Հայերեն   English   Русский  

Տեղի ունեցավ պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը


  
դիտումներ: 397

Նոյեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ ժամանակակից պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հեղինակին, Պոլսից ժամանած հայրենակիցներին և մյուս հյուրերին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ցուցադրված 60 լուսանկարների առանցքում մեր պատմական հողերում և Պոլսում ապրող հայերն են, Վանի Աղթամար կղզու Ս․Խաչ եկեղեցին, խաչքարեր, եկեղեցիներ, գերեզմանատներ և հուշակոթողներ՝ Պոլսից, Մուսա լեռան հայկական վերջին՝ Վաքըֆլի գյուղից, Կարսից ու Կեսարիայից։ Նուրանն առաջին անգամ է Հայաստանում՝ իր գրքի շնորհանդեսի ու լուսանկարների ցացահանդեսի բացման առթիվ: Համոզված եմ, որ այսուհետ նա հաճախ կայցելի Հայրենիք՝ իր հետ բերելով արվեստագետ ընկերներին: Մենք ամեն բան պիտի անենք Պոլսում ապրող ու ստեղծագործող մեր տաղանդավոր հայերին Հայաստանում ճանաչելի դարձնելու ուղղությամբ»:

Ընդգծելով, որ այս տարի լրացավ Պոլսի հայկական «Մարմարա» օրաթերթի մեծանուն խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի ծննդյան 90-ամյակը՝ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց վաստակաշատ խմբագրապետի դերը պոլսահայ գրականության և մշակույթի պահպանման գործում:

Պոլսում հայկական արժեքների պահպանության գործում ներդրած ջանքերի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Նուրան Աքքայային պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Նախարարության պատվոգրերի արժանացան նաև միջոցառման կազմակերպիչները՝ պոլսահայ լրագրող Սևան Աթաօղլուն և Առաջին հիփոթեքային ընկերության ղեկավար Դավիթ Աթանեսյանը:

Այնուհետև Նուրան Աքքայայի ներկայացրած աշխատանքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ թուրքագետ Ալեքսանդր Սաֆարյանը: Նա նշեց, որ Աքքայան հայազգի մեր մյուս լուսանկարիչներ Յուսուֆ Քարշի և Արա Գյուլերի արժանի հետևորդն է: «Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին, որ նախարարության ստեղծման առաջին իսկ օրերից առանձնակի ուշադրություն են դարձնում պոլսահայ մեր արժեքները Հայրենիքում ճանաչելի դարձնելու գործին: Նախարարության հովանու ներքո և անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվում են պոլսահայ գրողների, երգիչների, երգչախմբերի և պարախմբերի համերգներ, ցուցադրություններ, շնորհանդեսներ: Այսօր մենք ականատես ենք Հայաստան-Սփյուռք կապերի իրական մերձեցման», - նշեց թուրքագետ Սաֆարյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ լուսանկարիչ Վահան Քոչարը: «Համոզված եմ, որ առաջիկայում մենք ներկա կգտնվենք Աքքայայի երկրորդ և երրորդ գրքերի շնորհանդեսներին», - նշեց նա:

Պոլսահայ լուսանկարչի աշխատանքները բարձր գնահատեց նաև արվեստաբան Մարինա Ստեփանյանը:

Միջոցառման ավարտին հանդես եկավ հեղինակը: «Ես անչափ երջանիկ եմ, որ իմ առաջին ցուցահանդեսը բացվեց Հայաստանում: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը՝ իմ երազանքն իրականություն դարձնելու համար: Ես ուզում եմ իմ ցուցահանդեսների, լուսանկարած դիմանկարների միջոցով Հայաստանի հասարակությանը ծանոթացնել Թուրքիայի տարածքում ապրող մեր տաղանդավոր, բայց ստվերում ապրող հայերին: Համոզված եմ, որ այսպիսի միջոցառումները իրական կամուրջ են հայության երկու հատվածների միջև», - ասաց Նուրան Աքքայան:

Նշենք, որ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 27-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: