Հայերեն   English   Русский  

Հարություն Նազարյան. «Պարտությունն ուժեղ մարզիկներին նոր թևեր է տալիս»


  
դիտումներ: 1693

Նոյեմբերի 14-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ կանանց բռնցքամարտի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը, որին մասնակցում էր Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը (51 կգ)՝ բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ:

Մեր մարզուհին պայքարը սկսեց 1/8 փուլից և, ըստ վիճակահանության, առաջին մենամարտն անցկացրեց Հոլանդիայի ներկայացուցիչ Ալիսիա Հոլզկենի հետ: Այս մենամարտում Անուշն ուներ բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհեցին հոլանդացուն: Մարզչի խոսքով՝ իրենց մարզիկի հաղթանակի կապակցությամբ զարմացած էին նույնիսկ հակառակորդի մարզչական անձնակազմի անդամները:

«Անկախի» հետ զրույցում Հարություն Նազարյանն իր վրդովմունքն է արտահայտում անարդար մրցավարության դեմ, միաժամանակ, լավատեսորեն տրամադրված, առաջարկում է համառ աշխատել՝ փորձելով մի քանի գլուխ բարձր լինել հակառակորդից:

- Պարո՛ն Նազարյան, Սոֆիայում ընթացող Եվրոպայի կանանց բռնցքամարտի առաջնությունում խայտառակ մրցավարության պատճառով մեկնարկային մենամարտից հետո պայքարից դուրս մնաց Հայաստանի միակ ներկայացուցիչը: Որպես ավագ մարզիչ՝ ինչպե՞ս եք գնահատում Անուշ Գրիգորյանի ելույթը:

- Լավ պատրաստված, բարձր տրամադրությամբ էինք մեկնել Սոֆիա: Կարելի է ասել, որ վիճակահանությունն էլ մեր օգտին էր: Անուշի մրցակցուհիներն իրենից թույլ էին, երբևէ մրցանակակիրներ չէին եղել, և ենթադրվում էր, որ անպայման մեդալ կունենանք:

Անուշ Գրիգորյանի մրցակիցը հոլանդացի էր: Մեր մարզուհին թե՛ տեխնիկապես, թե՛ տակտիկապես ուժեղ էր հակառակորդից: Առաջին ռաունդում ընդամենը 15-20 վայրկյան պահանջվեց մրցակցին ուսումնասիրելու և վիճակը ճիշտ գնահատելու համար: Հետագայում և մնացած բոլոր մրցափուլերում Անուշը գործեց գերազանց և ակնհայտորեն հաղթում էր:

Ընդմիջումների ժամանակ նրան ցուցումներ էի տալիս: Չկար կաշկանդվածություն: Վստահ էինք, որ հաղթանակը մերն է: Երրորդ ռաունդում անգամ եղավ պահ, որ հոլանդացին ընկավ, սակայն մրցավարը հաշիվ չբացեց: Հաղթանակը կասկածից վեր էր:

Բուլղարիայի հավաքականի ավագ մարզիչն ինձ հետ այս գոտեմարտին հետևում էր որպես երկրորդ մարզիչ և ինձ վստահաբար ասում էր, որ հաղթանակը մերն է:

Նշեմ, որ մեզ աջակցելու էին եկել բազմաթիվ հայ երկրպագուներ: Նրանց թվում էր նաև 1996 թվականի Ատալանտայի ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն Արմեն Նազարյանը: Ողջ դահլիճը սուլում էր, երբ մրցանակը տվեցին հոլանդացիներին: Հանդիսատեսը միաձայն վանկարկում էր՝ Արմենիա:

Երբևէ մրցավարների կայացրած որոշումներին դեմ չեմ գնացել: Բայց այս պարագայում կողմնակալությունն ակնհայտ էր, և դա բոլորը տեսան: Մենամարտից հետո բոլորը մեզ քաջալերում էին: Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի, անգամ Թուրքիայի մարզիչները, առանձին-առանձին մոտենալով մեզ, հաստատեցին, որ Անուշն է հաղթողը:

Դժվար է, երբ մրցման ժամանակ կողքիդ չեն լինում երկրորդ մարզիչ, մրցավար և այլ մասնագետներ:

- Եվրոպայի առաջնության ժամանակ այլ մենամարտերում անարդար մրցավարության միտումներ նկատեցի՞ք: Հնարավո՞ր է պայքարել կողմնակալության դեմ:

- Ցավալի է, բայց Եվրոպայի առաջնությունը վերածվել էր իսկական առևտրի: Ով լծակներ ուներ՝ կարողացավ մեդալ նվաճել: Տարբեր քաշային կարգերում, ցավոք, եղան նմանատիպ դեպքեր: Կան պետություններ, որոնք կարող են մենամարտեր վերցնել, ցավալին դա է: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:

Մյուս պետությունները չեն կարող իրենց վրդովմունքն արտահայտել, քանի որ ամեն մեկն իր հերթին անմաքուր քայլեր է կատարել, անազնիվ որոշումներ կայացրել:

Առաջնությունը սկսվելուց մեկ օր առաջ ժողով տեղի ունեցավ: Ես իմ ելույթում ցանկություն հայտնեցի, որ մենամարտերում հաղթի ուժեղագույնը և անարդար մրցավարության զոհ չդառնան մեր մարզիկները: Նաև նշեցի, որ Հայաստանի պատվիրակությունը փոքր է, մենք մրցավար, խմբի ղեկավար և այլ մասնագետներ չունենք, ուստի մեզ մնում է հուսալ, որ կմրցենք արդար պայմաններում: Ցավոք, բռնցքամարտում մրցավարների որոշումը բողոքարկել հնարավոր չէ: Կար ժամանակ, երբ հնարավոր էր վերցնել տեսագրությունը՝ 500 եվրո վճարելով: Այդ ընթացակարգն այժմ չի գործում:

Տարեվերջին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կարող է դիմել միջազգային ֆեդերացիային՝ երևույթն անուշադրության չմատնելու համար: Բայց հարցին էական լուծում չի տրվի:

- Մարզիկները, փաստորեն, ստիպված են պայքարել ոչ միայն մրցակցի, այլև մրցավարի դեմ: Պարտությունն ավելի ցավալի է, երբ հաղթանակը պարզապես վերցնում են ձեռքիցդ: Անուշ Գրիգորյանը շարունակելո՞ւ է պայքարը:

Հարություն Նազարյան

- Առաջին օրերին կար հուսահատություն և ընկճվածություն: Բայց շրջապատի վերաբերմունքն Անուշին ոգևորել է: Նա պատրաստ է ավելի առաջ գնալ:

Մեր մարզուհին աշխարհի, նաև օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալու բոլոր հնարավորություններն ունի: Շատ մարզիկներ կան, որոնք անարդարության և կողմնակալության պատճառով պարտություն են կրել: Բայց այդ պարտությունը նոր թևեր է տվել, ավելի ուժեղ դարձրել:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանն Անուշիկին մի շարք խորհուրդներ տվեց՝ ասելով, որ ինքը գոտեմարտեր է ունեցել, երբ անարդար են եղել մրցավարները, բայց այդ ամենը նոր հաղթանակների խթան է դարձել: Այս հանդիպումը դրական լիցքեր հաղորդեց Անուշին: Նա հասկացավ, որ անգամ ուժեղագույնները բախվում են այս խնդրին: Այժմ Անուշն ավելի, քան երբևէ, ոգևորված է:

Ես զրուցել եմ Անուշի հետ ու ասել, որ հետագայում, ում ղեկավարությամբ էլ մարզվի, ես ցանկանում եմ տեսնել նրա օլիմպիական մեդալը: Նա ունի բոլոր հնարավորությունները, ֆիզիկապես շատ ուժեղ մարզուհի է և կարող է բոլոր դժվարությունները հաղթահարել: Հարկավոր է ընդամենը ցանկանալ և անկոտրում կամք դրսևորել:

Յուրաքանչյուր մարզիկից կարող են հաղթանակը խլել: Պետք է այնպես հաղթել, որ մրցավարները չկարողանան միջամտել: Հարկավոր է մրցաշարերի մեկնել մեծ պատվիրակությամբ, որպեսզի մեզ հետ էլ հաշվի նստեն: Այս հարցի վրա պետք է սևեռել ուշադրությունը:

- Շուտով կլրանա մեկ տարին, ինչ սկսել եք աշխատել բռնցքամարտի կանանց հավաքականում որպես ավագ մարզիչ: Ինչպե՞ս կգնահատեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքը:

- Տարվա ընթացքում մի քանի մրցաշարերի մասնակցեցինք: Մեդալների առումով այն արգասաբեր չեղավ, բայց մենք կարողացանք ստեղծել կանանց հավաքական թիմ, որն աշխատանքի դեպքում կարող է հաջողություններ ունենալ:

Պարտություններից դասեր քաղեցինք, սխալներից ու թերացումներից հետևություններ կանենք հետագայում: Ընդհանուր առմամբ դրական տեղաշարժեր նկատվում են, որոնք հարկավոր է զարգացնել, առաջ շարժվել և սխալները չկրկնել: Մենք Բուլղարիայից վերադարձել ենք հաղթողի ոգով և հաղթելու անհագ ցանկությամբ:

Բռնցքամարտը բարդ մարզաձև է: Հարկավոր է մշտապես պայքարել: Կարող եմ վստահաբար ասել, որ մեր աղջիկները, զբաղվելով բռնքամարտով, չեն կորցնում իրենց քնքշությունն ու կանացիությունը: Բայց և դրսևորելով անկոտրում կամք՝ հաստատուն քայլերով գնում են դեպի հաղթանակ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: