Հայերեն   English   Русский  

Դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը Վերոնայում մասնակցեց Եվրասիական տնտեսական 5-րդ ֆորումին


  
դիտումներ: 456

Հոկտեմբերի 20-21-ը Վերոնայում կայացավ Եվրասիական տնտեսական 5-րդ ֆորումը, որը կազմակերպվել էր «Ճանաչենք Եվրասիան» իտալական ասոցիացիայի և «Ռոսկոնգրես» հիմնադրամի կողմից` Վերոնայի քաղաքային իշխանությունների հովանու ներքո:

Ֆորումի բանախոսների թվում էին Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան, Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը, Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալ Եվգենի Շեստակովը, Վերոնայի քաղաքապետ Ֆլավիա Տոզին, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, Իտալիայի և Եվրասիական տնտեսական միության քաղաքական և գործարար շրջանակների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

«Կոնսոլիդացնել երկխոսությունը» լիագումար նիստին ելույթներ ունեցան Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալ Եվգենի Շեստակովը, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը և Մոնղոլիայի դեսպան Դելգերմաա Բանզրագչին:

Իր խոսքում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտները, իրականացված բարեփոխումներն ու հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանում գործարարությամբ զբաղվելու և տնտեսական ազատությունների առնչությամբ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրված բարձր գնահատականները: Դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նկատելի ձեռքբերումներին ու ոլորտի զարգացման հեռանկարներին: ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև այն հնարավորությունները, որ Հայաստանը կարող է ընձեռել Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: