Հայերեն   English   Русский  

​«Յոթ չափեք, մեկ կտրեք». գիտնականի խորհուրդը գիտության վերաբերյալ որոշում կայացնող իշխանավորներին


  
դիտումներ: 7624

Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ատոմային սպեկտրասկոպիայի լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) անցկացրած «Արդյունավետ գիտաշխատող 2016» մրցույթի հաղթողների ցանկում ընդգրկված միակ երիտասարդ գիտնականն է: Երիտասարդ գիտաշխատողները միշտ չէ, որ իրենց ցուցաբերած արդյունքներով կարողանում են մրցակցել տարիքով և առավել վաստակավոր գիտնականների հետ ու ընդգրկվել ցանկում: Այդ իսկ պատճառով ԳՊԿ-ն նմանատիպ մեկ այլ մրցույթ էլ երիտասարդ գիտաշխատողների համար է իրականացնում:

Հարցին, թե ինչպես է կարողացել մրցակցել իրենից փորձառուների հետ ու ընդգրկվել հաղթողների շարքում, Սարգսյանը դժվարանում է պատասխանել: Գիտնականի ընտանիքում և գիտնականների միջավայրում` Աշտարակի գիտավանում մեծացած Արմենը դեռ մանուկ հասակից հետաքրքրվել է ֆիզիկայով: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ուսանելու տարիներին էլ հաճախ էր ինստիտուտ այցելում, հետևում լաբորատորիայի աշխատանքներին: Եվ երբ 2006-ին ասպիրանտուրա է ընդունվում, արդեն քաջատեղյակ էր լաբորատորիայի գործունեությանը, և գիտական թիմին ու աշխատանքին ընտելանալու համար ժամանակ չի պահանջվում:

Արմեն Սարգսյանն ասում է, որ գիտաշխատողների իրենց թիմն ուսումնասիրում է լազերային ճառագայթների փոխազդեցությունը ատոմական գոլորշիների վրա: Ոլորտում մի շարք արդյունավետ ուսումնասիրություններ են իրականացրել, ձեռքբերումների հասել: Այդ իսկ պատճառով էլ իրենց լաբորատորիան ակտիվ համագործակցում է արտերկրի համանման լաբորատորիաների հետ, միասին գիտական ծրագրեր և ուսումնասիրություններ են իրականացնում: Արտերկրի գիտական կենտրոնների հետ համագործակցության շնորհիվ գիտական հոդվածներ են տպագրվել, որոնք էլ իրենց հերթին հեղինակներին ճանաչում են բերել:

Խոսելով գիտության ու մասնավորապես ֆիզիկայի մասին՝ Արմենն այն համեմատում է արվեստի հետ: Ասում է, որ գիտությունն էլ ստեղծագործական պրոցես է: Եվ ինչպես պատահում է, որ հանճարեղ արվեստագետների որոշ գործեր ճանաչում են ձեռք բերում տարիներ անց, այդպես էլ գիտությունում է, այսօրվա աշխատանքի արդյունքը կարող է տեսանելի լինել ու գնահատվել տարիներ անց:

«Դառն իրականության հետ շփվելով՝ շատ բաներից հոգնում ես, հաճախ ուզում ես պարզապես աչքերդ փակել ու մոռանալ: Բայց գիտությամբ զբաղվելը միշտ էլ հաճելի է, կարևոր չէ՝ Հայաստանում ես գտնվում, թե այլ երկրում:Գիտությամբ զբաղվելիս հանգիստ կամ ոչ աշխատանքային ժամ հասկացությունը չկա: Այո, ֆիզիկապես հոգնում ես, բայց քանի գոյատևում ես՝ մտածում ես: Պատահում է, որ գիշերը զարթնում ես, մտքովդ մի բան է անցնում, ուզում ես հենց այդ պահին փորձել»,- պատմում է Արմենը:

Ասում է, որ հատկապես Հայաստանում մարդկանց մեծ մասն ակնկալում է, որ եթե զբաղվում ես գիտությամբ, ապա պետք է ստեղծես զենք կամ մի այլ բան հենց ներկայում: «Շատերին թվում է, որ եթե հենց հիմա ինչ-որ բան չես ստեղծում, ուրեմն անիմաստ գործով ես զբաղվում: Այս մոտեցումը շատ սխալ է»,- ասում է Սարգսյանը` հավելելով, որ գիտնականը պետք է պատրաստ լինի նրան, որ իր աշխատանքը կարող է չգնահատվել:

«Արտերկրում գիտությունը կարևորում են ու ֆինանսավորում, քանի որ հասկանում են` հիմա գումարը հատկացնելով՝ արդյունքը կտեսնեն հետագայում: Եթե ֆունդամենտալ գիտություն չունենանք՝ նորը չի ստեղծվի: Ֆունդամենտալ ու կիրառական գիտությունների միջև կապ պետք է լինի: Կապը կտրվելու դեպքում տասնյակ տարիներ, մեծ գումարներ ու ահռելի ջանքեր են պետք այն նորից վերականգնելու համար»,- ասում է նա:

Որպես օրինակ մատնանշում է Ղազախստանն ու Թուրքիան, որոնք տարիներ շարունակ մեծ ներդրումներ են անում գիտության ոլորտում` համապատասխան գիտական ներուժ ստեղծելու համար: «Արտերկրում, երբ ծանոթանում են մեր պայմաններին և ունեցած արդյունքներին, նախ զարմանում են, թե մեր պայմաններում ինչպես կարելի է զբաղվել գիտությամբ, հետո նաև զարմանում են մեր ունեցած արդյունքից»:

Անդրադառնալով Հայաստանում գիտությանը պետական ու հասարակական մակարդակով վերաբերմունքին` Արմենը նշում է, որ մեզ մոտ գիտությունը գնահատված չէ: «Հայաստանում գիտնական լինելը պոպուլյար չէ, գիտությունն էլ գրավիչ չէ, քանի որ այստեղ շրջանառվող գումարները մեծ չեն»,- ասում է նա` հավելելով, որ իրականում այժմյան տեխնոլոգիական դարաշրջանում գիտնականի առջև մեծ հնարավորություններ են բացվում`անկախ գործունեության երկրից:

Չի ժխտում, որ այո, օրինակ` Մեծ Բրիտանիայում գիտնականը նույն աշխատանքի դիմաց մոտ 10-20 անգամ ավելի վարձատրություն է ստանում: Բայց Հայաստանում գործող գիտնականն էլ, եթե իր գործի գիտակ է, կարող է կապեր հաստատել արտասահմանյան կենտրոնների հետ, մասնակցել համատեղ ծրագրերի, նաև իր գիտական արդյունքը հասանելի դարձնել աշխարհին:

Սարգսյանը շեշտում է, որ հասարակությունում առկա կարծրատիպը, թե գիտնականները միայն դժգոհում են սուղ ֆինանսավորումից ու ոչինչ չեն անում, իրականությանը չի համապատասխանում: Ակտիվ գիտնականներն ու գիտական կենտրոնները համատեղ, ինչպես նաև գրանտային ծրագրերով տասնյակհազարավոր դոլարներ են Հայաստան բերում` նաև հարկեր մուծելով պետբյուջե:

Հարցին, թե արդյոք Հայաստանին գիտություն պետք է, Սարգսյանն ասում է, որ հարցն անքննելի է, նույնն է, թե ծնողը քննարկի` պե՞տք է, արդյոք, երեխային մանկապարտեզից հետո դպրոց ուղարկել:

Արմեն Սարգսյան

«Գիտություն հաստատ պետք է Հայաստանին: Ավելին, քանի որ մենք փոքր երկիր ենք, չունենք բնական ռեսուրսներ, մեր միակ ռեսուրսը մարդն է, ուղեղները»,- ասում է նա: Գիտնականը նաև շեշտում է`գիտությունը և հասարակության որակը փոխկապակցված են, հետևաբար, առանց գիտության չենք կարող ունենալ զարգացած հասարակություն կամ երկիր. «Եթե գիտություն չունենանք՝ կդառնանք ընդամենը առևտրային երկիր, բայց անգամ դրա համար այդ ոլորտի գիտություն է պետք»:

Գիտաշխատողի կարծիքով` 90-ականների դժվարին տարիների համեմատությամբ՝ պետական հոգածությունը գիտության նկատմամբ տեսանելի է: Գիտության պետական կոմիտեն ոլորտում մեծ աշխատանք է կատարում, գիտնականներին խրախուսելու և աջակցելու ծրագրեր կան, բայց նաև ավելին անելու տեղ կա: «Ցավոք, հնարավորության սահմաններում առավելագույնը չենք անում. վստահ եմ, որ եթե պետական մակարդակով վերաբերմունքը սրտացավ լիներ, ավելի շատ բան հնարավոր կլիներ անել»,- ասում է նա:

Երիտասարդ գիտաշխատողի կարծիքով` գիտության ֆինանսավորումն անհրաժեշտ պայման է Հայաստանում գիտությունը պահպանելու համար, բայց միայն դա բավարար չէ զարգացման համար: «Մարդը գիտությամբ է զբաղվում ոչ միայն օրվա ապրուստի համար, այլև հոգևոր սնունդի: Հայաստանում գիտության ոլորտում ի վերջո մնում են նվիրյալները: Եվ նման անձնազոհ, նվիրյալ մարդկանց շնորհիվ է, որ որոշ ուղղություններ առաջ են գնում: Մեր ինստիտուտում էլ կան նման մարդիկ»,- ասում է նա:

Անդրադառնալով ոլորտի կարևորագույն մարտահրավերներին՝ ասում է. «Ամեն ինչ սկսվում է վերաբերմունքից, ուստի ամենամեծ մարտահրավերը վերաբերմունքն է, հանգամանքը, որ գիտությանը լուրջ չեն վերաբերվում: Երկրորդ մարտահրավերը եղածը պահպանելն է, և հնարավորության դեպքում նոր պրոյեկտներ ավելացնելը: Ունենք մեծաթիվ տաղանդավոր գիտնականներ, որոնց մասին քչերը գիտեն, քանի որ համեստ իրենց գործն են անում: Եթե թողնենք միայն մի քանի կիրառական պրոյեկտները՝ հետո շատ մեծ ուժեր ու գումարներ կպահանջվի կորցրածը վերականգնելու համար: Գործող մեքենան վերանորոգելը և պահպանելն ավելի ձեռնտու է, քան զրոյից նորը ստեղծելը»:

Ամփոփելով՝ երիտասարդ գիտաշխատողն իշխանավորներին կոչ է անում գիտության առումով որոշումներ կայացնելիս, ժողովրդական ասացվածքի համաձայն՝ «յոթ չափել, մեկ կտրել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: