Հայերեն   English   Русский  

Այնպես չէ, որ համայնքը ակտիվ չէր ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ. Կիրո Մանոյան


  
դիտումներ: 1551

Կիրո Մանոյանը համաձայն չէ այն գնահատականին, որ հայ համայնքն ակտիվ չէր թեկնածուների հետ աշխատելիս ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

Նա նկատեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ նույնպես առնվազն Հայ դատի հանձնաժողովը թեկնածուներից ոչ ոքի չաջակցեց: «Պետք է հիշել, որ սա միայն նախագահական ընտրություններ չէին ԱՄՆ-ում, այլ տեղի ունեցան նաև Կոնգրեսի ընտրություններ: Ներկայացուցիչների պալատը ընտրվեց՝ սենատի 1/3-րդը: Հայ Դատի հանձնախումբը պաշտպանել է 460 թեկնածուներից 130-ի թեկնածությունը` 30 նահանգից: Այդ 130-ից 90 տոկոսը ընտրվել կամ վերընտրվել է: Այնպես չէ, որ համայնքը ակտիվ չէր»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է համայնքի` նախագահի որևէ թեկնածուին չպաշտպանելու հարցին, Մանոյանն ասաց՝ Հիլարի Քլինթոնն իր կեցվածքը ցույց տվել էր` որպես պետքարտուղար, և հատուկ հետաքրքրություն չէր արտահայտել հայկական հարցերի վերաբերյալ. «Թրամփի տրամաբանություններից մեկն այն էր, որ պետք չէ տուրք տալ հատուկ շահեր հետապնդող կառույցներին, նա դրա դեմ էր պայքարում, դրա մեջ էր մեղադրում իր մրցակցին: Նրանք նման կառույցների հետ ընդհանրապես աշխատելու հետաքրքրություն չունեին, չնայած մեկ-երկու բացառությունների, և դա ևս մեկ պատճառ էր, որ նման աջակցություն չլինի»:

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը նշեց, որ հայկական համայնքում կային թե Թրամփի, թե Քլինթոնի աջակիցներ:

«Թրամփը քաղաքական փորձ չունի. նա գործարար է: Այդ է պատճառը, որ կարծում ենք, որ անակնկալներ են սպասվում: Նա դեմ էր շատ երևույթների և փոփոխություններ է կատարելու և ամերիկյան ժողովուրդը համաձայն է նրա հետ: Պետք է հաշվի առնել, որ նախընտրական փուլում Թրամփի հայտարարությունները մի բան են, իսկ նախագահի երդումն տալուց հետո նրա մոտեցումները կարող են փոխվել: Այս 2.5 ամսվա ընթացքում շատ բաներ կարող են փոխվել», - ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով, նախագահական քվեարկությանը զուգահեռ ընթացող սենատի ընտրություններին ԱՄՆ հայկական համայնքը և կազմակերպությունները բավականին ակտիվ էին: «Ընտրությունների արդյունքում Սենատում վերընտրվել են և կան մարդիկ, որոնք հայերի ընկերներն ու բարեկամներն են և կարող են հայկական հարցերով զբաղվել», - ասաց նա՝ հավելելով, որ հայկական կազմակերպությունները պետք է աշխատեն բոլոր այն ԱՄՆ քաղաքական գործիչների հետ, ովքեր կարող են օգտակար լինել հայկական հարցի ճանաչման և Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու հարցում:

«Արցախի խնդիրը շատ լուրջ հարց է, որը պետք է բարձրաձայնել: Ադրբեջանը հարձակվեց ապրիլին և շարունակում է նմանատիպ գործողությունները: Պետք է ամեն ինչ անել Ցեղասպանությունը ճանաչելու համար: Բացի այդ, որպես մեր անմիջական հարևան՝ պետք է լրջորեն քննարկվի Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: Նոր ղեկավարության հետ պետք է քննարկել այս հարցերն»,- ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: