Հայերեն   English   Русский  

Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ձմեռային տուրիզմի կենտրոն դառնալու համար


  
դիտումներ: 1195

Ձմեռային զբոսաշրջությունը հայտարարվում է պետական քաղաքականության կարևորագույն կողմերից մեկը, սակայն տուրիստական արդյունք ստեղծելու խնդիրը դրված է մասնավոր սեկտորի վրա:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:

«2017 թվականի համար ձմեռային զբոսաշրջությունը հայտարարվում է կարևոր ուղղություն: Էկոտուրիզմի ցանկացած ճյուղ նպաստում է ապակենտրոնացմանը, այդ թվում ձմեռայինը: Այն միտված է Երևանից զբոսաշրջիկներին դեպի մարզեր տանելուն»,-նշեց Զեյթունցյանը:

Նա նշեց, որ տուրիզմը միշտ էլ պահանջարկի վրա հիմնված ինդուստրիա է եղել: Երբ պահանջարկը ստեղծվում է, առաջարկը երկրի ներսում սկսում է ստեղծվել:Ձմեռային տուրիզմի առաջնային գրավականը ձյունն է. մարդիկ գալիս են ոչ թե պարզապես Հայաստանը տեսնելու, այլ ձմեռային զբոսաշրջային զբաղվածություն ունենալու համար. «Դահուկային սպորտի և դահուկներով զբոսանքների, քայլարշավների համար Հայաստանն ունի շատ բարենպաստ պայմանները: Դրա համար ընդամենը արահետներ է պետք գծել: Հայաստանն ունի բոլոր նախադրյալները համաշխարհային շուկայում ներկայանալու որպես ձմեռային տուրիզմի համար նախընտրելի վայր»:

Հայաստանում ձմեռային տուրիզմի հանդեպ մեծ հետաքրքրություն կա Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի զբոսաշրջիկների կողմից. «Իհարկե, Եվրոպայում կան շատ լավ վայրեր, սակայն զբոսաշրջիկները փնտրում են էկզոտիկա և հետաքրքրություններ»:

Հայաստանում ձմեռային զբոսաշրջությանը նպաստող գոտիներ են Ծաղկաձորը, Ջերմուկը, Շիրակի մարզը, Արագածը, Հատիսը, Արա լեռը:

Հանիպմանը ներկա «Շիրակ տուրս» կազմակերպության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը նշեց, որ Շիրակի Հյուսիսային հատվածն ամենացուրտն ու արևոտն է, այստեղ տարին յոթ ամիս ձյուն կա. «Ձմեռային զբոսաշրջություն սկսելու համար պետք է տեղացիները ձյունն ընդունեն որպես շատ հաճելի բան, ոչ թե սպասեն, թե երբ է այն հալվելու: Այսօր ամբողջ աշխարհում ձյան խնդիր կա: Ավստրիան և Շվեյցարիան, որոնք ձմեռային լավագույն կենտրոններն են, արհեստական ձյուն են օգտագործում, իսկ մենք Մեծ Սրբասար գյուղի մոտ ունենք մի հատված, որտեղ հունիս ամսին հրավիրում ենք դահուկային մրցումների: Երբ իմ ավստրիացի գործընկերները եկան Շիրակ, շատ զարմացան. ասացին՝ եթե այդքան ձյուն ունեք, ինչու հյուրեր չունեք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: