Հայերեն   English   Русский  

Արտագաղթի լավ պայմաններ հանուն արտագաղթի


  
դիտումներ: 454

«Մարդը հայրենիքում իրեն պիտի տեր զգա: Եթե նա իրեն ճորտ է զգում մի տարածքում, որը նրան որպես հայրենիք է մատուցվում, նրա մեջ կամա-ակամա առաջանում է նաև մերժողական վերաբերմունք: Եվ այստեղ ցավալի մի բան էլ կա. այն, որ հաճախ հայրենիք և իշխանություն հասկացությունները նույնացնում են, ինչը ամենամեծ խնդիրն է»,- արտագաղթի վերաբերյալ օրերս ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Գոնե կիմանամ, որ ինձ չի հարգում օտարը, ոչ թե սեփական պետությունս

Օրերս հերթական մտերիմս լքեց Հայաստանը` 29-ամյա գործունյա, աշխույժ ու կյանքով լեցուն Արմանը: Նա բարձրագույն կրթություն ունի` բնակավայրերի կանաչապատման ու անտառատնկման մասնագիտացմամբ, շատ էր սիրում իր մասնագիտությունն ու հպարտանում դրանով, թեպետ երբեք իր մասնագիտությամբ չէր աշխատել ու չէր զբաղվել: Ու չնայած իր բարձրագույն կրթության դիպլոմում նշված մասնագիտությանը, Արմանը վերջին 3-4 տարիներին ձեռներեցությամբ էր զբաղվում, բավականին հաջող: Իսկ իր գործը սկսել էր պաղպաղակ պատրաստող փոքրիկ սարք վարձակալելով ու իրենց բակում պաղպաղակ վաճառելով, այնուհետև պաղպաղակի տաղավարի կողքին ավելացրել էր դարակաշար ու նաև միրգ-բանջարեղեն էր վաճառում: Մի քանի ամիս հետո արդեն խանութ վարձեց, որտեղ վաճառում էր ոչ միայն պաղպաղակ, միրգ ու բանջարեղեն, նաև ձուկ, գինի, գարեջուր, խեցգետին: Աշխատանքից ու եկամտից էլ գոհ էր, արդեն փոքրիկ բիզնեսն ընդլայնելու ծրագրեր էր մտմտում: Մեկ էլ անցյալ տարի մի օր լսեցի, որ Արմանն իր խանութը փակում է: Հարցրի պատճառը, պատասխանեց կարճ ու տրամաբանական. դրանից մեկ տարի առաջ իր խանութում հաճախորդի պակաս չէր զգացվում, հաճախորդներն էլ ավելի շատ գնումներ էին կատարում, իսկ այդ տարի «բակի ժողովրդի մեծ մասն արտագաղթեց, հիմա հաճախորդ չկա, խանութ մտնողներն էլ խնայելով են գնումներ անում, մարդիկ փող չունեն: «Անցյալ տարվա համեմատ էս տարի օրական 3-4 անգամ քիչ առևտուր եմ անում, արդեն ձեռքի փող էլ չեմ կարողանում աշխատել»:
Խանութը փակելուց հետո Արմանը վերջին մեկ տարում մի քանի մանր-մունր գործեր էլ արեց ձեռքի հետ: Շատ փոքր քանակով` մեկ ուղևորի ուղեբեռի չափով, ավտոմեքենայի քսայուղ էր բերում հարևան Վրաստանից ու հարմար գներով վաճառելով` գլուխը պահում, բայց մի օր, չնայած սահմանին բոլոր հարկերն ու տուրքերը մուծում էր, պարզվեց, որ ինչ-որ մեկը խոշոր քանակներով ներկրում է այդ քսայուղերը, ու Արմանի պես «մանր-մունր» ներկրողներին արդեն չեն թույլատրում նման ապրանք բերել երկիր: Հետո էլի ինչ-որ բաներ մտմտաց, ու մի էլ օրերս հանկարծակի զանգեց` «Գնում եմ, աղբե՛ր, երևի էլ չեմ էլ գա»:

Եվ Արմանը գնաց Ռուսաստան` Մոսկվա` իր չսիրած ու երբևէ չարած գործով զբաղվելու` կահույքի արտադրամասում աշխատելու: Մեկնելու օրը, սակայն, ինքնաթիռի թռիչքից մի քանի ժամ առաջ սիրտը մի լավ բացեց:
«Տեսնում եմ, որ ով գնում ա ու դրսում սկսում անել էն, ինչ որ Հայաստանում էր անում, հաջողության ա հասնում, աղբեր, գիտես` երբեք չեմ մտածել Հայաստանը թողնելու մասին, բայց դե ինչ անեմ: Հիմա հնարավորություն ա բացվել, կանչում են, հարազատ մարդ ա, հազար անգամ կանչել ա, չեմ գնացել. էս անգամ որոշեցի` գնամ: Գիտեմ, որ էնտեղ ինձ չեն հարգելու, վերաբերվելու են որպես գաստարաբայտերի, բայց էդ ոչինչ: Համ էլ ի՞նչ տարբերություն, մեկ ա, էստեղ էլ իմ պետությունն ինձ չի հարգում: Ավելի լավ ա գնամ ու հոգուս մխիթարանք լինի, որ օտարի պետությունը ինձ որպես օտարի չի հարգում, ու հենց տենց էլ պիտի լիներ, քան գիտակցեմ, որ սեփական պետությունը, չինովնիկները ինձ չեն հարգում: Ստեղ չեմ մնում, Հայաստանը թող ձեզ մնա, ավելի ճիշտ` մեր չինովնիկներին, թող մենակ իրանք մնան էս երկրում»,- արագ-արագ վրա էր բերում Արմանը, բայց երկու տարեկանից նրան ճանաչելով` աչքերի մեջ տեսնում էի, որ ոչ թե ինձ է փորձում համոզել, այլ իրեն...

Սուս, պետությունը մտածում է «միգրանտների» մասին

Հրանուշ Խառատյանը նշում է նաև, որ ո՛չ հասարակության և ո՛չ էլ իշխանությունների կողմից արտագաղթը երբևէ լրջորեն չի գնահատվել և չի ընկալվել իր իրական ծավալներով ու պատճառահետևանքային կապերով:

Մի՞թե, կարծես թե լավ էլ ընկալել է, նույնիսկ որոշ քայլեր էլ է ձեռնարկել գիտաժողովներից, ձևական ուսումնասիրություններից, հայտարարություններից բացի: Բայց, իհարկե, հակառակ մտայնությամբ` արտագաղթը խթանելու: Հակառակ դեպքում կառավարությունը հուլիսի 3-ին չէր հաստատի ՀՀ և ՌԴ միջև միգրացիայի ոլորտին վերաբերող երկու համաձայնագիր:

Առաջին համաձայնագրով սահմանվում է, որ կողմերի տարածք մուտք գործելուց հետո երկու երկրների քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Մինչ այս համաձայնագիրը գործող կանոնների համաձայն` ՌԴ մեկնելիս մեր քաղաքացին պարտադիր 7 օրվա ընթացքում պետք է հաշվառման կանգներ, ու եթե այդ ժամկետը խախտվում էր, առաջանում էին անցանկալի հետևանքներ, ընդհուպ մինչև մուտքի արգելք 3 տարի ժամկետով:

Երկրորդ համաձայնագիրն ավելի տարողունակ ու կարևոր հարցեր է լուծում: Կողմերի տարածքում քաղաքացիները աշխատանքային գործունեություն կարող են ծավալել առանց լրացուցիչ աշխատանքային գործունեության թույլտվության:
«Այսօր մեր քաղաքացին, որպեսզի ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալի, դիմում է համապատասխան մարմիններին` ներկայացնելով սահմանված փաստաթղթեր, վճարելով պետական տուրք, սպասելով որոշակի ժամանակահատված, և արդյունքում որոշում է կայացվում կա՛մ դրական, կա՛մ բացասական` թույլատրել կամ մերժել: Այս համաձայնագրով այդ թույլտվությունը մեջտեղից հանվում է, այսինքն` աշխատաշուկան դառնում է միասնական. ինչպես Ռուսաստանի քաղաքացին ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կունենա, այնպես էլ Հայաստանի քաղաքացին»,- համաձայնագրերի էությունը լրագրողներին բացատրեց ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Երկրորդ համաձայնագրով սահմանվում է նաև, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում համարվում է, որ անձն օրինական է գտնվում ՌԴ տարածքում, և ոչ միայն անձը, այլև նրա ընտանիքի անդամները: Այս առումով էլ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետն ընդգծում է. «Հաշվի առնելով, որ Հայաստան-Ռուսաստան միգրացիոն շրջանառությունը գերակա նշանակություն ունի մեր երկրի համար, այս նպաստավոր պայմանները մեր շատ քաղաքացիների համար դյուրություններ կբերեն»:

Այսինքն` դյուրություն կբերի ոչ միայն ՀՀ քաղաքացու` արտագնա աշխատանքի մեկնելու, այլև ընտանիքը հետը տանելու` արտագաղթելու հարցում:
Հայաստանից հատկապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, որոնց ընտանիքը մնում է այստեղ, տարեկան գոնե մեկ անգամ գալիս է Հայաստան` հարազատներին տեսակցելու: Վերջին շրջանում բազմաթիվ են հրապարակումները, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ կամաց-կամաց փորձում են, թեկուզ դժվարությամբ, իրենց ընտանիքներն էլ տանել, այդպիսով թե՛ տարեկան մեկ անգամ Հայաստան գալու հետ կապված դժվարություններն ու ծախսերը քչացնելու, թե՛ աշխատած գումարը երկու տեղ` իրենց ու ընտանիքի վրա առանձին-առանձին չծախսելու նկատառումներից ելնելով: Ու եթե աշխատանքային միգրանտի համար ընտանիքը հայրենիքի հետ ամենաուժեղ կապն է, ապա այժմ այս համաձայնագրերով այդ աշխատողը հնարավորություն կստանա իր ընտանիքը նույնպես օրինական հիմունքներով Ռուսաստան տեղափոխելու, ինչն էականորեն կազդի արտագաղթի ծավալների վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: