Հայերեն   English   Русский  

62 տարի առաջ նոյեմբերի 25-ին ծնվեց Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը


  
դիտումներ: 4889

62 տարի առաջ նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու Վայսելիա ավանում, Չարլզ և Զաբել Մելքոնյանների ընտանիքում ծնվում է Մոնթե Մելքոնյանը:

Նա իր հայ արմատների մասին գիտակցել է դեռևս պատանեկության տարիներին, երբ ընտանիքի հետ 1969-1970 թվականներին ճամփորդել է Եվրոպայով և Միջին Արևելքով, այցելել իր պապերի ծննդավայր Արևմտյան Հայաստան: Վերադառնալով Ամերիկա, Մոնթեն ընդունվում է Սան-Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող Բըրքլի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը, որը, իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ՝ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով երկուսուկես տարում, ավարտում է 1978թ-ին: Ավարտելով համալսարանը, նա մեկնում է Լիբանան, որտեղ ակտիվորեն մասնակցում է հայկական թաղամասերի պաշտպանությանը:

Մոնթեն դեռևս իր ուսանողական տարիներին է աչքի ընկնում իր կազմակերպչական և նախաձեռնողականության ջիղով, և տեղի մի քանի ուսանողների հետ հիմնում է «Հայ ուսանողների միությունը»՝ կազմակերպելով Մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումներ։ 1980թ. Մոնթեն անդամագրվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): 1981թ.նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու և կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ 1985 թ. երկրորդ անգամ է ձերբակալվում և մինչև 1989թ. հունվարն անցկացնում է Ֆրեն և Պուասի բանտերում:

Բանտից ազատվելուց հետո, 1990թ. հոկտեմբերին Մոնթեին հաջողվում է գալ Հայաստան: Յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։1991թ.օգոստոսին ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս Լիբանանում եղած ժամանակ։

Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո թողնում է գիտական գործունեությունը և մեկնում է Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու։ 1991-ին մեկնում է Հյուսիսային Արցախ, և մասնակցում է ազատագրական մարտերին: Մինչև դեկտեմբերի վերջերը մասնակցում է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը: 1992թ. փետրվարի 4-ին Մոնթեին նշանակվում է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Իր հրամանատարության ժամանակաշրջանում ազատագրվում է Մարտունու շրջանի բռնազավթված տարածքի 80 տոկոսը, իսկ նրա մարտավարական հմտության և դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունին դառնում է անառիկ բերդ, և այդ տարիներին շրջանի պաշտոնական փաստաթղթերում այդպես էլ նշվում էր` Մոնթեբերդ:

1992թ-ի վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական հաջող գործողությունների շնորհիվ` Արցախի պաշտպանական ուժերը հասնում են պետական սահման և 20կմ երկարությամբ պահակակետեր հիմնում շրջանի հյուսիսային սահմանագծերում:

1993թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցում է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին՝ ղեկավարում Քարվաճառի ազատագրման գործողությունը` Արցախի կողմից:

1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չի մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում է Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջնելով դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու նպատակով, Մարզիլու գյուղի մատույցներում հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենայի արձակած արկից բեկորը դիպչում է նրա աջ քունքին և Մոնթեն զոհվում է:

1993թ. հունիսի 19-ին Մոնթեի աճյունն ամփոփվում է Երևանի «Եռաբլուր» պանթեոնում:

Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվել է «ՀՀ Ազգային հերոս»-ի և «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումները: ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանն իր վերաբերմունքով, գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեց հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրվածություն կոչվող արժեքներին, դրանք վերածելով վարքի ու սկզբունքի, և, որ ամենակարևորն է, իր անձնական օրինակով ցույց տվեց դրանց իրականացումը:

– Փառք ու պատիվ քեզ ՀԵՐՈՍ: Դու անմա՛հ ես Մոնթե…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: