Հայերեն   English   Русский  

Հայ պատանի շախմատիստների հետ աշխատում են փորձառու գրոսմայստերներ. Միքայել Անդրեասյան


  
դիտումներ: 704

2016 թվականը հայկական և համաշխարհային շախմատի համար բուռն տարի էր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը:

«Այս տարի մեր պատանի շախմատիստները միջազգային մրցաշարերում կարևոր հաղթանակներ տարան: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, այս տարի մեդալներն ավելի շատ էին, քանի որ պատանիները հաջողությունների հասան Եվրոպայի և աշխարհի առաջնություններում»,- նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Նա ընգծեց, որ վերջին տարիներին Շախմատի ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է տանում աշխարհի չեմպիոնների մակարդակին հասնող շախմատիստներ պատրաստելու համար:

Ներկայումս պատանեկան հավաքականի մարզիչն է ԽՍՀՄ վերջին չեմպիոն Արտաշես Մինասյանը: Նա շատ լուրջ աշխատանք է տարել երիտասարդների հետ, և, Անդրեասյանի խոսքով, գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ նրա կատարած աշխատանքը դրական արդյունք է տալիս: Երեխաների հետ աշխատում է նաև Հայաստանի կրկնակի չեմպիոն Աշոտ Անաստասյանը: Նա նաև Հայկ Մարտիրոսյանի անձնական մարզիչն է: Մանուէլ Պետրոսյանի հետ աշխատում է Արման Փաշիկյանը: Նրանց նպատակն է պատանիների հետ բարձր մարզական հաջողություններ հասնելը:

«Նախկինում այդ գրոսմայստերենրը չեն աշխատել միջանկյալ դիրքում գտնվող շախմատիստների հետ: Խոսքը վերաբերում է 2600-2700 վարկանիշ ունեցող երիտասարդներին: Նրանց հետ աշխատանք չի տարվել այնպես, ինչպես հիմա: Կարծում եմ՝ այդ գիտելիքների բազան, որը կփոխանցվի փորձառու գրոսմայստերներից պատանիներին, կօգնի հասնել բարձր արդյունքների»,- նշեց Միքայել Անդրեասյանը:

Նա հավելեց, որ միայն այդ աշխատանքը բավարար չէ. «Շախմատիստները պետք է ինքնուրույն շատ աշխատեն: Օրական առնվազն պետք է 8-10 ժամ տրամադրել շախմատին, որպեսզի հասնեն Մագնուս Կարլսենի կամ Լևոն Արոնյանի արդյունքներին: Նրանք հենց այս տարիքում վստահաբար շատ են աշխատել այդ բարձունքին հասնելու համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: