր համայնքին: Համակարգային լուծման ծրագրի պայմաններում օգնության ձեռք են փորձում մեկնել Հայաստանի շարքային քաղաքացիները: Շատ անհատներ հայտարարում են, որ որոշակի ժամանակահատվածով՝ 3 ամսից մինչև 1 տարով իրենց տներում պատրաստ են ընդունել Սիրիայից Հայաստան եկած հայերին:

Արմավիր մարզի Շահումյանի համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թե՛ ինքն անձամբ, թե՛ իր համագյուղացիները պատրաստ են աջակցել Սիրիայից եկած հայերին. «Միանշանակ պատրաստ եմ իմ ընտանիքի հետ այցելելու, դիմավորելու այն մարդկանց, որոնք մտադրություն ունեն Հայաստան գալ և մինչև անգամ 3-4 մարդուց բաղկացած ընտանիքի ընդունելու իմ հարկի տակ: Դա եկել է պապերիցս, որովհետև Բաքվի ջարդերի ժամանակ, Սպիտակի երկրաշարժի ժամանակ մեր տանը նման վիճակում հայտնված մարդիկ ապրել են 2-3 ամսով»:

Նա նկատեց, որ Հայաստանի համայնքների մեծ մասում բնակիչների 10-20 տոկոսը գտնվում է արտերկրում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլն. «Այդ մարդիկ հաստատ կուզենան իրենց բնակարանները տալ, որ այդ մարդիկ ապրեն: Վերջիվերջո, տունն ապրելու համար է, իսկ առանց բնակիչների տունը վնասվում է, քանդվում է: Ես արդեն զանգեր եմ ստանում սիրիահայերից: 4-5 անձ ինձ դիմել է: Նախնական պայմանվորվածություն կա, որ եթե նրանք վերջնականպես որոշեն գալ Հայաստան, կարող են բնակվել այստեղ: Համայնքի 90 տոկոսը զբաղվում է թռչնապահությամբ, հողագործությամբ: Եթե իրենք որոշեն գալ` պայմաններ կստեղծենք, որպեսզի նրանք ապրեն մնացած հայաստանցիների նման»:

Շահումյանը միակ համայնքը չէ: Հայաստանում դժվար է գտնել մի մարդու, որն անտարբեր է իր հայրենակիցների ճակատագրի հանդեպ, որքան էլ նրանք հեռու լինեն: Հալեպում բնակվող հայերին մնում է կատարել այդ դժվարին ընտրությունը՝ գալ Հայաստան և կիսել ծանր պայմանները մյուս քաղաքացիների հետ կամ մնալ չավարտվող պատերազմի ճիրաններում հայտնված երկրում:

Լուսանկարը՝ Արևելք կայքից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: