Հայերեն   English   Русский  

​Բանկային հաշիվ


  
դիտումներ: 3005

Նախորդ համարումներկայացրինք բանկային հաշվի համառոտ պատմությունը, դրա նշանակությունն ու էական կողմերը: Շարունակելով բանկային հաշվի թեման՝ այս համարում կանդրադառնանք բանկային հաշվին առնչվող այլ կարևոր հարցերի:

Նախ և առաջ խոսենք բանկային հաշվի պայմանագրի մասին: Չէ՞ որ հենց բանկային հաշվի պայմանագիրն է առաջացնում բանկային հաշվի հետ կապված իրավահարաբերություններն ու փաստացի կապը բանկի և հաճախորդի միջև:

Բանկային հաշվի պայմանագիրը գրավոր պայմանագիր է: Այն նաև հրապարակային պայմանագիր է: Իսկ ի՞նչ է նշանակում հրապարակային պայմանագիր: Հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն: Մեր դեպքում բանկը պարտավոր է բանկային հաշվի պայմանագիր կնքել յուրաքանչյուր հաճախորդի հետ, որը առաջարկել է հաշիվ բացել տվյալ տեսակի հաշիվների համար բանկի հայտարարած պայմաններով, որոնք համապատասխանում են օրենքով նախատեսված պահանջներին և դրան համապատասխան սահմանված բանկային կանոններին: Բանկը կարող է մերժել հաճախորդի հաշիվ բացելու առաջարկը միայն այն դեպքում, երբ բանկը նման ծառայություն մատուցելու հնարավորություն չունի կամ թույլատրվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով: Եթե բանկն անհիմն մերժում է հաճախորդի՝ բանկային հաշվի բացման վերաբերյալ պայմանագիր կնքելու առաջարկը, ապա վերջինս իրավունք ունի դիմելու դատարան՝ պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջով, ինչպես նաև պահանջելու բանկից հատուցել պայմանագիրը չկնքելու հետևանքով իրեն պատճառված վնասները:

Ի՞նչ ժամկետներում է բանկը պարտավոր կատարել հաշվով գործառնությունները:

Հաշվով գործառնությունները բաժանվում են երկու խմբի՝ հաճախորդի հաշվին դրամական միջոցների մուտքագրում և հաճախորդի հաշվից դրամական միջոցների ելքագրում: Օրենքը հստակ սահմանել է այս երկու խումբ գործառնությունների համար նախատեսված ժամկետները: Այսպես, բանկը պարտավոր է հաճախորդի հաշվին մուտք եղած դրամական միջոցները մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք գործելու հաջորդ օրը, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով:

Նույն կանոնը գործում է նաև հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տալուն կամ փոխանցելուն: Բանկը պարտավոր է հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տալ կամ փոխանցել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք գործելու հաջորդ օրը, եթե այլ ժամկետներ նախատեսված չեն օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկային հաշվի պայմանագրով:

Շարունակելի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: