Հայերեն   English   Русский  

Բաքվի վերաքննիչ դատարանն ազատ չի արձակել Ղարաբաղյան պատերազմի մասնակցին


  
դիտումներ: 18548

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահության անդամ, հաշմանդամություն ունեցող Ասիֆ Յուսիֆլիի բողոքը՝ թողնելով նրան կալանքի տակ, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Յուսիֆլին ձերբակալվել է 2014 թվականի նոյեմբերի 25-ին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման: Ընթացիկ տարվա մայիսին Գերագույն դատարանը մեղմել է նրա պատիժը մինչև 6 տարվա ազատազրկմամբ՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը իր խնամքի տակ ունի հիվանդ երեխաներ:

Սակայն 2016 թվականի հունիսի 1-ից Ադրբեջանում ուժի մեջ է մտել ՔՕ-ի լրացումներ, որով Յուսիֆլիին ներկայացված յուրացված գումարը «խոշոր վնաս» կատեգորիայից փոխանցվել է «զգալի վնաս» կատեգորիայի: Պաշտպանող կողմը դիմել է Նիզամիի շրջանային դատարան՝ կատեգորիաների նման փոփոխություն իրականացնելու խնդրանքով, որով նախատեսվում է 3-7 տարվա ազատագրում կամ տուգանք: Փոփոխությունն իրականացվել է, սակայն կալանքի ժամկետը չի փոփոխվել:

«Նիզամիի դատարանը չի մեղմացրել պատիժը, թեև Յուսիֆլին մարել է իրեն վերագրված գումարը, նրա դեմ տուժածների կողմից դիմում չի ներկայացվել, և նա անչափահաս երեխաներ ունի: Բաքվի վերաքննիչ դատարանն այս դատավճիռը ուժի մեջ է թողել: Մենք կրկին բողոք կներկայացնենք Ադրբեջանի գերագույն դատարան»,-ասել է իրավաբան Ֆախրադդին Մեհթիևը:

Վերջինս հավելել է, որ Յուսիֆլին քրեական հանցագործություն չի գործել, նա միայն որպես միջնորդ է հանդես եկել քաղաքացի Զուլֆգուրովի գումարը Ադրբեջանի կրթության նախարարության նախկին աշխատակցին փոխանցելու գործում՝ նրա որդուն Ուկրաինա սովորելու ուղարկելու համար: Թեև Յուսիֆլին այդ գործարքի շրջանակներում անձնական նպատակներ չի հետապնդել, սակայն փոխհատուցել է կնոջը հասցված վնասը:

Յուսիֆլին իր նկատմամբ հարուցված քրեական գործը համարում է քաղաքականապես մոտիվացված: Տեղի իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ են ճանաչել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: