Հայերեն   English   Русский  

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալեց պատանի հայ շախմատիստներին


  
դիտումներ: 446

Բաթումիում մեկնարկած մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մասնակիցները գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ հոկտեմբերի 25-ին հյուրընկալվեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում:

Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ողջունելով ներկաներին, առանձնահատուկ ընդգծեց պատանի շախմատիստների՝ Հայաստանը պատվով ներկայացնելու հանգամանքը և նրանց հաջողություններ մաղթեց մրցաշարի հետագա հանդիպումներում:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպումից հետո տեղի ունեցավ այցելություն Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցի, որտեղ պատանի շախմատիստներին բարեմաղթանքի և օրհնանքի խոսքեր հղեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Աջարիայի, Իմերեթիայի և Գուրիայի հոգևոր հովիվ տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Տեղեկանք: Մինչև 8, 10 և 12 տարեկանների աշխարհի այս առաջնությունում, որին մասնակցում են շուրջ 700 երեխաներ 66 երկրներից, Հայաստանից մրցողների թիվը 29 է:

Հոկտեմբերի 25-ի տվյալներով՝ 6 տուրից հետո լավ արդյունքներ ունեն մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը` 5 միավոր` 6- հնարավորից և մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում՝ Եվրոպայի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը` 4 միավոր` 6 հնարավորից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: