Հայերեն   English   Русский  

1999-ի Հոկտեմբերի 27. կատարվածի ձայնագրությունը.Առավոտ


  
դիտումներ: 14701

Առավոտըներկայացնում էԱԿԱՆԱՏԵՍԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

15 տարի առաջ մինչեւ 17.05-ը խորհրդարանում այնքան հանդարտ էր, որ լրագրողներով իրար հարցնում էինք, թե ինչ ենք ի վերջո լուսաբանելու՝ նյութ չկա: Ժամեր անց վերադառնալով խորհրդարանից՝ մինչեւ լուսադեմ փորձում էի վերծանել կատարվածի ձայնագրությունը: Բազմիցս տեսել եմ՝ դեպքին ներկա եղած լրագրողները դեռ երկար ժամանակ անգամ որեւէ բարձր ձայնից էին վեր թռչում, ցնցվում: Իսկ այդ օրը հարկադրված էի նորից ու նորից լսել կրակոցները եւ ճիչերը… Այդպես է գրվել այս հոդվածը: Այն վերահրապարակում ենք, քանի որ հնարավորություն կա ընթերցողներին փոխանցելու նաեւ կատարվածի այդ օրն իմ արած ձայնագրությունը: Պարզաբանենք, որ ձայնագրությունում հայհոյանքները չենք խլացրել, քանի որ հիշում եմ այն խորհուրդը, որն այն ժամանակ ինձ տվեց լրագրող Վադիմ Դուբնովը: Նա ստիպեց մեկ առ մեկ իր համար թարգմանել հայհոյանքները, եւ հարցեր էլ էր տալիս, թե ասենք, մեղմ ասած՝ «անբարոյականի զավակ» ասածը շա՞տ վիրավորական է մեր լեզվով: Վադիմ Դուբնովն ասում էր՝ մարդիկ Նաիրի Հունանյանին տեսան արդեն հանգիստ վիճակում, երբ հարցազրույց էր տալիս, շարադրում իր գաղափարները, սակայն շատ կարեւոր է նրան ներկայացնել այնպես, ինչպես էր, երբ ներխուժեց դահլիճ:

ԱԿԱՆԱՏԵՍԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Պահը հաշվենկատորեն էր ընտրված՝ կառավարության հետ ԱԺ-ի հարցուպատասխանը, որը տեսագրվում էր հեռուստատեսությամբ ցուցադրվելու համար։ Մոտավորապես 17։10-ի կողմերը, երբ Լեւոն Բարխուդարյանը պատասխանում էր Ֆրունզե Խառատյանի հարցերին, անակնկալ դահլիճ ներխուժեցին Նաիրի Հունանյանը, նրա կրտսեր եղբայր Կարենը եւ նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, որի համար անցաթուղթ խնդրելիս Նաիրի Հունանյանն ասել էր, թե իր քեռին տեղական ինքնակառավարման ընտրություններում համայնքապետ է ընտրվել, եւ միայն հետո նրա առջեւ գրանցմանն առնչվող ինչ-որ հարցեր են առաջադրվել։ Նաիրի Հունանյանը նրա համար անցաթուղթ էր խնդրել այն հիմնավորմամբ, թե պիտի փորձի ինչ-որ բաներ կարգավորել։ Ինձ հաջողվել է ճշտել միայն այս երեքի ազգանունները։ Հետո Նաիրի Հունանյանը տալիս էր նաեւ Էդո, Հովիկ, Կարեն, Սուրիկ եւ Դերո անունները։ Չնայած նիստերի դահլիճում 3-ից 5-ն էին։ Նախ դահլիճի առաջին դռնից ներս խուժեց բաց գորշավուն երկար անձրեւանոցով Նաիրի Հունանյանը եւ ավտոմատի կրակահերթ ուղղեց Վազգեն Սարգսյանի եւ առաջին շարքում նստածների վրա։ Կրակում էին հատկապես կառավարության եւ «Միասնության» շարքերի վրա։ Այդ պահից սկսյալ կառավարության բոլոր անդամները, պատգամավորները եւ լրագրողները պառկեցին հատակին՝ վախից գլուխները երբեմն-երբեմն բարձրացնելով։ Ես շարունակում էի ձայնագրել՝ Նաիրին ու իր գործակիցները հայհոյանքներ էին շաղ տալիս։ Մի պահ տեսա, որ Նաիրին նորից կրակեց Վազգեն Սարգսյանի վրա, որը նստած դիրքում, մի կողմ թեքված էլ մնացել էր։ Քիչ անց Նաիրի Հունանյանը հայտնվեց ԱԺ ամբիոնին։ «Հանգիստ նստե՛ք, և հրամայեց եւ ենթադրելով, որ նիստը շարունակվում է ռադիոհեռարձակվել՝ բարձրախոսով ազդարարեց։ - Սիրելի հայրենակիցներ, ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք։ Բոլորդ դեպի Ազգային ժողով։ Եվ մենք կհաղթենք։ Եվ այս պ…կի ծնունդները մեր արյունը չեն ծծի։ Մեր ամբողջ հարստությունը թալանեցին։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր»։ Ու դարձյալ կրակահերթ արձակեց։ «10 տարի մեր արյունը ծծեցին», – այս արտահայտությունը Նաիրի Հունանյանը կրկնում էր անընդհատ՝ եւ անդադար էլ կրակահերթեր արձակում։ Որեւէ պահանջ առաջ չէին քաշում՝ տպավորությունն այն էր, որ ծրագրել էին միայն ղեկավարների ֆիզիկական ոչնչացումը, իսկ թե ինչ անել հետո՝ հստակ չէին պատկերացնում։ «Ռադիոն աշխատո՞ւմ ա։ Եթեր գնո՞ւմ ա։ Զանգի Տիկոյին, ասա՝ եթե եթեր չգնա՝ Նաիրին հերդ կանիծի»,- այստեղ նշենք, որ Նաիրի Հունանյանն ու Տիգրան Նաղդալյանը Հայ ուսանողության դաշինք կազմակերպության հիմնադիրներից էին եւ 1988-ին ուսանողական շարժումների կազմակերպիչները՝ ինչպես նաեւ այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, որի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցելը կարծես ահաբեկիչների միակ պահանջն էր։ «Դու մոռացե՞լ էիր, որ հայ ժողովուրդը տեր ունի, արա՛»,- արդեն անկենդան վարչապետին հարցումներ էր ուղղում Նաիրի Հունանյանը, հայհոյում ու նորից կրակում՝ «5 տարի չթողիր, որ էս ժողովուրդն ընտրություն անի»։ Լրագրողներից մեկի մոտ հիստերիա սկսվեց։ «Հանգիստ մնացեք։ Բոլորդ դուրս եկեք»,- ասաց Նաիրին եւ լրագրողներին դուրս ուղեկցեց։ «Շուտ արեք՝ դուրս եկեք եւ ամբողջ ժողովրդին բերեք դեպի շենք»։ Դուրս գալու ընթացքում հասցրի տեսնել Անդրանիկ Մանուկյանի արնաշաղախ ձեռքը, կառավարության շարքում՝ Վազգեն Սարգսյանին եւ ինչ-որ մեկի արնածոր գլուխը։ Հետո հասկացա, որ Լեոնարդ Պետրոսյանն էր, որ անմիջապես Վազգեն Սարգսյանի ետեւում էր նստած եւ, ըստ ամենայնի, այդ պատճառով էլ զոհ դարձավ։ Հետագա իրադարձություններին ես եւ «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Ռուզան Խաչատրյանը հետեւում էինք խորհրդարանի գրադարանից։ ԱԺ-ի ներքին ցանցով շարունակվում էր հեռարձակվել նիստերի դահլիճում կատարվողը եւ մինչեւ 18։15-ը, երբ համոզեցին հեռանալ շենքից՝ արդեն ռադիոյից եմ շարունակել ձայնագրել։ «Վերջն էս էր լինելու, անխուսափելի էր»,- գոռում էր Նաիրի Հունանյանն ու էլի կրակահերթ արձակում։ Փորձում էին տպավորություն ստեղծել, թե իրենք այդ 5-ից ավելին են. «Հրանտին զանգի՝ ասա, թող տղեքին սաղին հավաքի գա»։ Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: