Հայերեն   English   Русский  

ԵԱՏՄ-ն շատ գրավիչ կառույց է աշխարհի շատ պետությունների համար. ՀՀ-ում ՌԴ դեսպան


  
դիտումներ: 13349

Հայաստանում արդեն 7-րդ անգամ կանցկացվեն «Էքսպո-Ռուսաստան Հայաստան և Իրան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը: Միջոցառումներին առաջին անգամ կմասնակցեն Իրանի ներկայցուցիչները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Վարդանովը տեղեկացրեց, որ մասնակցելու է շուրջ 150 ընկերույթուն, որոնք ներկայացնում են ամենաբազմազան ոլորտներ՝ էներգետիկա, մեքենաշինություն, ավտոմեքենաների արտադրություն, շինարարություն, տրանսպորտ և այլն:

Ըստ նրա՝ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են նաև ընկերություններ Իրանից: Ցուցահանդեսը ռուսական և օտարերկրյա ընկերությունների համար լավ հնարավորություն է գործարար կապերի հաստատման, նոր շուկա դուրս գալու համար:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ տարեցտարի Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը աճ է ապրում: Այն մի փոքր անկում ապրեց ընդհանուր վիճակից ելնելով, սակայն ապրանքային տեսանկյունից աճում է: Արժույթի տատանումները հնարավորություն չեն տալիս նախկին մակարդակին վերադառնալ. «Նման ցուցահանդեսները նպաստում են տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ընդհանրապես հեռանկարային են դարձել միջտարածաշրջանային հարաբերությունները: Այս առումով ևս աշխատանքներ տարվում են»,-ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Եվրասիական տնտեսական համագործակցությունը և ԵԱՏՄ-ն շատ գրավիչ կառույց են աշխարհի շատ պետությունների համար. «Արդեն շատ պետություններ(օրինակ՝ Վիետնամը) դիմում են ներկայացրել համագործակցության համար, այդ թվում՝ Իրանը: Ներկայումս ընթանում են բանակցություններ: Իրանն նոր պայմաններում է հայտնվել պատժամիջոցների վերացման շնորհիվ և նրա միացումը ապրանքաշրջանառությանը, ներգրավումը համագործակցությանը շատ կարևոր է: Ե´վ Հայաստանը, և´ Ռուսաստանը ողջունում են Իրանի հետ համագործացկությունը: Այս տնտեսական գոտին հնարավորություն է տալիս ելքեր գտնել ընդհանուր զարգացման համար»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի նկատմամբ իրականացվող պատժամիջոցներին, ապա դեսպանը նշեց՝ պատժամիջոցներով իրենց չեն վախեցնի. « Մի կողմից, իհարկե, սահմանափակումներ են մտցվում, բայց մյուս կողմից, դա նաև խթան է ռուսաստանցի արտադրողների համար, որպեսզի զարգացնեն այն ուղղությունները, որոնք ներկայումս բացակայում են ու որոնք լրացնում են Արևմուտքի միջոցով: Մեծ աճ է գրանցել գյուղատնտեսական ապրանքներ ներմուծումը Հայաստանից: մոսկվայում և այլ շրջաններում կտրուկ աճել է այն խանութների թիվը, որտեղ վաճառվում է հայկական ապրանք: Սա ավելի շատ մտածելու տեղիք պետք է տա հենց արևմտյան ընկերություններին, որովհետև երբ պատժամիջոցները վերացվեն, նրանց տեղն այլևս զբաղեցված է լինելու »:

Մասնակիցների համար նախատեսված է ընդգրկուն գործարար ծրագիր` շնորհանդեսներ, կլոր սեղան-քննարկումներ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Առողջապահության, Կրթության և գիտության նախարարությունների, ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Ռուսական եւ արտասահմանյան ընկերություններին ցուցահանդեսը հնարավորություն կտա ձեռք բերել վստահելի կապեր եւ դուրս գալ նոր շուկաներ, հաստատել շփումներ B2B (Բիզնեսը` բիզնեսի համար) ձևաչափով:

Ցուցահանդեսն անցկացվելու է հոկտեմբերի 26-28-ը «Երևան Էքսպո»-ում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: