Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐԸ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ


  
դիտումներ: 3264

Հայ-հունական հարաբերությունները դարերի խորքից են գալիս: Քերթողահայր Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայկազունիների Զարմայր նահապետը մասնակցել է Տրոյական պատերազմին և զոհվել այնտեղ մ.թ.ա. 1180 թ.:

Հայոց հնագույն շրջանի պատմության շատ հարցեր այսօր մեզ համար մատչելի են շնորհիվ հույն պատմիչների՝ Քսենոֆոնի, Պլուտարքոսի, Ստրաբոնի և այլոց: Վերջինս ծնվել է Փոքր Հայքի Ամասիա քաղաքում:

Հատկապես Քսենոֆոնն արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հին հայոց նիստուկացի, արժեհամակարգի մասին: «Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»:

Սա գարեջրի մասին առաջին հիշատակությունն է աշխարհում, և շնորհիվ Քսենոֆոնի այսօր կարող ենք պնդել, որ գարեջրի գյուտը ևս պատկանում է մեր նախնիներին:

Հայերը հյուրընկալությամբ ընդունել են Քսենոֆոնի գլխավորած նահանջող հույն զինվորներին: Վերջիններս ցույց են տվել իրենց բարբարոս էությունն ու վայելելով հյուրընկալությունը՝ այրել են հայոց բնակավայրերը, սրակոտոր արել անպաշտպան բնակիչներին:

Իսկ Ստրաբոնը, չնայած իր տված արժեքավոր աշխարհագրական տեղեկություններին Հայաստանի մասին, հաճախ մտացածին ու սուտ տեղեկատվությամբ փորձել է մռայլ ու սև գույներով ներկայացնել հայոց աշխարհակարգն ու արժեհամակարգը:

Հայաստանն ու Հունաստանն անմիջական հարևաններ չեն, բայց հայ և հույն ժողովուրդները հազարամյակներ շարունակ ապրել են որպես դրկիցներ: Հայաստանի և Հունաստանի արանքում միջնադարում Բյուզանդական հզոր կայսրությունն էր, որտեղ ազդեցության պայքարում մերթ հաղթող էին հայերը, մերթ՝ հույները: Հայ-հունական հարաբերությունները եզակի են նաև այնքանով, որ մինչև պատմության նորագույն շրջանն ավելի շատ հույներ էին բնակվում Հայաստանում, քան հայեր՝ Հունաստանում:

Հայ ազգի ծագման մասին աշխարհի հնագույն ժողովուրդների մեջ տարածված վարկածների մեջ առանձնանում է հունականը: Համաձայն Հոմերոսի՝ հայերը ծագել են արգոնավորդների Արմենոս Թեսալացուց, որ եղավ Կողքիսում (ներկայիս Կոլխիդան է Վրաստանում) և եկավ հաստատվեց Հայկական բարձրավանդակում: Ըստ առասպելի` Արմենոս Թեսալացին Յասոնի մահից հետո հավաքեց նրա ցրված զորքերը և անցնելով Հայաստան` բնակություն հաստատեց Եկեղիք ու Սպեր գավառներում, որից էլ, իբր, ծագել են երկրի «Արմենիա» և ազգի «արմեն» անվանումները:

Հոմերոսի առաջարկած վարկածը կրկնում է Ստրաբոնը. «Ասում են, թե Յասոնը Թեսալացի Արմենոսի հետ դեպի Կողքիս նավարկության ժամանակ առաջացել է մինչև Կասպից ծով և անցել է Վրաստանը, Աղվանքը և Հայաստանի ու Մարաստանի շատ մասը»: Սա, ինչ խոսք, հորինվածք է հենց հույների կողմից:

Մ.թ.ա. VI-IV դարերում հույները գաղութացրել էին գրեթե ողջ միջերկրածովյան և սևծովյան ավազանները, և Փոքր Ասիայում ու Հայաստանում հաստատվելու համար, բնականաբար, պետք է «պատմական» հիմքեր հորինեին:

Հույները մեծ թվաքանակով Հայաստանում հաստատվեցին դեռ պատմության հին շրջանում: Տիգրան Մեծը հազարավոր հույների որպես ռազմագերի բնակեցրեց Հայաստանում: Հետագա դարերում էլ, երբ Արևմտյան Հայաստանն անցավ նախ Հռոմի, ապա Բյուզանդիայի տիրակալության տակ, հազարավոր հույներ հաստատվեցին մեր հայրենիքում, մանավանդ՝ Փոքր Հայքում: Իսկ Արևելյան Հայաստանում հույներ հայտնվեցին XVIII դարում: Երբ 1763 թ. գործարկվեց Կովկասի հնագույն գործարանը՝ Ախթալայի պղնձի հանքերը, Տրապիզոնի Գյումուշխանա բնակավայրից հարյուրավոր հույներ բնակեցրին Լոռին՝ հաստատվելով Ախթալայում, Մադանում, Յաղդանում: Հարյուրավոր հույներ հաստատվեցին նաև Սյունիքում՝ աշխատելով հանքարդյունաբերության բնագավառում:

Մինչ այդ էլ հայ մատենագրությունը Հյուսիսային Լոռիում հիշատակում է հույների: Սակայն իրականում նրանք հույներ չէին, այլ քաղկեդոնականություն ընդունած հայեր: Եվ քանի որ Հայ առաքելական եկեղեցին արհեստականորեն օտարեց նրանց հայությունից, նրանց մի մասն աստիճանաբար վրացիներին ձուլվեց, մյուս մասը՝ հույներին: Այսպիսով՝ մի քանի հայկական գերդաստաններ՝ Խիտարովներ, Շարմազանովներ, օտարվեցին հայությունից:

Հայերն էլ Հունաստանում հաստատվել են հին ժամանակներից: Շատ հայ ուսումնատենչ երիտասարդներ են ուսում առել Հունաստանի պոլիսներում գործող ակադեմիաներում: Վաղ միջնադարում այդ երևույթն ավելի ընդգրկուն դարձավ: Հայ անվանի իմաստասեր Դավիթ Անհաղթն Աթենքում և հունական այլ քաղաքներում մեծ հաղթանակներ տարավ իմաստասիրական մրցույթներում և համբավի արժանացավ: Մաշտոցյան այբուբենի գործածության հետ կապված՝ շատ հայեր թարգմանչաց գործունեություն սկսեցին Հունաստանում: V դարից սկսած՝ Հայաստանից սկիզբ առած գաղթի մի ալիք էլ ուղղվեց Հունաստան:

Ավելի ուշ բյուզանդական կայսրերն իրենք էին անհնազանդ հայերին աքսորում Բալկաններ՝ Հունաստան, Մակեդոնիա և Թրակիա: Այստեղ աքսորվեցին նաև հազարավոր պավլիկյաններ, որոնք Հունաստանի և Թրակիայի տարածքից իրենց գաղափարախոսությունը սփռեցին Եվրոպայով մեկ:

Առհասարակ Բյուզանդիան դարձավ հայ-հունական մշակույթների շփման և առնչությունների երկիր: Այստեղ գերակա ազգերը հենց հույներն ու հայերն էին, և մշակութային, քաղաքական ասպարեզներում հաջորդում էին միմյանց՝ Բյուզանդիայում հաստատելով իրենց գերիշխանությունը:

Բյուզանդական կայսրության շրջանում շատ հայ զինվորականներ գործեցին ու բնակություն հաստատեցին Հունաստանի տարածքում՝ պաշտպանելով կայսրության մայրաքաղաքի անվտանգությունն արևմուտքից: Մասնավորապես հայկական հոծ համայնք կար Կրետե կղզում, որտեղ X-XIII դարերում անընդմեջ ավելի քան 20.000 հայեր են բնակվել: Այստեղ՝ Իրակլիոն քաղաքում, հայերը 1646 թ. կառուցեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գործում է ցայսօր և հնագույնն է համարվում Հունաստանի ներկա հայկական եկեղեցիների մեջ: Կրետե կղզում է ծնվել և գործել նաև հայ անվանի հոգևոր գործիչներից պատմագիր, հայոց կաթողիկոս (1734-1737) Աբրահամ Կրետացին:

Երբ 1829 թ. Հունաստանը զենքի ուժով ձեռք բերեց ազգային անկախություն, դարձյալ մեծացավ հայերի հոսքը դեպի Բալկանյան այս երկիր:

Դեպի Հունաստան հայերի գաղթն ուժեղացավ հատկապես առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Պոլսահայությունն ու Զմյուռնիայի հայությունը, լքելով Օսմանյան կայսրության տարածքը, հիմնականում հաստատվեցին Հունաստանում:

Այդ տարիներին Հունաստանի տարածքում շուրջ 150 հազար հայեր էին բնակվում:

Խորհրդային տարիներին Հունաստանից տասնյակհազարավոր հայեր ներգաղթեցին ու հաստատվեցին հայրենիքում: Հունաստանից մեծ ներգաղթ եղավ հատկապես 1929, 1947 թթ.:

1990-ական թվականներին դարձյալ սկսվեց հայության հոսքը դեպի Հունաստան: Նախ՝ Հայաստանից, հիմնականում Լոռիից՝ Ախթալայից, Ալավերդուց Հունաստան գաղթեցին տեղաբնակ հույները, ապա նրանց հետևեցին հազարավոր հայեր:

Ներկայումս Հունաստանում մոտ 80 հազար հայ է բնակվում, հիմնականում՝ Աթենք և Սալոնիկ քաղաքներում:

Հունահայ համայնքը կազմակերպված է: Գործում է Ազգային վարչությունը, որի իրավասության տակ է ուսումնական, տնտեսական խորհուրդների գործունեությունը:

Այժմ Հունաստանում կան 14 գործող հայկական եկեղեցիներ, որոնցից երկուսը՝ կաթոլիկ, երկուսը՝ բողոքական: Գործում են 6 հայկական դպրոցներ, որոնցից երկուսը կիրակնօրյա են: Հունահայոց եկեղեցիների մի մասը պատկանում են Էջմիածնի կաթողիկոսությանը, մյուս հատվածը՝ Անթիլիասի, և այդ հանգամանքը հաճախ տհաճ վեճերի և երկպառակությունների տեղիք է տալիս:

1890 թ. սկսած Հունաստանում լույս են տեսել շուրջ յոթ տասնյակ հայկական պարբերականներ: Առաջինը «Ասպարեզն» է: Այս պարբերականները հիմնականում կուսակցական (դաշնակցական) ուղղվածություն ունեն:

Ակտիվ գործում են նաև հասարակական կազմակերպությունները, հայրենակցական միությունները, հայ ավանդական կուսակցությունները: Հունաստանում ուժեղ է հատկապես Հայ Հեղափոխական դաշնակցության դերը:

1996 թ. Հունաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: