Հայերեն   English   Русский  

​Սամվել Շահինյանի կոչը իշխանություններին. «Մի՛ խանգարեք մեզ հայանպաստ գործ անելիս»


  
դիտումներ: 2947

Հայաստանում այս տարի քարանձավագիտական հինգ արշավախումբ է գործել, բոլորն էլ հաջող արդյունքներ են գրանցել: Դրա մասին «Անկախի» հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի քարանձավագետների միության նախագահ, Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, երկրաբան-երկրաֆիզիկոս, քարանձավագետ Սամվել Շահինյանը:

Տարվա ընթացքում հայ քարանձավագետներն աշխատել են իտալական, ռուսական, լիբանանա-ֆրանսիական արշավախմբերի հետ: Հետազոտությունների արդյունքներն այնքան շոշափելի են, որ եկող տարի Թուրքիայում կայանալիք «Քարանձավները որպես մշակույթի և քաղաքակրթության հուշարձաններ» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովում հայկական կողմը կունենա 8 զեկուցում, որոնցից 4-ը նվիրված կլինեն Արցախի ստորգետնյա պատմական լանդշաֆտին:

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ կան որոշակի պայմանավորվածություններ հաջորդ տարվա համար. կուսումնասիրվեն երկու քարանձավային քաղաք և մեկ բնակավայր:

քարանձավագետների արշավախումբ

Այս տարվա կարևորագույն բացահայտումներից մեկը Եղեգնաձորի շրջանում կարստային քարանձավում հնագույն ժայռապատկերի բացահայտումն է: Հայաստանի տարածքում կարստային քարանձավում (կարստային քարանձավները գետնի տակ մայր ապարի միջի այն դատարկություններն են, որոնք առաջացել են ջրերի քայքայիչ, լուծիչ հատկության շնորհիվ) սա առաջին պահպանված և բացահայտված ժայռապատկերն է: Ուսումնասիրություններն իրականացրել են Իտալիայի Ռագուզայի անձավագիտական-հիդրոերկրաբանական կենտրոնի և Հուբելյան անձավագիտական դպրոցի տնօրեն Ռոզարիո Ռոջերին և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս, քարանձավագետ Սմբատ Դավթյանը: Արշավախումբն ի սկզբանե նպատակ է ունեցել հետազոտել ստորգետնյա ջրերի հոսքերի ուղղությունը, դրանց քայքայիչ ազդեցությունը և դրա հետևանքով ձևավորվող քարանձավային միջավայրը: Ուսումնասիրության ընթացքում էլ բացահայտվել է մարդու կողմից ստեղծված հնագույն ժայռապատկերը, որը վերագրվում է հին քարի դարին և ունի առնվազն 12 հազար տարվա պատմություն:

«Քարանձավներում պատերի վրա անընդհատ հոսքեր կան, որոնք ջրառատ տարիներին ավելի շատ են: Ընդերքից դուրս եկող ջուրը, երկրի մակերևույթ դուրս գալով կորցնում է լուծելիությունը և սկսում իրենից տարանջատել ընդերքում իր մեջ լուծած աղերը: Սրանք փառի պես նստում են պատին, որով հոսում է ջուրը, փակելով պատերի վրա առկա պատկերները,- ասում է Շահինյանը` բացատրելով, թե ինչով է բացառիկ գտնված ժայռապատկերը:- Հիմա այս

սեգմենտներում, որտեղ նկարներն են, հազարամյակներ շարունակ հոսքեր չեն եղել, ինչի շնորհիվ նկարները պահպանվել են»:

ժայռապատկեր քարանձավում

Խոսելով ժայռապատկերի հստակ թվագրության մասին` Շահինյանն ասում է, որ հարցին պատասխանելու համար համեմատելու նյութ չունեն, քանի որ շրջակայքում հնագիտական պեղումներ չեն իրականացվել: «Առաջիկայում հավանաբար մեր մասնագետները կուսումնասիրեն, ավելի կոնկրետ պատասխան կտան: Բայց հիմա էլ վստահ կարող ենք ասել, որ հին քարի դարի պատկեր է»,- ասում է Շահինյանը:

Քարանձավագետը նշում է, որ նկարն արված է հողից պոկված միներալային ներկով` օքրայով, որը սրբազան գույն է համարվել և կիրառվել է ծիսական արարողությունների ժամանակ:

«Առաջին դեպքն է, որ քարանձավում նման բան է եղել, կարստերով շատ հարուստ Վրաստանում էլ նման բան չկա: Ադրբեջանում պնդում են, որ նման բան կա, բայց դա քարի դարի հետ կապ չունի, նոր է: Սա բացառիկ է ամեն տեսանկյունից` պատմական, հնագիտական, քարանձավագիտական, հոգեբանական, մարդաբանական, էթնիկական ու էթնոմշակութային: Սա ևս մեկ փաստարկ է, որ քարանձավներում միշտ չէ, որ ակտիվությունը հարյուրհազարավոր տարիներ լինում է անընդհատական: Այս օրինակում տեսնում ենք, որ զարգացումը քարանձավի ներսում թե՛ հողմնահարման առումով, թե՛ երկրորդային առաջացման առումով կանգ է առել հազարավոր տարիներ»,- ասում է Շահինյանը:

Նա նշում է, որ գտածոն հնարավորություն է տալիս պնդելու, որ կարստոլոգիական գործընթացները կլիմայի ազդեցությամբ վերջին հարյուր հազար տարում դանդաղ են ընթացել:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, հնագիտական պեղումների նմանությամբ գտածոն շերտ առ շերտ մաքրել, Շահինյանը պատասխանում է. «Տեղեր կան, որ շերտերն արժեքավոր են հենց իրենց գոյությամբ, և քանդելը գրեթե հանցագործություն է: Բացի այդ, սա հող չէ, որ կարողանաս շերտ առ շերտ մաքրել, բյուրեղային մակարդակով միմյանց կպած բլոկներ են, որոնք ամբողջությամբ են պոկվելու, ոչ թե շերտ առ շերտ: Եվ այս բլոկի մեջ հնարավոր է, որ պոկենք նաև ենթադրյալ նկարները, որոնք կան շերտերի տակ: Այստեղ ուրիշ տարբերակ կա, կարող ենք ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ լուսանկարել որոշակի խորություն և հայտնաբերել պատկերներն ու դրանց իսկական տեսքը: Բայց մենք չենք արել, քանի որ չունենք այդ սարքերը»:

քարանձավագիտական արշավ

Շահինյանը նշում է, որ հայ և ռուս քարանձավագետների մասնակցությամբ ուսումնասիրություններ են իրականացվել նաև Սյունիքում և Արցախում:

«Նպատակն էր ծանոթանալ Սյունիքի և Արցախի արդեն հայտնի քարանձավներին և որոնումների արդյունքները համեմատել: Մի բան է, երբ հեղինակություն ես, գրում ես ու ոչ ոք ցույց չի տալիս քո սխալը, մեկ այլ բան է, եթե կոլեգաներով եք գրում, ու կողքից կարծիք ստանում,- ասում է նա:- Շատ արդյունավետ էր, հիմա նրանք վերանայել են մեր հետազոտությունների արդյունքները, հավելումներ են կատարել, իրենց տեսակետներն են գրել, նոր վարկածներ են առաջ քաշել: Եթե հնարավոր լինի, ուսումնասիրության արդյունքներն Արցախում կհրատարակենք գրքով, որը կօգնի նաև տուրիզմի զարգացմանը»:

Շահինյանը նշում է, որ գործընկերները Կապադովկիայի քարանձավներն ուսումնասիրելուց հետո էին եկել Հայաստան, և դժվար էր նրանց զարմացնելը: Բայց նրանք Հայաստանից հեռացել են հիացած` այդքան փոքր տարածքում այդքան բազմազան ու հարուստ նյութ տեսնելով:

Արշավախումբը եղել է Մարտիրոսի ժայռափոր եկեղեցում, Խնձորեսկի ժայռափոր բնակավայրում, Տանձուտ գյուղի մոտ գտնվող ժայռափոր եկեղեցում, Ղոչանց անապատում, Ազոխի քարանձավում և այլն:

«Ղոչանց անապատի՝ որպես գիտական, կրոնական, եկեղեցական անընդհատ գործող միջավայրի մասին 1300 տարուց ավելի հայկական մատենագրական տեղեկություններ կան: Եվ սա այն տարածքում է, որն ադրբեջանցիները համարում են գրավյալ, մեր որոշ քաղաքագետներ էլ պնդում են, որ բուֆերային գոտի է»:

Իսկ լիբանանա-ֆրանսիական արշավախումբը երիտասարդ քարանձավագետների ուղեկցությամբ հետախուզական այց է կատարել Արցախում գտնված մի քանի հորեր:

քարանձավագիտական արշավ

«Տումի գյուղի մոտ Անդրանիկի քարանձավ են իջել, որտեղ մի շատ հետաքրքիր գանգ են հայտնաբերել: Սկզբում կարծում էին, որ քարանձավային արջի գանգ է, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սովորական արջի է, պարզապես շատ մեծ է»,- ասում է Շահինյանը: Նա նշում է, որ մի քանի նոր վայրեր էլ են հայտնաբերվել Արցախում գտնվող հին բերդերի հարևանությամբ: Հիմնվելով առկա պատմական նյութի վրա` ենթադրվում է, որ քարանձավները որպես թաքստոցներ են ծառայել: «Եթե հնարավոր լինի բացել ենթադրյալ անցքը, ուրեմն հետաքրքիր անակնկալներ են մեզ սպասում»,- ասում է նա:

Մի փոքր արշավախումբ էլ եղել է Հայաստանի հյուսիսում. կարստային զանգվածներն են ուսումնասիրել, հայտնաբերվել են մի քանի փոքր ու մեծ հորեր ու քարանձավներ:

Անդրադառնալով արդեն իսկ բացահայտված և արժեքավոր քարանձավների ճակատագրին` Շահինյանն ասում է. «Մենք` մշակույթի մարդիկ, ասում ենք՝ դա գանձ է, պետք է պահպանել, շարքային մարդը դա հասկանում է` քլունգն առ գնա, այնտեղ գանձ կա»: Ասում է, որ մի շարք քարանձավներ անճանաչելիորեն են փոխվել ու ավերվել ոչ պատշաճ պահպանության հետևանքով:

քարանձավագիտական արշավ

Շահինյանի կարծիքով` տուրիստական արժեք ունեցող քարանձավները մրցույթով ու հստակ պայմաններով պետք է հանձնվեն ներդրողների, որոնք էլ կպահպանեն դրանք ու զբոսաշրջային կենտրոնների կվերածեն: Շահինյանը դժգոհում է հատկապես մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից և կառույցի տնօրեն Վլադիմիր Պողոսյանից:

«Վերջին հինգ տարում մեզ ոչ ոք, ո՛չ գորշ գայլերը, ո՛չ մասոնական շարժումը, ո՛չ «Մուսուլման եղբայրները» չեն խանգարել, որքան այդ մի մարդն իր կազմակերպությամբ, որն իբրև թե կոչված է հուշարձանները պահպանելուն,- ասում է նա:- Ձեզ համար ո՞նց է, որ քարանձավագետն իրավունք չունենա քարանձավ մտնել: Քարանձավները պահպանում են միայն մեզանից` քարանձավագետներից»: Եվ որպես օրինակ պատմում է, որ նամակ են գրել` խնդրելով թույլ տալ, որ լուսանկարչի հետ նկարահանումներ իրականացնեն քարանձավներից մեկում` Փարիզում կայանալիք խորհրդաժողովում Հայաստանը ներկայացնելու համար: Սակայն ՊՈԱԿ-ից թույլ են տվել մտնել քարանձավ առանց լուսանկարչական սարքի:

քարանձավագետների արշավախումբ

«Մեր հաշվին օդի որակի և գազային պարունակության փոփոխության գնահատման սարքեր ենք գնել, երկու տարի է՝ առաջարկում ենք տեղադրել Մագիլի քարանձավում օդի փոփոխությունները հասկանալու համար, ասում են` թույլ ենք տալիս մտնել քարանձավ առանց որևէ սարքավորման: Ոնց որ ձեռ առնեն»,- դժգոհում է Շահինյանը:

Ասում է, որ հայ քարանձավագետների աշխատանքները դրսում հրատարակվում են, ընդունվում ու գնահատվում: Իսկ Հայաստանում` ոչ: «Հայաստանում մեզ երբեք որևէ մեկը չի օգնել որևէ հարցում, այստեղ մեզ միշտ խանգարել են հետազոտական աշխատանքներ կատարելիս: Պաշտոնապես խնդրում եմ մեր իշխանություններին` մի խանգարեք մեզ հայանպաստ գործունեություն իրականացնելիս, թե չէ կամաց-կամաց Բաքվի հետ եմ իրենց համեմատում»,- ասում է Շահինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: