Հայերեն   English   Русский  

​Հրաչյա Ռոստոմյան. «Գերխնդիրը սպորտի մասսայականացումն է»


  
դիտումներ: 3976

Ասում են՝ առողջ մարմնում առողջ հոգի: Առողջ քաղաքացի ունենալու պահանջը ժամանակի հրամայականն է: Անվիճելի է, որ ֆիզիկական կուլտուրան և սպորտն առողջ և կենսունակ հասարակություն ունենալու հիմնական գրավականներն են: Նոր կառավարության ձևավորումից հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առաջիկա քայլերն ուղղված են լինելու մասնավորապես ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջ ապրելակերպի ամրապնդմանն ու տարածմանը:

«Անկախի» հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նախանշում է ոլորտում առկա խնդիրների լուծման նոր մոտեցումները և ուղիները, խոսում նախարարության կողմից առաջիկայում իրականացվելիք համալիր բարեփոխումների մասին:

- Պարո՛ն Ռոստոմյան, ծանոթ լինելով մարզաշխարհին, քաջատեղյակ լինելով ոլորտում առկա խնդիրներին, առաջնահերթ ո՞ր հարցերի լուծմանն եք ուշադրություն դարձնելու:

- Մեր երկրում մարդիկ սպորտով ավելի քիչ են զբաղվում, քան ցանկալի է: Նախարարության աշխատանքների շեշտն առաջնահերթ դրվելու է մասսայական սպորտի վրա: Այժմ մշակում և պատրաստվում ենք կյանքի կոչել մի շարք համալիր ծրագրեր, որոնք կնպաստեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամրապնդմանն ու տարածմանը հասարակության շրջանում:

Մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու, որոնց վառ օրինակը վերջերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում անցկացվող բաց մարզումներն են: Այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, ընդգրկելու են Երևան քաղաքի տարբեր վայրերը:

Սակայն միայն մայրաքաղաքով չենք սահմանափակվելու. ողջ հանրապետությունն ենք ներգրավելու այդ գործընթացում, որպեսզի քաղաքային և գյուղական միջավայրում, տարբեր տարիքի և սեռի մարդկանց շրջանում առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ:

Ունենք նշանաբան, որն արդեն իսկ դրել ենք շրջանառության մեջ. առաջինն այն է, որ այսօր ամոթ է սպորտով չզբաղվելը և մարզվող երիտասարդը մեկ քայլ առաջ է սպորտով չզբաղվողից: Երկրորդ՝ այնպիսի սերունդ ենք ցանկանում ունենալ, որ առողջապահության նախարարությունն ավելի քիչ գործ ունենա:

Միաժամանակ նախարարության աշխատանքների շեշտը դրվելու է մանկապատանեկան սպորտի զարգացման վրա: Հավաքական թիմերի համալրման գործընթացը պետք է սկսել հենց այստեղից՝ հետագայում ուժեղ, բարձրակարգ մարզիկներ ունենալու համար: Հարկավոր է մարզադպրոցներում և ֆեդերացիաներում իրականացվող աշխատանքները ճիշտ և արդյունավետ կազմակերպել:

- Պարոն Ռոստոմյան, դրանց լուծման ուղիները կմատնանշե՞ք:

- Արդեն հաջորդ տարվանից վերականգնելու ենք Խորհրդային Միությունում հայտնի սպորտլանդիաները, ՊԱՊ համալիրը, բայց ժամանակակից և հետաքրքիր մոտեցումներով, թարմացված տարբերակներով:

Սպորտլանդիաները կազմակերպվելու են բոլոր տարիքային խմբերում՝ նախադպրոցական, 1-3-րդ, 4-7-րդ և 8-12-րդ դասարաններ: Տարբերությունները ծրագրում ընդգրկված մարզաձևերն ու վարժություններն են, որոնք ըստ դինամիկայի կփոփոխվեն:

Հարկավոր է վաղ տարիքից երեխայի մեջ սեր և հետաքրքրություն արթնացնել ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ: Պարտադիր չէ, որ բոլորը բարձրակարգ մարզիկներ և չեմպիոններ դառնան: Հետագայում ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն՝ բժիշկ, երաժիշտ թե ուսուցիչ, սպորտը նրանց կյանքի անբաժանելի մասը կկազմի:

Գիտենք, որ յուրաքանչյուր ոլորտի մասսայականության գրավականն ու շարժիչ ուժը երիտասարդությունն է: Հիմնվելով այս հանգամանքի վրա՝ վերականգնելու ենք նաև ուսանողական սպարտակիադաները: Դրանց անցկացման ժամանակահատվածն ենք երկարացնելու: Սպարտակիադան կտևի ոչ թե մի քանի օր, այլ շուրջտարի: Ընտրվել է 5-6 մարզաձև, կկազմակերպվեն առաջնություններ: Ուսանողը պետք է մշտապես պատրաստ լինի մրցումներին, տարվա ցանկացած ժամանակահատվածում: Սա մեծապես կխթանի սպորտի մասսայականացմանն ու տարածմանը երիտասարդության շրջանում:

Սպորտլանդիան, ՊԱՊ համալիրը և ուսանողական միջոցառումները կդառնան մեր աշխատանքի հիմնական առանցքը:

Նշեմ, որ բյուջեի ավելացում չի նախատեսվում, բայց դրա փոխարեն վարչապետի հանձնարարությամբ գնում ենք օպտիմալացման ճանապարհով. առկա գումարներն ու միջոցներն ավելի նպատակային պետք է օգտագործվեն:

Այս ամենը մի փոքր հատվածն է մեր ընդհանուր ծրագրերի: Բոլոր աշխատանքներն ուղղված են լինելու այս նպատակների իրականացմանը:

- Անդրադառնանք նաև բարձր նվաճումների սպորտին: Ի՞նչ է հարկավոր միջազգային ասպարեզներում ոչ ավանդական մարզաձևերում հաջողություններ ունենալու համար:

- Պատահական չէ, որ նշեցի մանկապատանեկան սպորտի կարևորության մասին: Երկրում միակ կառույցը, որ զբաղվում է և պարտավոր է զբաղվել այդ հարցերով, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Օլիմպիական կոմիտեի խնդիրը մեծ սպորտն ու բարձր նվաճումներն են: Սակայն հարկավոր է մանկապատանեկան սպորտի հաշվին համալրել ազգային հավաքականները:

Պետք է իմանալ, թե տվյալ մարզաձևի պատանեկան և երիտասարդական հավաքականներն ինչ վիճակում են, ինչպիսին է հերթափոխը:

Անհրաժեշտ է հավաքականներում աշխատանքները ճիշտ և արդյունավետ կազմակերպել: Երեխաները զարգանան, աճեն ու գան փոխարինելու այսօրվա առաջատար մարզիկներին:

Այն մարզաձևերի առնչությամբ, որոնք չունեն հեռանկարային մարզիկներ, մտահոգվելու պատճառներ շատ կան, դրանք լուրջ խնդիրներ ունեն: Այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են կատարվում: Գալիք օլիմպիական ցիկլում կփորձենք հաղթանակներ գրանցել նաև այլ մարզաձևերում:

Հայաստանը լավ ավանդույթներ է ունեցել ջրացատկում, մարմնամարզությունում: Պետք է այս ամենը վերականգնելով միայն մտածել առաջ շարժվելու մասին:

Այսպես, վերջերս Հայաստանում բացվեց լեռնահեծանվային սպորտի ֆեդերացիան: Աղվերանում անցկացվեց մարզաձևի անդրանիկ առաջնությունը:

Լեռնահեծանվային մարզաձևի խնդիրները երկուսն են: Մարզաձևն օլիմպիական է, բայց այն մեզ հետաքրքրում է նաև մասսայական ուղղվածության առումով և կարող է կարևոր դերակատարում ունենալ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամեն կերպ կաջակցի նորաստեղծ ֆեդերացիային նաև միջազգային ասպարեզում հաջողություններ գրանցելու համար:

- Վերջերս հանդիպում ունեցաք վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի փոխնախագահ, վոլեյբոլի ՌԴ-ի ֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոյի հետ: Խաղային մարզաձևերում ձեռքբերումներ ունենալու և հաջողություններ գրանցելու համար ի՞նչ է հարկավոր:

- Վոլեյբոլն ամենամասսայական մարզաձևն է աշխարհում: Դրանով իսկ արդեն հետաքրքրում է մեզ: Աշխարհում վոլեյբոլի շուրջ 230 ֆեդերացիա է գործում:

Սակայն բարձր նվաճումների առումով վոլեյբոլը մեզ մոտ այնքան էլ լավ վիճակում չէ: Բայց կան նախադրյալներ, և աշխատանքի արդյունքում հնարավոր է բարելավել ներկա վիճակը:

Օրինակ եմ ուզում բերել բասկետբոլ մարզաձևը: Թեև բասկետբոլն այնքան էլ տարածված չէ Հայաստանում, չկան ֆինանսական մեծ ռեսուրսներ, ճիշտ և հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր «Ուրարտուն» հանդես է գալիս Ռուսաստանի սուպերլիգա 1-ի առաջնությունում: Մեր մարզիկները խաղում են և պայքարում ուժեղագույնների հետ: Ռուսաստանի սուպերլիգայի առաջնությունը մտնում է Եվրոպայի ուժեղագույն հնգյակի մեջ: Սա խոսուն փաստ է:

Կարևորն այն է, որ այսօր ունենք ազգային հավաքական, որը հաջորդ տարի մասնակցելու է աշխարհի առաջնության որակավորման փուլին: Մեզ դա հենց այնպես չի տրվել: Մենք կարողացել ենք այս ամենը ձեռք բերել ճիշտ, հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ:

Մանավանդ խաղային մարզաձևերում միասնական, համատեղ աշխատանքն անչափ կարևոր է: Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է: Հարկավոր է աշխատասիրություն և միասնականություն: Պետք է լինի թիմ, որտեղ բոլորը նայեն միևնույն ուղղությամբ: Բասկետբոլի ֆեդերացիայում սա կա: Տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մարդիկ համախմբվել են մեկ նպատակի շուրջ: Բոլորի մտքերը հանգուցալուծվում են մեկ կետում՝ ինչպես զարգացնել մարզաձևը:

- Ինչպե՞ս եք գնահատում մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքը, կադրային փոփոխություններ հնարավո՞ր են:

- Ընդամենը մի քանի ֆեդերացիա կա, որոնց աշխատանքները գոհացուցիչ են: Ֆեդերացիաների կատարած աշխատանքները կամփոփվեն տարեվերջին և կտրվեն համապատասխան գնահատականներ:

- Նախորդ պաշտոնավարման ընթացքում եղե՞լ են մտահղացումներ, անավարտ մնացած ծրագրեր, որոնք պատրաստվում եք կյանքի կոչել այս պաշտոնավարման ընթացքում:

- Իհարկե: Կան մի շարք մտահղացումներ ու ծրագրեր, որոնք կիսատ մնացին: Փորձելու եմ դրանք մեկ առ մեկ, քայլ առ քայլ իրականացնել:

Փաստերն ավելի խոսուն կլինեն, և ժամանակը կտա դրանց գնահատականը: Հավատում և վստահ եմ՝ այն ծրագրերը, որոնք նախարարությունն այժմ առաջ է քաշում , անպայման դրական ազդեցություն են թողնելու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման վրա:

Կարևորն ունեցածը պահելն է, բայց չպետք է մնալ տեղում, այլ պետք է առաջ շարժվել, որպեսզի դրական դինամիկան տեսանելի լինի: Մենք վստահ և հաստատակամ առաջ ենք շարժվելու՝ ոլորտում ունենալով նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ, կերտելով պատվաբեր հաղթանակներ:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: