Հայերեն   English   Русский  

ժամանակն է վերջ դնել լրագրողների նկատմամբ իրականացվող վայրագություններին. Աշոտ Մելիքյան


  
դիտումներ: 363

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրման դեպքը շատացել են: Դրա ապացույցն են 2015 թվականի հունիսի 23-ին Էլեկտրիկ Երևանի ցույցի ժամանակ տեղ գտած բռնությունները, իսկ այս տարի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ուենցած իրադարձությունները:

Հիշեցնենք, որ երկրի նախագահը ներողություն խնդրեց լրագրողներից հուլիսյան դեպքերի համար՝ հորդորելով մոռանալ դա, բայց դա վերաբերում է լրագորղներին միայն, ոչ թե իրավապահներին, քանի որ վստահ է՝ այլևս նման բան չի կրկնվելու:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրը կարծես հենց Հայաստանի համար է ձևակերպված: Եթե էլեկտրիկ Երևանի ժամանակ 24 լրագրողի գործունեություն խոչընդոտվեց, որոնցից 13-ը ֆիզիկական բռնության ենթարկվեցին, ապա Սարի թաղի դեպքերի այդ թիվը հասավ 27-ի, որից 19-ը ֆիզիկական բռնության ենթարկվեցին:

«Իսկապես ժամանակն է վերջ դնել այն վայրագություններին, որոնք իրականցնում են լրագրողների նկատմամբ: 2015 թվականի հունիսի 23-ից հետո սա աննախադեպ երևույթ էր, երբ լրագրողներին և օպերատորներին ծեծում էին, անպայման ուզում էին չիպերը հանել, ջնջել պարունակությունը, հարկադրաբար բերման էին ենթարկում: Սակայն այս տարի հուլիսին տեղի ունեցած երևույթի մասին նույնպես պետք է գործածել աննախադեպ բառը, քանի որ այս անգամ բռնությունների թիվը մեծացավ, ինչպես նաև հատուկ մեդթոդներ կիրառվեցին լրագրողների նկատմամբ: Այս աբսուրդի թատրոնը հնարավոր չէ գնահատել»,- ասաց պարոն Մելիքյանը:

Ինչ վերաբերում է նախագահի ներողությանը, ապա իրավապաշտպանը նկատեց, որ դրանից հետո Հատուկ քննչական ծառայությունը սկսեց որոշակի ակտիվություն ցուցաբերել: Նույնիսկ գրեթե մոռացության մատնված Էլեկտրիկ Երևանի ցույցերի գործում, որտեղ 21 տուժած լրագրող և օպերատոր կար ու ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ, հանկարծ 4 ոստիկանի մեղադրանք առաջադրեցին.«Ի՞նչ է ստացվում. 21 լրագրողի այդ 4-ն են ծեծել: Ամբողջ համացանցը լցված է այս ոստիկանների նկարներով, նկարահանումներով, բայց դա շատ ծանր գործ է, դժվար է այդ տեսանյութերում տեսնել, թե ով է հրամանը տալիս և ով է այն ջանասիրաբար կատարում: Նույնը կարելի է ասել նաև Սարի թաղի վերաբերյալ»,- իր տարակուսանքը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Պարոն Մելիքյանը գտնում է, որ եթե իշխանությունները դիմադրություն չստանան լրագրողական շրջանակաների կողմից, հասարակությունից, այս դեգրադացիան կարող է հասնել նրան, որ մեզ մոտ էլ լրագրողի գրպան թմրանյութ գցեն և ասեն, որ նա վաճառում էր, ինչպես անում են Ադրբեջանում. «Այդ մակարդակին չհասնելու համար իշխանությունները պետք է տեսնեն, որ մարդիկ չեն հանդուրժում այս ամենը, դրա դեմ պայքարում են քաղաքացիները, չեն մոռանում, ներողությունները չեն ընդունվում այնքան ժամանակ, մինչև մեղավորները չեն պատժվում և այլն»:

Աշոտ Մՙելիքյանի խոսքով՝ գալիք ընտրությունների ժամանակ ամենայն հավանականության այդ ճնշումները կմեծանան.«Բազմամյա փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների ժամանակ ներքաղաքական իրավիճակը լարվում է, հրապարակումները շատ ավելի ցավագին են ընդունվում տարբեր քաղաքական ուժերի, և առաջին հերթին իշխանությունների կողմից: Ցանկացած քննադատություն կարող է ընկալվել որպես վիրավորանք և զրպարտություն, որի հիման վրա կարող են դիմել դատարան: Դա քաղաքակիրթ տարբերակն է. եթե ոչ, դա կարող է բռունցքների հասնել»:

Միևնույն ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ընդգծեց, որ սուտ մատնության մասին դրույթը ընտրությունների ժամանակ հոգեբանական ճնշում է լինելու լրագրողների համար.«Գործերը, ի վերջո, չեն հասնելու դատարան: Մարդիկ 10 անգամ մտածելու են՝ արժե տվյալ նյութը գրել, թե՝ ոչ: Իսկ դա դասական ճնշում է: Դա թաքնված գրաքննության ձև է»:

Նա ընդգծեց, որ շատ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել.«Այդ ձևական գործերը, կոծկելու ցանկությունը և քավության նոխազ գտնելը դա մի ընդհանուր ձեռագիր է Հայաստանում: Պետք է անպատժելիության մթնոլորտին վերջ տալ: Պետք է էֆեկտիվ գործողություններ մշակել և ոչ թե ներողություն խնդրել ու հորդորել մոռանալ»,- եզրափակեց Աշոտ Մելիքյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: