Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ


  
դիտումներ: 1426

Հայերը Բուլղարիայի տարածքում բնակվել են բուլղարներից շատ դարեր առաջ: Բուլղարները (հոները) ծագումով թուրքական ցեղախմբեր են, որոնք Բալկաններում հաստատվեցին IV-V դարերում. ժողովուրդների մեծ գաղթի տարիներին խառնվեցին տեղի սլավոնական ցեղերի հետ, և ձևավորվեց բուլղար ժողովուրդը: Բուլղարական առաջին պետությունը 618 թ. հիմնել է Խան Ասպարուխը:

Հետաքրքիր տեղեկություն են հաղորդում հայ պատմիչները հայերի և բուլղարների վաղ միջնադարյան առնչությունների մասին: Բուլղարները Հոնագուրի առաջնորդությամբ ասպատակում են Սասանյան Պարսկաստանը: Խոսրով Անուշիրվան թագավորը մեծ զորք է հանում նրանց դեմ: Հոնագուրն առաջարկում է Խոսրով արքային ավելորդ արյունահեղությունից խույս տալու համար մենամարտել: Խոսրովը, վախենալով մենամարտից, իր փոխարեն Հոնագուրի դեմ ուղարկում է հայազգի Բաբիկին: Մենամարտը տևում է ամողջ օրը, և ի վերջո, Հոնագուրը հոգնում և պարտվում է:

Հետագայում, VI դարի վերջում, հայազգի Մուշեղ Մամիկոնյան զորավարն է բյուզանդական մեծ բանակով արշավում Թրակիա՝ հպատակեցնելու բուլղարներին: Մուշեղ Մամիկոնյանը մի քանի հաղթանակներ է տանում, բայց և այնպես բուլղարները կարողանում են վճռական ճակատամարտում հաղթել, Մուշեղին գերել և կախել ծառից:

Վաղ միջնադարում Բուլղարիայի տարածքում հայկական հոծ գաղութ կար: Հայաստանում Արշակունիների թագավորության անկումից հետո շատ հայեր, լքելով հայրենիքը, հաստատվեցին Բալկաններում:

Պատմությանը հայտնի է Բյուզանդիայի Մորիկ կայսեր նամակը պարսից թագավորին, որում կայսրը խորհուրդ է տալիս Պարսկաստանի հայերին քշել Միջին Ասիայի անապատները, քանզի ինքը Արևմտյան Հայաստանի հայերին Բալկաններ և Թրակիա է ուղարկում, քանի որ եթե այդ ըմբոստ ռազմիկներն այնտեղ սպանեն, կսպանեն իրենց թշնամիներին, թե սպանվեն, կսպանվեն իրենց թշնամիները (հայերը)…

Առհասարակ վաղ միջնադարից Բյուզանդիայի անվտանգությանը սպառնում էին հենց սլավոնական ցեղերը, որոնք կարող էին Կոստանդնուպոլսին հարվածել Բալկաններից: Եվ բյուզանդական կայսրերը շատ հայ ազնվականների և զորականների բնակեցրին Բալկաններում՝ հյուսիսից ապահովելով կայսրության մայրաքաղաքի անվտանգությունը: Եվ միջնադարում Փիլիպպիկոս ամրոցը (ներկայիս Պլովդիվը) դարձավ հայ զինվորականության կենտրոնը:

IX դարում բյուզանդական բանակում ծառայող հայ զորավարներից բուլղարների դեմ պատերազմներում աչքի ընկավ Տաճատ Անձևացին:

Եվ Բուլղարիայում հայությունն այնքան ստվարացավ, որ հայերն այնտեղ անգամ իշխանության հասան: Կամսարականների տոհմից սերող Սամուել Կոմսաձագ իշխանը 997 թ. բուլղարական գահ բարձրացավ: Նա թագավորեց մինչև 1014 թ. և իր գահակալման ողջ ընթացքում արյունահեղ պատերազմներ մղեց Բուլղարիայի անկախության համար ընդդեմ Բյուզանդական կայսրության, որի գահին նույնպես հայ էր բազմած:

1014 թ. Բյուզանդիան վճռական ճակատամարտում հաղթանակ տարավ: Վասիլ Բ կայսեր հրամանով տասնյակհազարավոր բուլղարացի ռազմագերիներ կուրացվեցին և ազատ արձակվեցին Բուլղարիա: Դա ահ ու սարսափ տարածեց ողջ Բուլղարիայում: Այդ անմարդկային, դաժան արարքի համար Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ Բ ստացավ Բուլղարասպան մականունը, իսկ Սամուել Կոմսաձագը հավերժ մնաց բուլղար ժողովրդի սիրելին ու հերոսներից մեկը:

Ցավոք, Սամուել Կոմսաձագի ժառանգները գահի համար պայքարում գժտվեցին և չկարողանալով շարունակել պայքարը Բյուզանդիայի դեմ՝ անձնատուր եղան կայսրին: Կայսրը Սամուելի որդիներին կալվածքներ հատկացրեց Հունաստանում և Բուլղարիան առավ իր տիրակալության տակ:

Բուլղարացի շատ զինվորականներ բյուզանդական բանակի կազմում մասնակցել են Հայաստանի դեմ մղվող պատերազմներին: Մասնավորապես Նիկոլա Բուլղարը 1042 թ. դեպի Անի արշաված բյուզանդական բանակի զորահրամանատարներից էր:

Բագրատունյաց թագավորության անկումից հետո էլ հազարավոր հայեր գաղթեցին Հայաստանից և հաստատվեցին Բուլղարիայում: Դեպի Թրակիա հայերի գաղթն ուժեղացավ հատկապես Գրիգոր Մագիստրոսի կողմից թոնդրակեցիների և արևորդիների համայնքների դեմ ձեռնարկած պատժիչ գործողությունների պատճառով:

Փաստորեն, հայերի միջոցով Բուլղարիայի տարածք թափանցեցին աղանդավորական շարժումներ, և սկիզբ առավ բոգոմիլների շարժումը:

Բուլղարիայում նաև հայ գրչության կենտրոններ են գործել: Հայտնաբերված հնագույն ձեռագիրը, որ գրվել է Բուլղարիայի տարածքում, վերագրվում է X դարին:

Շատ հայ ճանապարհորդներ իրենց ուղեգրություններում անդրադարձել են Բուլղարիային: Հատկանշական են Սիմեոն Լեհացու և Մարտիրոս Ղրիմեցու նոթերը: Հատկապես վերջինս մռայլ գույներով, անգամ ծաղրով է նկարագրում XVII դարի բուլղարական կենցաղը, բուլղարական գյուղերի ու քաղաքների նիստուկացը:

Հայերը մեծ դեր են ունեցել Բուլղարիայի հասարակական կյանքում: Նրանք նաև ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի ազգային-ազատագրական պայքարում: Հատկապես 1912-1913 թթ.՝ Բալկանյան պատերազմի ժամանակ, Բուլղարիայում թուրքական բանակի դեմ շատ հայեր էին մարտնչում Գարեգին Նժդեհի և Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ:

XIX դարավերջին Բուլղարիայում շուրջ 5 հազար հայ էր բնակվում: XX դարասկզբին Հայոց ցեղասպանության հետևանքով Բուլղարիայի հայության թիվը հասավ 50 հազարի: Հազարավոր հայ ընտանիքներ ապաստան գտան Բուլղարիայում: Այդ ժամանակ էր, որ բուլղարացի պոետ Պեյո Յավորովը գրեց իր հայտնի «Հայերը» բանաստեղծությունը:

Վտարանդինե՛ր, թշվա՜ռ բեկորներ, միշտ խիզախ, բայց միշտ տառապած ազգի,

Ահաբեկված մոր լքվա՜ծ զավակներ, զոհեր՝ պանծալի ու մեծ սխրանքի.

Օտար ափերում, մայր հողից հեռու, ավեր խրճիթում, անտեր ու անսեր,

Հարբում են նրանք, վերքը՝ սրտերում և երգում այնպե՛ս - լալիս են ասես…

Հարբում են նրանք, գինու գավերում թաղել են ուզում ներկա ու անցյալ,

Որ հուշը խեղդվի գինու փրփուրում, կրծքի տակ նիրհեն տառապանք ու ցավ.

Որ գոնե մի պահ չտեսնեն, չզգան իրենց տառապած մոր դեմքը բարի,

Չլսեն մի պահ աղերս ու կական, օգնություն կանչող բյուր զավակների…

Ինչպես գազանից հալածական հոտ, ցրված են նրանք աշխարհում արար.

Նրանց թիկունքին՝ յաթաղանն արնոտ, առջևում՝ գաղթի ճամփան է խավար…

Նրանց դեմ, որոնք թողին արյան մեջ հյուրընկալ դուռը հայրենական տան,-

Հիմա, բյուրավոր փակ դռների մեջ, լոկ մի դուռ է բաց՝ դուռը գինետան…

Երգում են նրանք… նրանց երգը խուլ, վերք է տնքացող, քարացած արցունք,

Նրանց աչքերում վշտի վիհ է խոր, բայց հոգում՝ արդար վրեժի բարձունք.

Եվ, վերքն ինչքան էլ սրտերը խոցի, կամ արտասուքը ցավից վարարի,-

Նրանց աչքերը փայլում են բոցից, խոցված է սիրտը, սակայն՝ քաջարի…

Ոռնում է բուքը շուրջը գինետան և նրանց ռազմի երգին ձայնակցում,

Ձուլում այդ երգին ձայնն իր խոլական, և աշխարհով մեկ երգը տարածում:

Այդ երգից բուքը մրրիկ է դառնում, մութը կրկնակի մութով է պատում,

Եվ մի բուռ հայեր՝ զորագունդ դառնում, թվում է երգով կռվում են մարտում…

Երգում են, հարբում մի բուռ բեկորներ, միշտ խիզախ, սակայն տառապած ազգի,

Ահաբեկված մոր լքված զավակներ, զոհեր՝ պանծալի ու մեծ սխրանքի

Օտար ափերում, մայր հողից հեռու, օտար խրճիթում, անտեր ու անսեր,

Հարբում են՝ վիշտը խեղդած սրտերում, և երգում այնպես – լալիս են ասես…

Ներկայումս Բուլղարիայում մոտ 50 հազար հայ է ապրում և հայերը թվաքանակով չորրորդն են ազգային փոքրամասնությունների շարքում:

Համայնքում հայկական ակումբներ են գործում, հայկական թերթեր են լույս տեսնում, Պլովդիվում՝ «Վահան», Սոֆիայում՝ «Երևան», Բուրգասում՝ «Հայեր»: Իսկ առաջին հայկական պարբերականը Բուլղարիայում՝ «Հույս» շաբաթաթերթը, տպագրվել է դեռևս 1884 թ. Անդրանիկ Յոանեսկուի խմբագրությամբ:

Դեռևս XIX դարից այստեղ ակտիվ գործել են հայ ավանդական կուսակցությունները, մարզա-մշակութային միություններ, հայ առաքելական եկեղեցու թեմեր:

Բուլղարիայում հայկական դպրոցներ չկան: Վառնայում և Բուրգասում գործում են կիրակնօրյա դպրոցներ: Սակայն բուլղարական մի քանի դպրոցներում հայոց լեզուն ընդգրկված է պետական ծրագրերում:

Ներկայումս Բուլղարիայում կան հայ առաքելադավան գործող 10 եկեղեցիներ և 2 մատուռ, ինչպես նաև մի քանի հայ ավետարանչական եկեղեցիներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: