Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում հրապարակվել է քաղբանտարկյալների նոր ցուցակը


  
դիտումներ: 206

Ադրբեջանի քաղաքացիական հասարակութան աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում տեղ է գտել 119 մարդ:

Նախորդ՝ հոկտեմբերի 17-ին հրապարակված ցուցակում կար 94 քաղբանտարկյալի անուն: 25 նոր քաղբանտարկյալներից 24-ը հավատացյալներ են, որոնք ձերբակալվել են Նարդարանի իրադարձությունների քրեական տարբեր գործերով, ևս մեկն էլ կրոնական ակտիվիստ է Գյանջիայից (Գանձակ): Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հայտնել է աշխատանքային խմբի համակարգողներից մեկը՝ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը:

111 էջանոց զեկույցում քաղբանտարկյալները բաժանված են վեց խմբի: «Լրագրող/բլոգեր» կատեգորիայում ներառված են բլոգերներ Աբդուլ Աբիլովը և Ռաշադ Ռամազանովը, լրագրողներ Սեյմուր Խազին, Արազ Գուլիևը, Նիջաթ Ալիևը և Ֆիքրեթ Ֆարամազօղլուն:

«Գրողներ/բանաստեղծներ» կատեգորիայում տեղ են գտել բանաստեղծ-երկիծաբան Թոֆիգ Հասանովն ու գրող Սադայ Շեքերլին:

«Իրավապաշտպաններ» կատեգորիայում ընդգրկված է իրավաբան, «Էսաուլ» իրավաբանական գրասենյակի ղեկավար Ալիաբբաս Ռուսթամովը, ով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման կաշառք տալու մեղադրանքով:

«Երիտասարդ ակտիվիստներ» խմբում ներառված է 5 անձ՝ «NİDA» շարժման անդամներ Իլքին Ռուսթամզադեն և Էլգիզ Գահրամանովը, ովքեր Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի էին արել, Բայրամ Մամեդովը, Գիյաս Իբրահիմովը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Էլվին Աբդուլլաևը:

«Քաղաքական գործիչներ/կուսակցական ակտիվիտներ» խմբում տեղ են գտել 5 անձինք՝ Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներ Զեյնալաբդին Բագիրզադեն, Ֆուադ Գահրամանլըն, Մամեդ Իբրահիմը և Ասիֆ Յուսիֆլին, ինչպես նաև «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը:

«Ցմահ ազատազրկման դատապարտվածների» կատեգորիայում ներառված են Ոստիկանության ատուկ նշանակության ջոկատի նախկին աշխատակիցներ Էլչին Ամիրսլանովը, Արիֆ Քազըմովը և Սաֆար Փոլադովը, ովքեր դատապարտվել էին մահապատժի 1995 թվականին ջոկատում ապստամբություն իրականացնելու առնչությամբ: Հետագայում այդ պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Ամենամեծ խումբը «Հավատացյալ ակտիվիստների» խումբն է, որում կան մի քանի խմբեր՝ Նարդարանի իրդարձությունների առնչությամբ տարբեր քրեական գործերով ձերբակալված, «Ազատություն հիջաբին» բողոքի ակցիային մասնակցելու համար ձերբակալված 6 հավատացյալ, Իսլամական կուսակցության ղեկավարության և դրա առաջնորդ Մովսում Սամեդովի դեմ հարուցված գործով հինգ ամբաստանյալներ, «նուրսիստների» գործով երեք դատապարտյալներ և այլք:

Աշխատանքային խումբը պնդում է, որ քաղբանտարկյալների թիվն իրականում ավելի շատ է: Նոր ցուցակի տակ ստորագրել են ավելի քան 20 քաղբանտարկյալներ, ոչ-կառավարական կազմակերպությունների ղեկավարներ և իրավաբաններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: