Հայերեն   English   Русский  

Քրեական օրենսգրքում սուտ մատնության մասին դրույթը քողարկված ահաբեկում է. իրավապաշտպան


  
դիտումներ: 475

Ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություննեևրի համաձայն՝ քվեարկած քաղաքացիների ցուցակները պետք է հրապարակվեն: Միաժամանակ Քրեական օրենսգրքում ընտրական գործընթացների ժամանակ կրկնակի քվեարկություններին վերաբերող սուտ մատնությունը կարող է քրեականացվել:

Այ մասին, թե ինչ ազդեցություն կունենա ընտրությունների վրա, այսօր լրագրողների հետ խոսեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Կառավարության ծրագրում կետերից մեկը վստահության բարձրացումն է ընտրական գործընթացների նկատմամբ: Արդյո՞ք բողոքների բացակայությունը նշանակում է , որ հասարակությունը վստահում է ընտրություններին: Դրանց պատճառը վա՞խն է, թե՞ որ ընտրությունները նորմալ են անցնում: Այս օրենքով փորձ է արվում լռեցնել մարդկանց, իսկ հետո ասել, թե ՝ տեսեք բողոքներ չեն եղել և կառավարության ծրագիրը կատարվում է: Արդյո՞ք սրանք իրար հետ փոխկապակցված են»,- նշեց իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ միայն հանրաքվեի ընթացքւոմ շուրջ 500 բողոք է ներկայացվել, որոնցից 80-ի հիմքով քրեական գործ է հարուցվել: Այդ 500 բողոքը սառցաբեկորի միայն մի մասն է, որովհետև բազմաթիվ են եղել խախտումներն այնտեղ, որտեղ դիտորդական առաքելություններ չեն եղել: Եվ անգամ 500-ը չի արտացոլում այն սխալները, խախտումները, որոնք արձանագրել են դիտորդները:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ փոխանակ ընտրական գործընթացները խախտելու համար լիներ անխուսափելի պատիժ և դրանով վստահության մակարդակը բարձրացնեին, տպավորությունն այնպիսին է, որ նրանք սպասում են՝ մյուս ընտրությունների ժամանակ այս կետի շնորհիվ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, քանի որ մարդիկ քրեական գործերից վախենալով կխոսափեն հայտնել խախտումների մասին:

«Այս հոդվածը քողարկված ահաբեկում է դիտորդական խմբերի նկատմամբ, որը հիշեցնում է սովետական ժամանակները, երբ կեղծիքների մասին բարձրաձայնելու համար անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվում»,- նշեց Ավետիք Իշխանյանը:

Նա ընդգծեց, որ այս պարագայում կա ևս մեկ կարևոր հարց. ի՞նչն է ստիպել իշխանություններին ընդունել այս օրենքը: Եղե՞լ են դեպքեր, երբ վկայությունները կեղծ են եղել, արդյո՞ք այդպես սադրիչներ կան դիտորդական խմբերի մեջ կամ լրատվամիջոցներում:

«Բազմիցս է խոսվել դատաիրավական համակարգի մասին: Ամեն ինչ գտնվում է մեկ կաթսայում: Եթե Հայաստանը իրավական պետություն լիներ, գուցե այդ հոդվածը անհանգստություն չառաջացներ: Սակայն միևնույն ժամանակ, եթե Հայաստանը իրավական պետություն լիներ, այդ հոդվածի անհրաժեշտությունը նույնպես չէր լինի»:

Ավետիք Իշխանյանը շեշտեց՝ պետք է կանխել այս հոդվածի ընդունումը, սակայն ընդւոնվելու դեպքում խոստացավ բացարձակապես ուշադրություն չդարձնել դրան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: