Հայերեն   English   Русский  

Զգույշ լինենք Թուրքիայի մասով մեր «ցանկություններից»...


  
դիտումներ: 1072

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանում շատ-շատերը մեծ խանդավառություն են ապրում «Թուրքիան շուտով կփլուզվի» ձևակերպումից՝ կարծելով, որ դա մեր ազգային շահերին համապատասխանող իրավիճակ կստեղծի ու մեր խնդիրներն ի չիք կդառնան: Մի հին ասացվածք կա. «ասում են զգուշացեք ձեր ցանկություններից, դրանք կարող են իրականություն դառնալ»: Հիմա փորձենք այդ միտքը հասկանալ «Թուրքիայի փլուզման» մեր ցանկությունների ներքո...

- Նախ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է ու նրա հետ ցանկացած վատագույն սցենար ուղղակիորեն կապված է դաշինքի՝ կանոնադրային պարտավորություննից բխող իրողությունների հետ:

- Երկրորդ՝ Թուրքիան ունի աշխարհի լավագույն ու ռեգիոնում հզորագույն բանակներից մեկը, ինչպես նաև ներքին անվտագության ուժեր, բավական պրոֆեսիոնալ հատուկ ծառայությունների ցանց, որոնք իրենց ռեսուրսների ու հմտությունների զորու կատարում են իրենց առջև դրված խնդիրները:
- Երրորդ՝ վերջին «հեղաշրջման իմիտացիա» օպերացիայից հետո կարծես տպավորություն է, թե հակաէրդողական հնարավոր բոլոր տարրերը Թուրքիայում մեկուսացված են, ուստի «փլուզման» վտանգին նրանց հնարավոր մասնակցության իրատեսական չէ:
- Չորրորդ՝ հակաքրդական գործողությունները հարավում և քուրդ պատգամավորների ձերբակալություններն իրապես լուրջ խնդիր կարող են ստեղծել Թուրքիայում, սակայն քիչ հավանական է, որ դրանք կարող են զանգվածային հակակառավարական խորքային ալիքի պատճառ դառնալ՝ խախտելով պետության հիմքերը:
- Հինգերորդ՝ Եթե Թուրքիան լայնածավալ կտրվածքով մտնի հյուսիսային Իրաք ու Սիրիա, փորձի այնտեղ երկարաժամկետ հեռանկարով հաստատվել, ապա չի բացառվում, որ դրան զուգահեռ՝ ասենք ԼՂ գոտում ռազմական գործողությունները բավական շոշափելի ինտենսիվությամբ կարող են և վերսկսվել: Մյուս կողմից՝ կապված ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներից, ՌԴ-ի ու Իրանի արձագանքից կարելի կլինի հասկանալ, թե Թուրքիայի այդ քայլը ո՞ր չափով էր համաձայնեցված, ո՞ր չափով՝ ոչ: Այ եթե այդ «ոչ»-երի քանակը լինի բավական մեծ, իսկ մերձավորարևելյան կոնյուկտուրան էլ նպաստավոր, ապա քրդական պետության ստեղծման կոնցեպտի ներքո Թուրքիան կարող է անհարմար դրության մեջ հայտնվել, որը սական «փլուզում» դժվար լինի:
- Վեցերորդ. Եվ վերջապես, եթե հանկարծ Թուրքիան «փլուզվի» ու «մենք ազգովի մտածենք», որ եկել է «պատմական արդարության պահը» կապված հողերի ու մնացածի վերադարձի հետ, «գնանք «վերցնենք» այդ փլուզված, երկար ժամանակ մեզ սպասող «թուրքական» հողերը»՝ հաշվի առնելով հենց միայն այդ շրջանների էթնիկ ներկա նկարագիրը՝ քրդական դոմինանտությամբ, ապա մեկ օրում ՀՀ-ին «վերամիացած հողերի արդյունքում» հայերը իրենց երկրում կդառնանք ազգային փոքրամասնություն:

Մի խոսքով զգույշ լինենք մեր ցանկություններից...»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: