Հայերեն   English   Русский  

​Նարեկ Աբգարյան . «Յուրաքանչյուրն օժտված է ինչ-որ տաղանդով, որը պետք է զարգացնել աշխատասիրությամբ»


  
դիտումներ: 2305

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը, չնայած երիտասարդ տարիքին, փորձառու մարզիկ է: Նա Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն է, Եվրոպայի մրցանակակիր և որպես բռնցքամարտի ազգային հավաքականի անդամ՝ բազմիցս է Հայաստանը պատվով ներկայացրել միջազգային տարբեր մրցաշարերում: Սակայն Ռիոյի օլիմպիական խաղերից հետո հայ մարզիկը որոշեց կարիերան շարունակել պրոֆեսիոնալ ռինգում:

Նարեկը համագործակցության պայմանագիր է կնքել «Fight for the future» ակումբի հետ: Հոկտեմբերին անցկացնելով առաջին մենամարտը ուզբեկ Խումայում Ռուստամովի հետ՝ հաղթանակ տոնեց՝ 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին:

«Անկախի» հետ զրուցում հայ բռնցքամարտիկը խոսում է սիրողականից պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու պատճառների, առաջիկա ծրագրերի և միաժամանակ հավաքականում ելույթները շարունակելու ցանկության մասին:

- Պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտը հաղթանակով սկսեցիք: Շնորհավորում ենք: Ի՞նչ տպավորություններ ունեք:

- Ուրախ եմ, որ ամեն ինչ հաջող դասավորվեց և պրոֆեսիոնալ ռինգում մեկնարկս հաղթանակով սկսեցի: Սա լրացուցիչ խթան է հետագա գործունեության համար: Մրցակիցս՝ ուզբեկ Խումայում Ռուստամովը, բավական լավ էր պատրաստվել, ֆիզիկապես ուժեղ երիտասարդ էր: Ես կարողացա հաղթել նրան տեխնիկական և տակտիկական պայքարի շնորհիվ:

6-7 մենամարտ անցկացնելուց, վարկանիշ հավաքելուց հետո միայն կարող եմ պայքարել WBC վարկածով չեմպիոնական գոտու համար:

- Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին որոշումը կայացրիք Ռիոյի օլիմպիական խաղերից հետո: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Ցավոք, միշտ չէ, որ սպորտում հաղթում է ուժեղագույնը: Երբեմն կողմնակալ վերաբերմունքի պատճառով մարզիկից պարզապես խլում են հաղթանակը: Կարիերայիս ընթացքում բազմիցս բախվել եմ այս խնդրին: Իսկ Ռիոյի օլիմպիական խաղերից հետո համբերության բաժակը լցվեց: Մրցակիցս՝ չինացի Հու Ցզյան Գուանին, ակնհայտ զիջում էր ինձ, բայց հաղթանակը նրան տվեցին: Նա դարձավ նաև բրոնզե մեդալակիր:

Բաքվի եվրոպական և Ռիոյի օլիմպիական խաղերում մեդալի չարժանացա անարդար մրցավարության պատճառով: Այս ամենը կուտակվեց, ու հասունացավ պահը, որ ելույթներս շարունակեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

- Մի՞թե պրոֆեսիոնալ բռնցքամարտում հնարավոր է խուսափել այդ խնդիրներից:

- Սիրողական բռնցքամարտի հետ համեմատած՝ նման դեպքերն այստեղ նվազագույնի են հասցված: Այսօր սպորտը բիզնես է դարձել: Պայմանավորվածությունները շատ են: Իհարկե, վստահ բացառել կողմնապահությունը հնարավոր չէ: Բայց հույս ունեմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում այս խնդրին չեմ բախվի: Այստեղ կան մարդիկ, որոնք փորձում են բացառել նման դեպքերը, քանի որ դա նրանց շահերից է բխում: Սիրողական բռնցքամարտի պարագայում քայլեր չեն ձեռնարկվում անարդարությունների դեմ:

- Համագործակցությունը «Fight for the Future» ակումբի հետ ինչպե՞ս սկսեցիք:

- Մոսկովյան ակումբի սեփականատերը հայազգի Արամ Դավթյանն է: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի միջամտությամբ եղավ համագործակցությունը մոսկովյան ակումբի հետ։ Արամ Դավթյանի հետ հանդիպումից հետո փոխադարձ համաձայնության եկանք: Որոշեցի համագործակցել և հանդես գալ հենց այդ ակումբում:

- Առաջին մենամարտն արդեն անցկացրել եք և պատրաստվում եք հաջորդին: Ո՞ւմ գլխավորությամբ եք մարզվում և արդյոք կա՞ն տարբերություններ մարզման գործընթացում:

- Երբ սիրողական բռնցքամատում պատրաստվում էինք մասնակցելու տարբեր մրցաշարերի, գիտակցում էինք, որ ոչ թե մեկ, այլ մի քանի մենամարտ ենք անցկացնելու:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում հարկավոր է պատրաստվել և տրամադրվել մեկ մենամարտի: Նախապես արդեն գիտենք, թե ով է լինելու մրցակիցը, հնարավոր է ուսումնասիրել նրա ուժեղ և թույլ կողմերը: Իհարկե, շատ կարևոր է ծանոթանալ մրցակցին, բայց նույն հնարավորությունն ունի նաև հակառակորդը: Բայց և այնպես այս ամենն օգնում է հասկանալու, թե որ ուղղությամբ է հարկավոր աշխատել և տակտիկապես ճիշտ պատրաստվել:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ կարևոր է ֆիզիկական պատրաստվածությունն ու դիմադրողականությունը, իսկ սիրողական բռնցքամարտում շատ կարևոր է տեխնիկական և տակտիկական պայքարը:

Այժմ մարզումներս շարունակում եմ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: Նա ամեն հարցում ինձ աջակցում է: Եթե հարկ լինի՝ մենամարտից առաջ ակումբի մյուս անդամների հետ կմասնակցեմ հավաքների:

- Արդեն գիտե՞ք, թե երբ և որտեղ է կայանալու հաջորդ մենամարտը:

- Ժամանակային առումով գիտեմ, որ մենամարտը կայանալու է դեկտեմբերի կեսերին: Նախնական տվյալներով պետք է մենամարտեի Հայաստանում: Ցանկությունս մեծ է մենամարտել հայրենի հողում, հայրենակիցներիս աջակցությամբ:

- Բռնցքամարտի ազգային հավաքականում Դուք հանդես էիք գալիս 52 կգ քաշային կարգում, վերջին մենամարտն անցկացրիք 55 կգ-ում:

- 55 կգ քաշային կարգում փորձնական հանդես եկա: Թեև հաղթեցի, բայց հասկացա, որ փոքր-ինչ ծանր էի ինձ զգում: Հաջորդ մենամարտս որոշել եմ անցկացնել 53.5 կգ քաշային կարգում՝ ավելի թեթև և էլաստիկ լինելու համար:

- Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող մարզիկներն առավել հայտնի են ու ճանաչված երկրպագուների շրջանում: Այս առումով ուշադրությունը կարո՞ղ է խանգարել մարզիկին:

- Վատ չէ, որ մարզիկին ճանաչում են, սիրում, երկրպագում: Ինձ համար այս ամենը դեռևս մի քիչ անսովոր է: Մենամարտից առաջ նկարահանումներ, հարցազրույցներ եղան: Ամեն պահն ու վայրկյանը տեսախցիկները ֆիքսում էին:

Ինչ-որ առումով նման բաները խանգարում են մարզումներին: Նման ուշադրությունն ինձ համար անսովոր է: Բայց պրոֆեսիոնալ բռնցքամարտում գովազդը շատ կարևոր է, իսկ նկարահանումները դրա անբաժանելի մասն են: Ընթացքում փորձ ձեռք կբերեմ և հուսամ՝ ինձ համար այդ ամենը սովորական կդառնա:

- Ե՞րբ սկսեցիք զբաղվել բռնցքամարտով, ինչու՞ ընտրեցիք ոչ այնքան հեշտ մարզաձևը:

- Եթե ճանապարհի սկզբում իմանայի, որ ամեն ինչ այսքան բարդ է լինելու, գուցեև չսկսեի: Շրջապատում բռնցքամարտով զբաղվող հարազատներ եմ շատ ունեցել: Հորեղբայրս՝ Բարխուդար Աբգարյանը, Խորհրդային Միության չեմպիոն է եղել, լուրջ հաջողություններ ունեցել: Հայրս էլ է զբաղվել բռնցքամարտով:

Եղբորս հետ ես էլ սկսեցի հաճախել պարապմունքներին: Ինձ դուր եկավ և գրավեց մարզաձևը: Թեև դժվարությունները շատ-շատ են, բայց ինձ այլ ոլորտում արդեն չեմ պատկերացնում:

Հարազատներիս կարծիքը շատ կարևոր է, բայց մասնագիտական առումով առաջին հերթին լսում և ընդունում եմ մարզչիս խորհուրդները: Ինձ համար շատ կարևոր է հավաքականի մյուս տղաների կարծիքը: Նրանք իմ ընկերներն են և մասնագիտական առումով շատ ճիշտ են պատկերացնում, թե ինչ է հարկավոր: Միաժամանակ ես եմ փորձում իմ խորհուրդներով աջակցել նրանց: Աշխատում եմ բացերը լրացնելու, հետագայում թերությունները շտկելու ուղղությամբ:

- Չնայած երիտասարդ տարիքին՝ մարզաձևում լուրջ ձեռքբերումներ ունեք: Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը, և ի՞նչ է հարկավոր մարզիկին հաջողության հասնելու համար:

- Որպես անձ կայացել եմ այս ոլորտում: Դաստիարակություն է ինձ տվել սպորտը՝ ինձնից վերցնելով ժամանակ:

Մեծ նվիրում է հարկավոր ինչ-որ բանի հասնելու համար, իսկ դա նշանակում է ծանրաբեռնված, անձնվեր ու անմնացորդ աշխատանք: Ամեն դեպքում ուրախ եմ, որ այս ասպարեզում եմ: Դժվարությունները շատ են, բայց հենց այդ դժվարություններն են ինձ ստիպել կայանալ և հաստատվել, ինչպես նաև ձեռքբերումներ ունենալ կյանքում:

Հարկավոր է սիրել այն գործը, որն անում ես, չընկճվել դժվարություններից, համառ ու հաստատակամ առաջ շարժվել: Ամեն մարդ աշխարհ է գալիս առաքելությամբ: Յուրաքանչյուրն օժտված է ինչ-որ տաղանդով, որը պետք է զարգացնել աշխատասիրությամբ:

- Քանի դեռ պրոֆեսիոնալ ռինգում 15 մենամարտ չեք անցկացրել, հնարավորություն ունեք հանդես գալու նաև սիրողական բռնցքամարտում: Կա՞ ցանկություն հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում:

- Եթե հավաքականն ունի իմ կարիքը, ապա ցանկությունս մեծ է մասնակցելու միջազգային մրցաշարերի: Մեծ պատիվ է մեր երկիրը ներկայացնել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում և հանդես գալ օլիմպիական խաղերում: Հուսամ՝ հնարավորություն կունենամ մասնակցելու վարկանիշային մրցաշարերի: Հավատում եմ իմ ուժերին, վստահ եմ, որ կարող եմ պատվով ներկայացնել Հայաստանը: Մնում է, որ հնարավորություն ընձեռվի ինձ:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: