Հայերեն   English   Русский  

​Մենք ձգտում էինք ունենալ պետություն, որտեղ քաղաքացին պաշտպանված է. Միքայել Արամյան


  
դիտումներ: 17513

«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ աղետի գոտու և բռնագաղթածների հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Միքայել Արամյանն է:

- Պարոն Արամյան, այս տարի տոնում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը։ Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կնշեք։

- Կարճ կասեմ` ձեռքբերումն անկախությունն է։ Իսկ բացթողումն այն է, որ չենք կարողանում ուժեղ ու կայացած իրավական պետություն կառուցել։

- Անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը, ինչպիսի՞ Հայաստանի համար էիք պայքարում։

- Մենք ձգտում էինք ունենալ պետություն, որտեղ քաղաքացին պաշտպանված է, և առաջնային է արդարությունը։

- Անկախության տարիների թերացումներն ու առկա վիճակը գնահատելիս երբեմն ասվում է, որ 1991-ին հայությունը պատրաստ չէր անկախությանը։ Ձեր կարծիքով՝ մենք որքանո՞վ էինք պատրաստ անկախությանը։

- Միայն ամբողջ հայության մասնակցությամբ և նվիրումի շնորհիվ կարողացանք ձեռք բերել անկախությունը, և ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ ազգովի ոչ միայն պատրաստ ենք անկախության, այլև անձնազոհությամբ կարող ենք պաշտպանել որպես գերագույն արժեք, չնայած անկախության տարիների ընթացքում շատերը փորձում էին արժեզրկել այդ գաղափարը։

- Ո՞րն եք համարում պետականաշինության ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը։

- Կարծում եմ` ամենամեծ սխալն այն է, որ չկարողացանք հաղթահարել պաշտոնյաների ընչաքաղցությունը։

- Ո՞րն եք համարում ներկայում ՀՀ առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը։

- Կաշառակերությունը՝ կոռուպցիան։

- Ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր պետականության համար։ Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս կարողացանք հաղթահարել այդ փորձությունը, ի՞նչ դասեր պետք է քաղենք և հետագայում ի՞նչ քայլեր ձեռնարկենք։

- Անկախության և պետականության կորստի վախի և գիտակցման շնորհիվ էր, որ կարողացանք հաղթահարել այդ փորձությունը։ Ուստի պետականաշինության և հատկապես բանակաշինության գործում թերությունների շտկման և բացերը լրացնելու միջոցով է միայն հնարավոր և պարտադիր խուսափել նման իրավիճակներից ապագայում։

- Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան։

- Հայաստանի համար պայծառ ապագա եմ երազում։ Այն կախված է յուրաքանչյուրիս նվիրումից բարուն ու արդարությանը, յուրաքանչյուրիս սիրուց դեպի Հայրենիք ու ընտանիք, յուրաքանչյուրիս հավատից առ Աստված։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: