Հայերեն   English   Русский  

​Հայ ջութակահարն իրեն կանադացի երաժիշտ է զգում. Կանադան գնահատում է նրա տաղանդը


  
դիտումներ: 3477

Նոյեմբերի 30-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կկայանա կանադաբնակ ջութակահար Ռուբեն Կոսեմյանի համերգը: Ճանաչված երաժիշտը հայրենիքում տարիներ առաջ էր համերգով հանդես եկել, մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում, տարբեր հանդիսատեսի առջև նա ներկայացնում է ոչ միայն համաշխարհային դասականների երաժշտությունը, այլև հայկական անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նա Հայաստանում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հրավերով, իսկ այցը կազմակերպել է Canada Council for te Art կազմակերպությունը՝ նրան Հայաստան ուղարկելով իբրև կանադացի երաժիշտ:

Ռուբեն Կոսեմյանը ծնվել է Երևանում, ավարտել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, ապա տեղափոխվել Մոսկվա, որտեղ նախ սովորել է երաժշտական ուսումնարանում, հետո ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա, սակայն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան: Ավարտելուց հետո նա 13 տարի դասավանդել է կոնսերվատորիայում:

Այդ տարիներին Ռուբեն Կոսեմյանը հանդես էր գալիս աշխարհի տարբեր բեմերում (Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան, Կանադա, Մեքսիկա, Իրան, Թայվան և այլուր): Օտարերկրյա հանդիսատեսը շատ լավ էր ընդունում թե՛ հայկական երաժշտությունը, թե՛ հայ երաժշտին:

2010 թ. ջութակահարը որոշում է տեղափոխվել Կանադա: Որպես երաժիշտ նրան հետաքրքիր էր այլ երկրում փորձել հաջողությունների հասնել: «Եկավ մի պահ, և ես զգացի, որ Հայաստանում ամեն ինչ արել եմ, նույն տեղում մնալը երաժշտի համար շատ դժվար է: Եթե դու կատարող ես, հարկավոր է անընդհատ բեմի վրա լինել, դա շատ կարևոր է կատարողի համար»:

Չնայած նա կայացած երաժիշտ էր, նվագել էր աշխարհի տարբեր բեմերում, այնուամենայնիվ խոստովանում է, որ հեշտ չէր Կանադայում միանգամից գրավել երաժշտական աշխարհի ուշադրությունը և հաստատվել իբրև կատարող: «Շատ դժվարությամբ, բայց կարելի է ասել՝ հաջողվեց,- ասում է նա:- Ես սկսեցի փոքր դահլիճներից, ընկերներ ունեի, որոնց հետաքրքիր էր ինձ լսել: Թեկուզ փոքր խմբի համար, բայց դա նվագելու առիթ էր: Եվ կամաց-կամաց արդեն սկսեցին ինձ տարբեր դահլիճներում, նաև եկեղեցիներում նվագելու առաջարկներ գալ»:

Աստիճանաբար հայ երաժշտի տաղանդը գրավում է կանադական երաժշտական հանրությանը, որտեղ, ի դեպ, խաղի կանոնները որոշում են անգլիացիները: Եվ ահա նա հեղինակավոր բեմերում նվագելու առաջարկներ է ստանում: Այդ ընթացքում Կոսեմյանը շարունակում էր արտասահմանյան ուղևորություններն ու համերգները՝ իր համերգային ծրագրերում անպայման ներառելով նաև հայկական երաժշտություն:

2015 թվականից Ռուբեն Կոսեմյանը Կանադայի քաղաքացի է: Հարցին, թե ինչպես է իրեն զգում օտար երկրում, անկեղծ պատասխան է տալիս. «Ես ինձ երջանիկ եմ զգում: Եթե Հայաստանում լինեի, այդքան համերգների հնարավորություն չէի ունենա, հետևաբար ինձ երջանիկ չէի զգա: Ես շաբաթական առնվազն մեկ համերգ եմ ունենում, իսկ կատարողի համար դա երջանկություն է, դու պետք է անընդհատ այդ պրոցեսի մեջ լինես, պիտի անընդհատ զգաս բեմական հուզմունքը»:

2010 թվականից, ինչ մշտական բնակության է տեղափոխվել Կանադա, սա Ռուբեն Կոսեմյանի առաջին համերգային այցն է Հայաստան: Նախորդ տարի, օրինակ, Վրաստանից է հրավեր ստացել և համերգով հանդես եկել վրացի հանդիսատեսի առջև:

Առհասարակ նա մեծ ցանկություն ունի համերգներով հանդես գալ հայրենիքում, համագործակցել հայկական նվագախմբերի, դիրիժորների հետ, պահպանել կապը հայկական երաժշտական համայնքի հետ, բայց, չգիտես ինչու, հայկական կողմից նույն ոգևորությունն ու ցանկությունը չկա: «Մեկ տարի առաջ, օրինակ, Թոփչյանին եմ դիմել, բայց մինչ օրս արձագանք չեմ ստացել»,- ասում է ջութակահարը:

Միացյալ նահանգներում շուտով ձայնասկավառակ պետք է թողարկվի, Ռուբեն Կոսեմյանի ցանկությունն է Բրամսի կոնցերտը ձայնագրել Երևանում, նվագախմբերից որևէ մեկի հետ: Հույս ունի, որ իր այդ ցանկությանը գոնե կարձագանքեն: Նախորդ տարի, երբ եկել էր Հայաստան, հանդիպել է նաև Կոմպոզիտորների միության նախագահի հետ, առաջարկել իր համերգացանկում ներառել նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Բայց և այնպես ջութակահարը չի ուզում, որ իր ասածը բողոքի պես հնչի, չի ուզում որևէ մեկին մեղադրել կամ քննադատել, պարզապես հայ գործընկերների հետ համատեղ դրական գործեր կատարելու իր մեծ ցանկությունն է հայտնում: «Ես կվերադառնայի, եթե Հայաստանում ինձ հնարավորություն տրվեր աշխատելու, ստեղծագործելու, բայց այսօր ես ավելի շատ կանադացի երաժիշտ եմ: Ես այնտեղ բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված եմ: Ինչ վերաբերում է Հայաստանում հաճախակի համերգներ տալուն, ապա ես միշտ պատրաստ եմ. թող լինի հրավեր, թող լինի արձագանք, սիրով կհամագործակցեմ»:

Նշենք նաև, որ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը ՀՀ վաստակավոր արտիստ, ալտահար, մանկավարժ Ալեքսանդր Կոսեմյանի որդին է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: