Հայերեն   English   Русский  

Հալեպահայության Հայաստան վերադարձը հրատապ է


  
դիտումներ: 2461

Ինչո՞ւ մինչ օրս հալեպահայության մի հատված շարունակում է կառչած մնալ իր ծննդավայրին` ամեն օր աչքի առջև տեսնելով իրական դժոխքը: Արդյոք հալեպահայերը չե՞ն ուզում տեղափոխվել Հայաստան: Ի՞նչ են մտածում Հայաստանի իշխանությունները, և ինչո՞ւ մինչ օրս բոլոր հալեպահայերն անվտանգ ու ապահով չեն տեղափոխվել` պատսպարվելով հայրենի հարկի տակ:

Այս և շատ այլ հարցեր բարձրացվեցին «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնեք» նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկման ժամանակ, որի նպատակն էր վերլուծել ու հասկանալ սիրիահայության, մասնավորապես՝ հալեպահայերի ներկա վիճակը, նրանց սպառնացող իրական վտանգներն ու այդ վտանգներից մեր հայրենակիցներին փրկելու և հայրենք բերելու իրատեսական եղանակները:

«Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնեք» նախառենությունը ստեղծվել է բառացիորեն օրեր առաջ, երբ Հալեպից եկող լուրերն ավելի ու ավելի մահաբեր էին դառնում:

Картинки по запросу Սարգիս Հացպանյան,Նախաձեռնության համահեղինակներից է 90-ականներին Փարիզից Հայաստան տեղափոխված հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը: Նա համոզված է, որ այսօր մեծ թվով հալեպահայեր ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չգիտեն` ինչպես, իսկ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե վերադառնալ ցանկացողներ չկան: Մինչդեռ, եթե լինի պետական հստակ ծրագիր, ապա բոլոր ցանկացողներն անվտանգ կտեղափոխվեն հայրենիք:

Այն, որ այդ աշխատանքը հնարավոր է իրականացնել, փաստում են ընդամենը մի քանի օր առաջ մեկնարկած նախաձեռնության հաջողություններն ու մեծ արձագանքը: «Տավուշի մարզից մարդ կա, մեզ գրել է, որ երկհարկանի մեծ տուն ունի, մրգատու այգի, անասուններ և պատրաստ է իր տան մի հարկը տրամադրել սիրիահայերին: Արթիկից են մեզ գրել, Շիրակի մարզի տարբեր քաղաքներից, Քաջարանից, Մեղրիից, Երևանից»,- թվարկում է Հացպանյանը,- այսինքն՝ նախաձեռնությունն ընդամենը իր մեկնարկի 6 օրերի ընթացքում կարողացել է ինչ-որ շարժում սկսել»:

Հացպանյանը նաև պատմում է, որ երբ նախաձեռնության էջում ինչ-որ մեկը հայտնել է, որ Հայաստան մի սիրիահայ ընտանիք է տեղափոխվում` ամուսինը վիրավոր, 2 փոքր երեխաներով, բայց մնալու տեղ չունեն, ընդամենը մեկ ժամվա ընթացքում մի աննախադեպ համակարգված աշխատանք է կատարվել ֆեյսբուքահայության կողմից. «Ընտանիքի համար տուն գտնելը, վարձակալելը, վեց ամսվա վարձավճարի հարցը լուծելը, այդ ընտանիքին գնալ-դիմավորելը և նրանց տեղավորելը մեկ եղավ»,- ասում է նա:
Սարգիս Հացպանյանը զարմանում է, որ եթե այդ ամենը կայծակնային արագությամբ հնարավոր է իրականացնել ընդամենը մի հայուհու շնորհիվ, ինչո՞ւ պետական մի ողջ ապարատ այդ գործը պատշաճ ձևով չի կարողանում իրականացնել:

Նա բացթողում է համարում, որ պետության կողմից չկա գոնե համակարգված գործունեություն, որը կարգավորեր այդ ուղղությամբ հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի, անհատների աշխատանքները, որպեսզի ներդրված ջանքերը արդյունք տան: «Վեց տարի անընդմեջ այս իրավիճակը լինի, և պետական միավորը չկարողանա՞ մի էջում այդ ամենը համակարգել, այն էլ XXI դարի համացանցային այս դարաշրջանում, ուղղակի աբսուրդ է»,- ասում է նա` հավելելով, որ այս պահին պետական որոշ պաշտոնյաներ պետք է գտնվեին Հալեպում, տեղում ծանոթանային իրավիճակին և հենց տեղում համակարգեին հալեպահայության Հայաստան տեղափոխվելու հարցերը:

Սոսե Ղլեչյանի ընտանիքը Սիրիայից հայրենադարձվել է 1960-ականներին: Խոսելով խորհրդային տարիներին պետության կողմից կազմակերպված հայրենադարձության մասին` նա նշում է, որ շատ հաճախ այդ տարիներին պետության կողմից կազմակերպված հայրենադարձության գործընթացը աղավաղված և բացասական փաստերով է ներկայացվում, մինչդեռ խորհրդային իշխանությունները համակարգված աշխատանք են կատարել այդ ուղղությամբ: «Երբ մենք նավով եկանք հասանք Հայաստան, ապա Երևան, մեզ կայարանում սպասում էին այն քաղաքների ներգաղթ կոմիտեների նախագահները, որտեղ պետք է տեղավորեին հայրենադարձներին: Իսկ այդ քաղաքներում մեզ սպասում էին ոչ միայն բնակարան, առաջին անհրաժեշտության իրեր, այլև աշխատանք. հաջորդ օրն իսկ մարդկանց տեղավորեցին աշխատանքի: Փաստորեն, խորհրդային կարգերի օրոք այս հարցերը գոնե լուծված էին, իսկ այսօր ամենափոքր հարցից սկսած` քննարկում ենք. մարդուն ո՞վ է դիմավորելու, որտե՞ղ է տեղավորելու, ինչպե՞ս է ապրելու և այլն»:

«Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնեք» նախաձեռնության ժողովին մասնակցում էր նաև մի կին` Սվետա Հայրապետյանը, որը եկել էր որոշակի առաջարկով: Նա ասաց, որ ժամանակին աշխատել է Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ և ակտիվորեն ներգրավված է եղել ներգաղթի կազմակերպման աշխատանքներում:

Տիկին Հայրապետյանի խոսքով` իրենք ժամանակին լուրջ խնդիր ունեին քաղաքային բնակչությանը, հատկապես՝ Բաքվի հայությանը գյուղերում տեղավորելու հարցում, և հիմա նույն խնդիրը կարող է ծագել նաև հալեպահայության շրջանում: Նա կարծում է, որ պետությունն ինչ-որ հրապուրիչ բան պետք է առաջարկի քաղաքաբնակներին՝ մարզերում բնակվելու համար. «Ի՞նչ արեցինք մենք ժամանակին: Մենք նախ աշխատանք էինք գտնում շրջաններում և նրանց առաջարկում էինք գնալ աշխատանքը տեսնելու: Բաքվի փախստականներից շատերն անգամ սահմանամերձ գյուղերում տեղավորվեցին հենց աշխատանքի շնորհիվ: Ցավոք, երկիրը քանդվեց, գործարաններն էլ փակվեցին, և էդ մարդկանց ճակատագիրն ինչ եղավ, չեմ կարող ասել, բայց դա դրական օրինակ է, թե ինչպես կարելի է քաղաքաբնակներին գյուղերում վերաբնակեցնել»:
Հալեպահայությանը Հայաստանի մարզերում վերաբնակեցնելու վերաբերյալ տիկնոջ գործնական առաջարկն այն էր, որ գյուղերում գտնվող դատարկ տները, որոնք բնակիչները փակել, հեռացել են, տրամադրեն սիրիահայերին, ենթադրենք, 10 հազար դրամ վարձավճարով, իսկ փակ տներից որոշ մասն էլ դարձնեն արտադրամասեր, որոնք կաշխատացնեն հենց սիրիահայերը` ստեղծելով բիզնես և ապահովելով աշխատատեղեր:

«Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնեք» նախաձեռնող խմբի անդամ, սիրիահայ բանաստեղծ,

Картинки по запросу հալեպահայեր, մեզ բացակա չդնեքհրապարակախոս Նուշիկ Միքայելյանը համոզված է, որ ինչպես ցանկացած դժվարության պահին, հիմա էլ հայ ժողովուրդը կհամախմբվի և ինքակազմակերպվելով կլուծի սիրիահայության առջև ծառացած խնդիրները:

«Արդյոք մենք չունե՞նք ընդամենը 1000 մեծահարուստ հայ Հայաստանում և Սփյուռքում, որ հալեպահայ 1000 ընտանիքի Հայաստան տեղափոխվելու և գոնե մեկ տարվա կեցության հարցերը լուծեն,- հարց է տալիս նա և ցավով արձանագրում, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն ասես հայաստանյան կյանքով չեն ապրում, և նրանց համար հայրենիքը մի վերացական գաղափար է, որը Մասիսը սիրելու մակարդակում է մնացել:- Մենք պիտի այդ մակարդակից ի վերջո վեր բարձրանանք և կարողանանք մեր պետության բարօրության համար ջանքեր ներդնել: Եվ հիմա հալեպահայերի վիճակը մեզ պետք է ստիպի նույն ռիթմով շնչել:

Վերհիշելով, թե ինչպես է ինքը 90-ականներին ինքնակամ որոշում կայացրել և Սիրիայից տեղափոխվել Հայաստան` լուրջ դժվարություններ հաղթահարելով և կառուցելով իր կյանքը, նա առհասարակ հայության համար գլխավոր գաղափարը համարում է հայրենադարձությունը. «Հայաստան գանք ոչ թե, որ դրսում վատ է, այլ որովհետև Հայաստանը մերն է: Մենք կարող ենք ներսում կռվել, բարիշել, մեր հարցերը մեր ներսում լուծել, դժվարություններ ունենալ ու հաղթել, բայց պիտի հասկանանք ու չհասկացողներին էլ հասկացնենք, որ Հայաստանը մահվան մակույկ չէ, ինչպես հալեպահայերից մեկն էր գրել: Հայաստանը փրկության նավն է: Միգուցե Հայաստանը ձեր պատկերացրած դրախտավայրը չէ, որովհետև բոլորին թվում է, թե դրախտավայրն այն երկիրն է, որտեղ գրին քարտ են տալիս: Ես գրին քարտի երկրում էլ եմ եղել ու պնդում եմ` դրախտավայրը Հայաստա՛նն է»,- ասաց սիրիահայ բանաստեղծուհին` կոչ անելով սիրիահայերին չվախենալ Հայաստանից ու գալ դեպի հայրենիք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: