Հայերեն   English   Русский  

​Բարդ առաջադրանք աշխարհի առաջնությունում` առանց աշխարհի չեմպիոնի


  
դիտումներ: 1647

Նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 8 ծանրորդ և 6 ծանրորդուհի:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մասնակից երկրների ներկայացրած վերջնական կազմերը: Ալմաթիում կարողությունները կփորձեն 71 երկրների 647 մարզիկ-մարզուհիներ: Տղամարդկանց առաջնությունում հանդես կգան 63 երկրների 386 ծանրորդներ, կանանց առաջնությունում` 51 երկրների 261 ծանրորդուհիներ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը թիմ է հրավիրել Սմբատ Մարգարյանին (56 կգ), Վանիկ Ավետիսյանին (69 կգ), Հակոբ Մկրտչյանին, Արա Խաչատրյանին (երկուսն էլ` 77 կգ), Աղասի Աղասյանին (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանին (105 կգ), Հայկ Հակոբյանին, Ռուբեն Ալեքսանյանին (+105 կգ):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը թիմում ընդգրկել է Էլեն Գրիգորյանին (48 կգ), Աննա Գովելյանին (53 կգ), Իզաբելլա Յայլյանին (58 կգ), Քրիստինե Պետրոսյանին (63 կգ), Մելինե Դալուզյանին (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանին (+75 կգ):

Հայաստանի կանանց հավաքականն ակնհայտորեն մարտական կազմով է փորձությանը ներկայանում: Թե ինչ կլինի հետո, պարզ չէ: Բայց մեր մարզուհիներից ակնկալում են մի քանի օլիմպիական ուղեգիր: Իսկ դրա համար պետք է բարձր արդյունքներ ցույց տալ և հնարավորինս շատ վարկանիշային միավորներ վաստակել:

Հայաստանի տղամարդկանց հավաքականից սպասելիքներն ավելի մեծ են: Առաջադրանքն էլ բարդ է, առավել ևս, որ բացակայում է հավաքականի առաջատար Տիգրան Մարտիրոսյանը:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրորդը ներկայումս Գերմանիայում է և ուսի վնասվածքն է բուժում: Մարզչական խորհուրդը նպատակահարմար է գտել համարձակ քայլերի չդիմել, նրան մրցահարթակ դուրս չբերել, բայց Մարտիրոսյանը կմասնակցի 2015-ի նույնպես օլիպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությանը:

Կլիմայափոխվելու նպատակով Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 20-ին մեկնեց Ղազախստան: Մերոնք մրցավայրում կծանոթանան պայմաններին, կանցկացնեն նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքը:

Հայաստանի ներկայացուցիչների առաջին փորձությունը կլինի նոյեմբերի 8-ին: Այդ օրը մրցահարթակ դուրս կգա 56 կգ քաշային երևանցի ծանրորդ Սմբատ Մարգարյանը, որը հանդես կգա A խմբում:

Հուսանք, որ Հայաստանի ծանրորդների ձախորդ օրերը մնացել են ետևում, և այս անգամ նրանք բարձր կիլոգրամներ կսանձեն, մեդալներ կնվաճեն և կուրախացնեն մեր մարզասերներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: