Հայերեն   English   Русский  

​Վոլոդյա Ֆրանգուլյան. «Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»


  
դիտումներ: 1918

Երևանի «Դինամո» մարզադահլիճում հոկտեմբերի 25-26-ը կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մասնակցեցին հանրապետության ուժեղագույն ըմբիշները: Թեև այս տարի մասնակիցների թիվը նվազել էր (41 մարզիկ), պայքարի առումով առաջնությունը կարելի է ստացված համարել:

Նշենք, որ երկրի չեմպիոնի տիտղոսից բացի, վիճարկվում էին ոչ օլիմպիական երկու քաշային կարգի աշխարհի առաջնության ուղեգրեր:

61 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վոլոդյա (Վալոդյա) Ֆրանգուլյանը: Նա իր կարիերայի ընթացքում մի շարք հաղթանակներ է տոնել, դարձել Եվրոպայի չեմպիոն, սակայն Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճում է առաջին անգամ:

«Անկախի» հետ զրույցում երկրի նորընծա չեմպիոնը կարևորում է այս հաղթանակը և հույս հայտնում, որ դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում կկարողանա ավելի առաջ գնալ:

- Շնորհավորում ենք Ձեզ առաջնությունում առաջին անգամ հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Ձեր տպավորությունները:

- Շնորհակալ եմ: Այս առաջնությունը սպասված էր ինձ համար և առանձնակի կարևոր: Նախապատրաստական փուլի մարզումներն անցկացրել եմ ԱՄՆ-ում:

Ծանրաբեռնված և հագեցած մարզումներ եմ անցկացրել բարձրակարգ մարզիկների հետ: Դա շատ կարևոր էր ինձ համար փորձի փոխանակման առումով: Մարզվում էի «Ատլանտիկ» ակումբում: Այնուհետև, վերադառնալով Հայաստան, պարապմունքները շարունակեցի անձնական մարզիչ Ցոլակ Հարոյանի հետ:

Հաջող հանդես գալու, լավ գոտեմարտեր անցկացնելու և, վերջապես, հաղթելու ցանկությունս մեծ էր:

Կարիերայիս ընթացքում տարբեր մրցաշարերի եմ մասնակցել, հաղթել եմ Եվրոպայի առաջնությունում, բայց Հայաստանի մեծահասակների առաջնությունում չէր հաջողվել: Մեկ անգամ երկրորդ տեղ եմ զբաղեցրել, այնուհետև տարբեր պատճառներով չեմ մասնակցել Հայաստանի առաջնությանը:

- Եզրափակչում Ձեր մրցակիցը փորձառու ըմբիշ Գարիկ Բարսեղյանն էր, որը նախկինում հանդես էր գալիս 57 կգ քաշային կարգում: Գոտեմարտը բավական լարված և դիտարժան ստացվեց:

- Առաջնությունում պայքարը ստացվեց: Վստահաբար կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարզիկ, դուրս գալով մրցագորգ, մտածում էր միայն հաղթանակի մասին: Այդ առումով պայքարն ավելի թեժ էր: Բոլորի ցանկությունը մեկն էր՝ հաղթել: Բոլորն էլ լավ մարզիկներ էին: Կար մրցակցություն: Եվ բնական է, որ գոտեմարտերը պետք է լարված լինեին:

Գարիկ Բարսեղյանը փորձառու ըմբիշ է, Եվրոպայի մրցանակակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն: Գիտակցում էի, որ ամենալարված ու կարևոր գոտեմարտն է լինելու: Ուսումնամարզական հավաքներին միասին ենք մարզվել, թեև երբևէ չէինք գոտեմարտել, բայց ծանոթ էի Գարիկի հնարավորություններին: Ամենից լարված գոտեմարտն էր: Ուրախ եմ, որ կարողացա հաջողության հասնել:

- Դեկտեմբերին Բուդապեշտում մասնակցելու եք ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի անդրանիկ առաջնությանը: Ի՞նչ մարզավիճակում եք այժմ:

- Ամեն ինչ անելու եմ՝ Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու համար: Այժմ մարզավիճակս միջին կգնահատեմ: Առաջնությունից հետո մի փոքր դադար եղավ: Արդեն սկսել եմ մարզումներս:

Աշխարհի առաջնությանը մասնակցում են իրենց երկրի առաջնությունում հաղթող մարզիկները: Այդ առումով թեժ պայաքար է սպասվելու:

Սկզբնական շրջանում շեշտը կդնենք ֆիզիկական պատրաստականության վրա, այնուհետև կմասնակցեմ ուսումնամարզական հավաքի: Աշխատանքներ կտանենք տակտիկապես ճիշտ և գրագետ գոտեմարտեր անցկացնելու ուղղությամբ, քանի որ արդեն գրեթե 98 տոկոսով մրցակիցները հայտնի են:

- Ձեր քաշային կարգն օլիմպիական չէ: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է հանդես գալ օլիմպիական խաղերում: Չե՞ք մտածում քաշային կարգը փոխելու և օլիմպիական մրցահարթակում հանդես գալու համար:

- Անցյալ տարվա վերջին Իրանում 65 կգ քաշային կարգում մասնակցեցի ակումբային աշխարհի առաջնությանը: Հինգ հավաքականների հետ էինք պայքարում, գոտեմարտերից 4-ում հաղթեցի և միայն մեկ պարտություն կրեցի:

Վարկանիշային մրցաշարերի չմասնակցեցի և, բնական է, չկարողացա պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Որոշեցի այս տարի մնալ իմ քաշային կարգում, որ հնարավորություն ունենամ պայքարելու մյուս մրցաշարերում: Հնարավոր է՝ առաջիկայում մտածեմ քաշային կարգս փոխելու մասին:

- Բազմաթիվ գոտեմարտեր եք անցկացրել: Կա՞ն հատուկ հնարքներ, որոնց նախապատվություն եք տալիս և առավել հաճախ կիրառում:

- Իհարկե կան, բայց միայն գոտեմարտի ընթացքում պետք է կողմնորոշվել և անել այն հնարքները, որոնք առավելապես լավ են ստացվում: Եթե մարզիկը մտածի, որ պարտադիր այս կամ այն հնարքը պետք է կատարի, ապա կսկսի կենտրոնանալ այդ ուղղությամբ, ինչը կխանգարի հաջողության հասնելուն:

- Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված: Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը:

- Այն միջավայրում, որտեղ մեծացել եմ, շատերն էին զբաղվում ըմբշամարտով: Հայրս էլ ըմբիշ է եղել, զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով: Մարզաձևն ինձ գրավեց, բայց ընկերներիս հետ որոշեցի ընտրել հենց ազատ ոճի ըմբշամարտը:

Վստահ կարող եմ ասել, որ այն ամենին, ինչին հասել եմ, ինչ ունեմ կյանքում, սպորտի շնորհիվ է: Այս միջավայրում է ձևավորվել իմ բնավորությունը: Այստեղ կայացել եմ որպես անձ, ձեռք եմ բերել ընկերներ:

Սիրում եմ իմ մարզաձևը, որն ինձ սովորեցրել է կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել, դժվարություններից չընկճվել և մշտապես առաջ շարժվել:

- Ընտրած ճանապարհը հեշտ չէ, սպորտում հաջողության հասնելու համար ի՞նչ է հարկավոր:

-Պետք է աշխատասեր լինել: Հեշտ և միանգամից ոչինչ չի տրվում: Ուստի հարկավոր է համբերատար լինել: Մի շարք ըմբիշների եմ ճանաչում, որոնք հաջող հանդես գալու, հաղթելու հնարավորություններ ունեցել են, բայց չունենալով այդ համբերատարությունը, չպատկերացնելով, որ պետք է երկար ճանապարհ անցնել, դուրս են եկել ասպարեզից: Եթե ընտրել ես այս ճանապարհը, ապա պետք է անշեղորեն առաջ շարժվել: Եթե անգամ մարզիկը մեկ օր բաց է թողնում, նշանակում է՝ հետ է գնում:

Կարևոր է նաև մարզչի դերը: Շատ կապված եմ անձնական մարզչիս՝ Ցոլակ Հարոյանի հետ: Նրա խորհուրդներին հետևում եմ, ցանկացած հարց կարող եմ քննարկել նրա հետ: Սա շատ կարևոր է:

- Յուրաքանչյուր մարզիկի կարիերայում հաղթանակների կողքին լինում են նաև պարտություններ: Հոգեբանորեն ինչպե՞ս կարելի է հաղթահարել դժվար պահերը:

- Սպորտում հոգեբանական պատրաստությունը շատ կարևոր է: Հնարավոր է շատ լավ մարզավիճակում լինել, բայց հոգեբանորեն պատրաստ չլինել ու պարտվել: Շատ կարևոր է, որ ոչ միայն հաղթանակների, այլև դժվար պահերին կողքիդ լինեն հարազատները, ընկերներն ու մարզիչները: Իսկական մարզիկներին պարտությունները կոփում են: Հնարավոր չէ մշտապես հաղթել:

Ոչ մի մարզիկ չի կարող խուսափել պարտությունից: Պարզապես պետք է ուժեղ լինել, սխալներն ուղղել, ուժերը ճիշտ հավասարակշռել և առաջ շարժվել:

- Դեկտեմբերին Հայաստանը ներկայացնելու եք աշխարհի առաջնությունում: Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ ներկայացնում եք մեր երկիրը միջազգային ասպարեզում:

- Աշխարհի առաջնությունն ինձ համար շատ կարևոր է: Մեծ պատիվ է երկիրը ներկայացնել միջազգային ասպարեզում, բայց նաև շատ պարտավորեցնող է: Երբ դուրս ես գալիս մրցագորգ, մտածում ես միայն ու միայն հաղթելու և եռագույնը բարձրացնելու մասին: Զգացողություններս բառերով չեմ կարող արտահայտել: Մեծ հպարտություն եմ զգում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ


Լուսանկարը` Haysport-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: